
Մշակվել է Կիպրոսում Մելքոնյան վարժարանի վերաբացման հայեցակարգ
Վարժարանը չվերաբացելու դեպքում կոչնչանա նաև ազգային կտակների ինստիտուտը
«Այսօր սփյուռքում էլ մենք վարժարան չունինք: Մի հատ Մելքոնյան վարժարան ունեինք, դա էլ փակվեց Կիպրոսում:
Եվ բոլոր գաղթօջախների մեջ ահավոր վիճակ է, կրիզիսը բոլորին ոչնչացրել է, և այսօր շատ ակտուալ է դպրոցի հարցը»,- դեկտեմբերի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի» ՀՁ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Մխջյանը: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն արձագանքեց, որ իրենք «Այբ» կրթական հանգույցի շրջանակներում Մելքոնյան վարժարանի վերաբացման հայեցակարգ են մշակել: «Այդ առաջարկությունը արդեն ուղարկվել է քննարկման Հայկական ընդհանուր բարեգործական միության, որպեսզի իրենք վերանայեն այդ տարածքը վաճառելու իրենց որոշումը, և բավականին լուրջ կրթական համակարգի մասին է խոսքը` ոչ թե Մելքոնյանը ուղղակի վերաբացելու, այլ Մելքոնյանի հենքի վրա լուրջ համահայկական դպրոցի հիմնելու, որից դուրս եկող երեխաները կարող են նվաճել ամենամեծ բարձունքները»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա խոսքերով` սփյուռքի և Հայաստանի միջև փոխըմբռնման խորացման տեսանկյունից Մելքոնյան վարժարանը հրաշալի վայր է: Այն Հայաստանից 1,5 ժամ, Լիբանանից 40 րոպե, Եվրոպայից 1 ժամ հեռավորության վրա է, իդեալական բնակլիմայական պայմաններ ունի: «Ես անձամբ եմ գնացել Մելքոնյան վարժարան, նայել: Ուղղակի այդ մարդիկ 2 հատ փոքր տուն են իրենց համար սարքել և հսկա այդ կրթական հաստատությունը: Այդ մարդկանց գերեզմաննե՞րը ինչ պիտի անես. գերեզմանները այդտեղ են: Դա փակելով` մենք նաև մի այնպիսի հարված կհասցնենք մի կարևոր գաղափարի` ազգային կտակների ինստիտուտը ուղղակի կոչնչացնենք: Մարդը հսկա կտակ է թողել (որը հայտնի չէ դեռ, թե ուր է), որպեսզի այդ դպրոցում սովորելու ֆինանսական խնդիր էլ չլինի: Եվ այսօր փաստորեն որոշում է կայացվել դրա փակման, և օրը ցերեկով ամբողջ ժողովրդին (կներեք, որ այդպես եմ ասում) կերցրին այդ գաղափարը, եկան, համոզեցին, որ «կծախենք, կգանք 5 հատ հայկական դպրոց կսարքենք»»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա ընդգծեց, որ Մելքոնյան վարժարանի փոխարեն նոր հայկական դպրոցներ կառուցելը անընդունելի է, քանի որ վարժարանը 85 տարվա պատմություն ունի: Բացի դրանից, Տեր Մեսրոպի խոսքերով` Եվրամիության որևէ այլ երկրում այնպիսի բացառիկ վերաբերմունք չկա հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես Կիպրոսում: «Կիպրոսը վտանգված լեզուների պաշտպանության ծրագրում նաև ստանձնել է արևմտահայերենի պաշտպանության ծրագիրը, որը նշանակում է, որ Եվրամիությունը պատրաստ է, ըստ իրենց ընդունված սկզբունքների, լուրջ գումարներ ծախսել Կիպրոսում այն դպրոցի վրա, որը կզբաղվի արևմտահայերենի պաշտպանության խնդիրներով»,- ասաց Տեր Մեսրոպը: «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկումը նվիրված էր հիմնադրամի խոշորածավալ ծրագրին` «Այբ» կրթական հանգույցի ստեղծմանը, որը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը: Րաֆֆի Մխջյանի համոզմամբ` սփյուռքին ևս պետք է այս ծրագրում ընդգրկել: «Ուզում եմ այստեղ օրինակ բերել իմ զավակիս խնդիրը, որը այսօր 16-17 հզ. կմ ճանապարհ է կտրում` դպրոց գնալու համար Թայլանդի Թագավորությունում: Եվ երբ 3 տարի առաջ իմ տղան գնաց, 7 հոգով էին ընդամենը, այնտեղ էլ 3 հոգի կար` 11 հոգի էին: Իսկ այսօր 50 հոգի Հայաստանից գնացել են, Թայլանդում սովորում են: Ինքս էլ այնտեղ շատ բաներ եմ սովորում իրենց հետ: Ամեն մեկ իրենց գնալ-գալը ինձի համար մեծ հոգեկան ապրումներ է: Նմանատիպ դպրոց եթե իրականանա, վստահ` ոչ մեկս դրսում չէինք փնտրի այդ դպրոցը, որ այդ կրթությունը տայինք մեր զավակներին»,- ասաց Րաֆֆի Մխջյանը: Նա հավելեց, որ իր որդին հրաժարվել է «Անանիա Շիրակացի» վարժարանում սովորելուց և ցանկացել այլ երկրում սովորել` պատճառաբանելով, որ «այստեղ կրթություն չկա»: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշեց, որ «Անանիա Շիրակացի» վարժարանը եղածների մեջ լավագույններից է: «20 տարի հետ մնալ համաշխարհային կրթական զարգացումներից, նշանակում է ուղղակի նախնադարում հայտնվել: Մենք այսօր, ցավոք սրտի, այդ վիճակում ենք: Դպրոցի գաղափարը մեզ համար էքզիստենցիալ է եղել: Բանակներ չենք ունեցել, հզոր մակրոկառույցներ այս ժողովուրդը չի ունեցել: Դպրոցով է, որ մենք գոյատևել ենք: Եկեղեցին իր սրտում փայփայել է, զարգացրել է այդ դպրոցի գաղափարը: Նույնիսկ մեր վանքերը, հայեցողական կենտրոններից ավելի, եղել են համալսարանական կենտրոններ: Շատ զարմանալի զարգացում է ընդհանրապես ունեցել նաև հայ վանական կյանքը այս կապակցությամբ, որովհետև հասկացել են, որ կրթությունը միակ ճանապարհն է, որ մենք գոյատևենք: Եվ այսօր կանգնած ենք այս կոտրած տաշտակի առջև: Խեղդվում է կրթությունը այս կաշառակերության ճահիճներում»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել