
Այսօր առավոտյան, լսելով Վարչական դատարանի վճիռը, որով բավարարվեց Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը, փաստաբան Լուսինե Սահակյանը բացականչեց. «Մնաց Նիկոլին արդարացնեն»: Պատասխանելով լրագրողների հարցերին` Փաշինյանի փաստաբանն ասաց, որ դատաքննության ավարտին դատավորի տված հարցերից կարելի էր ակնկալել, թե նման վճիռ կլինի: «Բայց ճիշտն ասած` ես վաղուց Հայաստանի Հանրապետությունում օրինական դատական ակտ չէի սպասում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
«Թե ինչով էր պայմավանորված այս դատական ակտը, ես չեմ կարող ասել, բայց եթե Հայաստանում արդեն օրենքը սկսել է գործել եւ օրինական դատական ակտեր ենք մենք ակնկալում, ապա հաջորդ դատական ակտը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի արդարացումը»,- նշեց փաստաբան Սահակյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի շահերը ներկայացնող Դավիթ Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, թե դատարանի այս որոշումը կայացվել է Բաղրամյան 26 հասցեում: «Ես ուզում եմ կապ տեսնել նաեւ քրեական գործի հետ, երեկ մեղադրողը հրաժարվեց 25 վկաներից, սա նշանակում է, որ այս երկրում ինչ-որ բան է կատարվում»,- ասաց Դավիթ Մաթեւոսյանը եւ նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է արագ մոբիլիզացվի եւ ապահովի Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հունվարի 10-ին կայանալիք պատգամավորության ընտրություններում:
Դավիթ Մաթեւոսյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գրանցելու համար բոլոր փաստաթղթերը պատրաստ են, մնում է միայն Իջեւանի ոստիկանությունից տեղեկանք վերցնել. «Կարծում եմ` եւս մեկ անգամ Իջեւան գնալը դժվար չի լինի, Նիկոլի համար կարելի է Սիբիր գնալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել