
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայադ Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2009 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է` համեմատած 2008 թվականի նույն ժամանակահատվածի հետ:
«Շարունակվել է ակտիվ աշխատանքը հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, որի արդյունքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը կտրուկ աճել է` 57 տոկոսով կամ 3894 դեպքով»,- հայտարարեց ոստիկանության գնդապես Ս. Շիրինյանը:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձանցից 1332-ը, գրանցվել են կոռուպցիայի 398 դեպք, որից 342-ը բահայատվել է: Կանանց պոռնկության ներգրավման եւ շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 12 դեպք է բացահայտվել:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ վիճակագրություն այն մասին, թե 2009 թվականին ոստիկանության կողմից բռնի ուժով բողոքի քանի ակցիա է արգելվել, Սայադ Շիրինյանը պատասխանեց. «Հարցն ինքնին պրովոկացիոն է, ի՞նչ է նշանակում ոստիկանության կողմից բռնություն կիրառելու վիճակագրություն: Ոստիկանությունը միշտ իր իրավասությունների շրջանակում է գործում եւ ապօինություն չի կատարում»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետը վստահեցրեց, որ մամուլի հրապարակած հանցագործության յուրաքանչյուր դեպք հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել