
Անասուններն անցնո՞ւմ են Ադրբեջանի սահմանը, թե՞ «անհետանում» են սահմանագծին
2007 թվականից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներն ապրում են ահ ու սարսափի մեջ: Գյուղը Ադրբեջանի Ալբալու եւ Հաջալու գյուղերից հեռու է ընդամենը 700 մետր եւ վերջին 2 տարում համայնքի տարածքից կատարված անասնագողության 8 դեպքը տագնապի մեջ է պահում գյուղացիներին:
Նրանք մտավախություն ունեն, որ գողացված անասուններն անցնում են ադրբեջանական սահմանը եւ մի օր էլ ազերիները, անցնելով սահմանը, հնարավոր է մարդկանց առեւանգեն: Ասլան Ադամյանը «Հետքին» պատմեց, որ անցյալ տարի իր անասնագոմից գողացել են 7 ոչխար, ու ոստիկաններն այդպես էլ չեն բացահայտել գողության դեպքը:
«Մի գիշերվա մեջ իմ գոմը դատարկել-տարել են: Միլիցեն ասում ա` ման ենք գալիս, որ գտնենք: Հետաքրքիր ա, էդ ո՞նց են ման գալիս, որ մինչեւ հիմա ոչ մի բան չեն գտել»,- ասաց Ասլան պապը: Նրա կարծիքով` գյուղից գողացված անասուններն անցել են Ադրբեջանի սահմանը: «Չգիտեմ, թե ով ա գողանում-տանում, բայց գողացած անասունները մինչեւ սահման են հասնում, ու ընդեղից հետքը կորում ա»,- համոզված է Ասլան պապը: Նոյեմբերի 21-ին Ներքին Կարմիրաղբյուրից դարձյալ գողություն էր կատարվել. տարել էին Ներսես Ադամյանի 18 կովերը` նրան պատճառելով 3 միլիոն դրամի նյութական վնաս: «Վերջին 2 տարվա ընթացքում ես գյուղից 8-րդ մարդն եմ, ում գոմը դատարկում են: Մնացած 7 գյուղացիների գործերի քննությունը դադարեցված է` որպես չբացահայտված գործ, նույն ճակատագիրն էլ ինձ ա սպասվում: Իմ դեպքից հետո մի 2 անգամ գնացել հարցրել եմ քննիչին, անունը Հունան ա: Ասում ա, թե իմ գործով զբաղվում ա: Ես էլ ասում եմ` ես 8-րդ մարդն եմ, որ զբաղվում եք, բա էն մնացած 7-ին ի՞նչ եք արել: Ոստիկաններն ասում են, թե անասուններն անցել են սահմանը, մենք գործ չունենք, զինվորականներն էլ ասում են, որ մեր սահմաններով ծիտն էլ անց չի կենում եւ այդ մասին ընդհանրապես չխոսենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ներսեսը: Նրա պատմելով` անասնագոմում ունեցել է 23 կով եւ մեկ հորթ: Նոյեմբերի 21-ի գիշերը 23 կովերին հանել են գոմից եւ քշել արտերի միջով: Ճանապարհին 5 կովը փախել է, առավոտյան դաշտերից են դրանց գտել:
«18 կովի հետքը տանում ա հայ-ադրբեջանական սահմանը` Այգեպար գյուղի ուղղությամբ: Մենք չենք կարող սահմանին մոտենալ, որովհետեւ կրակում են: Հաստատ չգիտենք` կովերն անցե՞լ են սահմանը, թե՞ օդ են թռել, բայց հետքը սահման է տանում: Ադրբեջանցիների հետ պապական հարեւաններ ենք, բայց ըտենց դեպք չի եղել, որ իրանք գան ստեղից գողություն անեն: Հայերը գողացել, տարել տվել են ադրբեջանցուն, նույնն էլ իրանք են գողացել, տվել հայերին: Էս վերջին 2 տարում ա էս ամեն ինչը սկսվել: Մենք էլ մտածում ենք` թեկուզ ադրբեջանցին էլ գա գողանա, ուրեմն ստեղից մարդ կա, որ օգնում ա իրանց»,- ասաց Ներսեսը: Նրա փոխանցմամբ` գյուղում կատարված անասնագողության առաջին դեպքից հետո Ներքին Կարմիրաղբյուրում ոստիկանությունը հերթապահություն է սահմանել, բայց նույնիսկ այդ պայմաններում գողությունները շարունակվում են: «Ես ամեն գիշեր դուրս եմ գալիս, նայում եմ, որ միլիցեքը հսկողություն են իրականացնում, ասում են` արխային, մենք ստեղ ենք: Ես էլ չեմ կարա ամեն օր գիշեր-ցերեկ հերթապահություն անեմ, բայց էլի չեմ համբերում, գիշերները դուրս եմ գալիս: Միլիցեքն էլ ինձ ասել էին, որ դրսի լույսը միացրած թողնեմ: Գողության օրը գիշերվա ժամը 3-ին դուրս եկա, լսեցի, որ գոմում կովը բառաչում էր, հետո ինձ թվաց, թե գոմի մեջ լույս ա վառվում: Միլիցեքն էլ իմ գոմից մի քիչ հեռու ավտոյով կանգնած էին ու, ինձ տեսնելով, իրանց ավտոյի լույսերը գցեցին գոմիս վրա: Տեսա, որ միլիցեքը կանգնած նայում են, արխային եղա ու տուն մտա: Որ միլիցեքը իրանց ավտոյի լույսը վառեցին, մտածեցի` ինձ են բան հասկացնում, թե ստեղ ենք, հանգիստ գնա տուն: Առավոտը գնացի, տեսա կովերս չկան: Ես նոր եմ հասկանում, որ ես դուրս եկա նայելու, գոմիս մեջի լույսը ոչ թե ինձ թվացել էր, այլ իրականում լույս ա եղել գոմի մեջ»,- պատմեց Ներսեսը:
Նրանից հետաքրքրվեցի, թե ինչ է մտածում այն մասին, որ ոստիկանների աչքի առջեւից 18 գլուխ անասունը գողացել են: «Ես չեմ` դու ես, ի՞նչ կմտածես: Ոստիկանները ներքեւում կանգնած էին, իրանք էլ գիտեին, որ գյուղի վերջում մենակ իմ անասուններն էին մնացել` բոլորինը գողացել էին: Ոստիկանները գալիս-հարցնում են, թե` ի՞նչ կարծիքի ես` սահմանն անցե՞լ են անասունները, թե չէ: Ես էլ ասում եմ` հա, հնարավոր ա, որ սահմանն անց կացնեն: Իրանք էլ ասում են` ֆսյո, կովերի տերն ասել ա` սահմանն անց են կացրել ու վերջ: Զինվորականներն էլ ինձ ասում են` ասա, թե կովերը սահմանն անց չեն կացել: Ես էլ ասում եմ` այ տղա, դա իմ ասելով ա` անց ա կացել սահմանը, թե չէ: Էս 2 տարի ա գյուղը դատարկում են անասուններից, մասնագետ պետք ա զբաղվի դրանով: Սահմանապահները միլիցեքի վրա են գցում, միլիցեքն էլ` սահմանապահների»,- պատասխանեց Ներսեսը:
Նրա ասելով` վերջերս նախարարությունից «մարդ էր եկել» (Ներսեսին չէին ներկայացել, թե որ նախարարությունից են) ու իրեն էլ են հրավիրել, որպեսզի պարզեն, թե ինչպես է 18 գլուխ կովը մի գիշերվա մեջ գոմից անհետացել: Ներսեսի պատմելով` իր եւ զինվորական գնդապետի միջեւ ծեծկռտուք էր սկսվելու, եթե իրենց չբաժանեին:
«Ասում էր, թե կովերս սահմանով չեն անցել, որովհետեւ տարածքն ականապատված ա: Ինձ ասում ա` եթե ասում ես որ սահմանով են անցել կովերը, գնա անցի, տենամ դու կարա՞ս էդ տարածքով անցնես: Իմ կարծիքով` իրանք ոչ թե մասնագիտորեն են զբաղվում այս հարցով, այլ մտածում են, թե ինչ անեն, որ իրանցից գցեն ու պրծնեն»,- համոզված է Ներսեսը: Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանն էլ «Հետքին» փոխանցեց, որ չի կարող ասել` անասուններին անցկացրե՞լ են սահմանը, թե՞ ոչ:
«Եթե աչքովս չեմ տեսել, ոչ մի բան չեմ կարող ասել: Այդ մասին ամենաբարձր ատյաններում տեղյակ են: Եկել են իրենց ուսումնասիրությունները կատարել են: Իրավասու մարմիններին տեղյակ ենք պահել ոչ թե մի անգամ, այլ 2007 թվականից»,- ասաց Մ. Կամենդատյանը:
«Ձեզ չի՞ անհանգստացնում, որ գյուղում նման լարվածություն է առաջացել»,- հարցրինք համայնքապետին: «Առաջին հերթին դա ինձ է անհանգստացրել, դրա համար էլ նամակ ենք գրել, Կառավարությունից մարդ է եկել գյուղ»,- պատասխանեց Մ. Կամենդատյանը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ Տավուշի տարածաշրջանում այս տարի կատարվել է անասնագողության 15 դեպք, որից 11-ը բացահայտվել է: Ա. Մալխասյանի ասելով` բոլոր գյուղերում էլ ոստիկանների կողմից իրականացվում է հսկողություն: Ոստիկանության աշխատակիցը Ներքին Կարմիրաղբյուր համայնքում վերջին 2 տարիների ընթացքում կատարված եւ չբացահայտված 8 անասնագողության վերաբերյալ կոնկրետ որեւէ բան չհայտնեց` ասելով, թե վարկածներ չի կարող ասել:
«Էլի եմ ասում, այս տարվա 15 դեպքից 11-ը բացահայտվել է: Հետեւությունը թողնում եմ ձեզ»,-պատասխանեց Ա. Մալխասյանը:
Մեկնաբանել