
Նոյեմբերի 26-ին կայացած դրամահավաք-հեռուստամարաթոնի ընթացքում դրամական խոստումներ են տվել հայ բիզնեսմենների մոտ 90 տոկոսը, սակայն հանգանակված գումարը, նախորդ տարվա համեմատությամբ, բավականին նվազել է: Այս կապակցությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ դրամի չափը:
«Բիզնեսմենն ինքն է որոշում դրամի չափը, այս տարի ավելի քիչ գումար են տվել, բայց ավելի շատ են մասնակցել են, դա նշանակում է, որ վստահություն կա հիմնադրամի նկատմամբ: Անցած տարի Սամվել Կարապետյանը 15 միլիոն դոլար էր տվել, այս տարի` մեկ միլիոն, դժվար է ամեն տարի 15 միլիոն նվիրատվելը»,- ասում է Արա Վարդանյանը:
Գործադիր տնօրենի խոսքով` այս տարի ավելի շատ խոստումներ են եղել, քան հայտարարված մոտ 16 միլիոն դոլարը: «Մենք բոլոր խոստումները չենք հայտարարել, որովհետեւ համոզված չենք եղել, որ դրանք կկատարվեն: Օրինակ` մի քանի օրից մի զույգ է գալու Հայաստան 250 հազար դոլարի նվիրատվություն կատարելու, բայց մենք դա չէինք հայտարարել» ,- ասում է Վարդանյանը:
Ըստ այսօր հրապարակված նվիրատուների ցուցակի` ամենախոշոր գումարը ստացվել է Ֆրանսիացի Եզնիկ Մոզյանի հետմահու կտակից` 2 միլոին 250 հազար ԱՄՆ դոլար, եւս մեկ կտակ ստացվել է Մեծ Բրիտանիայից. Կարապետ Նազարյանը հիմնադրամին է փոխանցել մեկ միլիոն դոլար:
Խոշոր նվիրատուների ցանկում են նաեւ Մուրադյանների ընտանիքը` 600 հազար դոլար, «Զանգեզուրի խղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն` 500 հազար դոլար, Միխայիլ Բաղդասարովը` 300 հազար դոլար, Գրիգորյանց Վիտալին, Վարդանով Վարդանը` յուրաքանչյուրը 250 հազար դոլար, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, Վալերի Մեժլումյանը` յուրաքանչյուրը 200 հազար դոլար, Արա Աբրահամյանը` 150 հազար ԱՄՆ դոլար, եւ ուրիշներ:
Դրամահավաքից ստացված գումարի 70 տոկոսը օգտագործվելու է Շուշիի հիմնանորոգման համար: Հայաստան համահայկական հիմնադրամը հաջորդ տարի կկազմակերպի լրագրողական այցեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպեսզի լուսաբանվի կատարվող աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել