
Վարչության պետը «սկզբունքորեն» չի մեկնաբանում իր որոշումը
Սեպտեմբերի 4-ից մեկնարկել է տեղական ինքնակառավարման համակարգի (ՏԻՄ) ներդրման 15-ամյակին նվիրված միջմարզային մշակութային մրցույթ-փառատոնը: Փառատոնի թատերական փուլի համար Լոռու մարզից մարզպետարան էր ներկայացվել 5 հայտ` 3-ը` Վանաձորից, 2-ը` Ալավերդուց:
5 թատրոններից որպես լավագույն թատերական խումբ ընտրվել է Ալավերդու ժողովրդական թատրոնը, որն էլ մասնակցում է փառատոնին: Ընտրությունը Լոռու մարզպետարանի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Մինաս Սայադյանինն է, ով այս էլ երկրորդ անգամ չի մեկնաբանում իր ենթակայության ոլորտներին վերաբերող որոշումները:
Այս անգամ Մինաս Սայադյանը, իր խոսքով ասած, «սկզբունքորեն» հրաժարվեց մեկնաբանությունից` հասկացնելով, թե իբր վիրավորված է օրերս «Հետքում» հրապարակված մի հոդվածից, որտեղ լրագրողն ընդգծել էր նրա` որպես պետական պաշտոնյայի` իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը:
Մինչդեռ Մինաս Սայադյանի` փառատոնին Ալավերդու թատրոնը ներկայացնելու որոշումն առաջացրել է մյուս թատրոնի տնօրենների դժգոհությունը, որոնց համար վարչության պետի ընտրությունն այդպես էլ անհասկանալի է մնացել:
Մրցույթի հայտարարության մեջ նշված են հետեւյալ չափորոշիչները` թատերախմբի վերջին 5 տարիների գործունեության նկարագրությունը, մասնակցությունը մարզային, հանրապետական եւ միջազգային թատերական փառատոններին եւ արդյունքները, խմբի ստեղծագործական կազմի մասին տեղեկույթ:
Նշված չափորոշիչներով մարզպետարան ներկայացված փաստաթղթերով` Ալավերդու թատրոնը որեւէ առավելություն չունի մյուսների նկատմամբ. 12 հոգանոց ստեղծագործական խմբով ամեն տարի 2-ական ներկայացում է բեմադրում: Համամիութենական փառատոնի դափնեկիր է, 20-րդ հոբելյանական հանրապետական փառատոնում արժանացել է մրցանակի` կնոջ լավագույն դերի համար: Կազմակերպում է «Թատերական Լոռի» փառատոնը:
Վանաձորի տիկնիկային թատրոնի ստեղծագործական խումբը 12 հոգի է: Նախորդ տարի 37 ներկայացում է բեմադրել, այս տարի` 15: Տիկնիկային թատրոնների համազգային եւ հանրապետական փառատոններում երկու անգամ ճանաչվել է լավագույն թատրոն: Փարիզում բեմադրել է Թումանյանի հեքիաթները:
Վանաձորի «Բոհեմ» դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը 11 հոգի է: Տարեկան 3-4 ներկայացում է բեմադրում: «Թատերական Լոռի» փառատոնում մրցանակներ է ստացել «Լավագույն ներկայացում» եւ «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգերում: Գերմանիայում մասնակցել է միջազգային փառատոնի եւ լավագույն ներկայացման համար արժանացել մրցանակի:
Ըստ մրցույթ-փառատոնի հայտարարության` «Լավագույն թատերական խումբ» անվանակարգում յուրաքանչյուր մարզից կարող էր մասնակցել 1-ական խումբ: Թատրոնի տնօրեններին անհասկանալի էր, թե ինչ սկզբունքով պետք է կատարվի թատերախմբի ընտրությունը, երբ մարզում տարբեր ոճի թատրոններ են գործում:
Օգոստոսի սկզբին Վանաձոր էր եկել փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, եւ մարզի թատրոնի տնօրենների ու համայնքների մշակույթի բաժնի պետերի մասնակցությամբ հրավիրվել էր խորհրդակցություն:
Թատրոնի տնօրենները բարձրացրել էին իրենց հուզող հարցը` ընտրության ժամանակ ինչպես պետք է, ասենք, տիկնիկային թատրոնը դրամատիկականի հետ դրվի մեւնույն հարթության վրա: Որոշվել էր մինչեւ փառատոնը կազմակերպել նախնական մրցության փուլ: Ձեւավորվելու էր մասնագիտական հանձնաժողով, որը, հաշվի առնելով տարբեր ոճի թատրոնների գեղարվեստական մակարդակը, ընտրելու էր լավագույնին եւ ներկայացներ փառատոնին:
Թատրոնները, իրենց փաստաթղթային փաթեթները ներկայացնելով մարզպետարան, սկսել էին պատրաստվել նախնական` մարզային մրցույթին: Բայց փառատոնից ընդամենը մի քանի օր առաջ նրանց հայտնի էր դարձել, որ փառատոնի մասնակից թատերախումբն արդեն ընտրված է:
«Մոտավորապես մի ամիս պատրաստվել էինք, որ հանձնաժողով ստեղծվեր ու դիտեր մեր ներկայացումը: Բայց մի քանի օր առաջ իմացանք, որ Ալավերդու թատրոնն է գնում»,- ասում է «Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Մայիս Սարգսյանը:
«Պիտի լիներ մրցույթ մարզում: Պետք է ներկայացումը խաղայինք, ժյուրին դահլիճում պետք է նստեր, գնահատականը տար, ասեր` թատրոններից որն է լավը: Ոգեւորվեցինք, փորձ արեցինք, դերասանները որոշում էին` ինչ շոր պետք է հագնեն: Ոչ մի մրցույթ չեղավ: Եվ հանկարծ մեզ ասացին, որ ընտրվել է` ով պետք է մասնակցի հանրապետական փառատոնին: Մի հրաշալի ղեկավար ունեն, իմ մոտ ընկերն է, բայց դա չի նշանակում, որ առանց մրցույթի էդ մարդուն վերցնեն ու ներկայացնեն,-ասում է Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն Սերգեյ Մելիքյանը եւ ավելացնում,-Գումարը չի կարեւոր, բարոյական եւ հոգեբանական հարց ա»: («Լավագույն թատերական խումբ» անվանակարգում 1-ին եւ 2-րդ մրցանակների համար սահմանված է համապատասխանաբար 2 մլն եւ 1 մլն դրամ):
Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը նույնպես տեղյակ չէր, թե ինչ սկզբունքով է կատարվել մարզի լավագույն թատրոնի ընտրությունը. «Մի քանի օր էր մնում մրցույթին, տեղեկացա, որ մասնակցելու է Ալավերդու թատրոնը: Զանգեցի մարզպետարանի համապատասխան բաժին, չկարողացա պրն Սայադյանի հետ կապվեմ: Բաժնի պետը պատասխանեց, որ վարչության պետն է որոշում կայացրել: Ի՞նչ հիմունքով, չգիտեմ: Համենայն դեպս, խմբերի ղեկավարները ինձ մոտ էին եւ բողոքում էին, որ մրցույթ չի անցկացվել: Պետք է մրցույթի ձեւով անցկացվեր: Կանոնակարգով է տրված, որ լավագույն թատրոնը պետք է ընտրվեր մասնակից խմբերից` մրցութային կարգով` կամ փաստաթղթային ստուգման ձեւով կամ ներկայացումներով: Դուրս է գալիս, որ եղել է կամայական ընտրության ձեւ: Գտնում եմ, որ տնօրենների դժգոհությունը տեղին է»:
Մարզպետարանի մշակույթի բաժնից տեղակացանք, որ մարզի լավագույն թատրոն ընտրելիս ղեկավարությունը դրամատուրգ Սամվել Խալաթյանի կարծիքն է հարցրել: Փորձեցինք ստանալ վերջինիս հիմնավորումը, քանի որ, փաստորեն, դրամատուրգի կարծիքն ընդունվել է:
-Իմ կարծիքն եմ հայտնել, ասել եմ, որ եթե կազմակերպվել է մրցույթ, դրան կարող է մասնակցել Ալավերդու թատրոնը: Մարզում գործում են նաեւ այլ թատերախմբեր: Յուրաքանչյուրին էլ կարելի է ներկայացնել: Բայց այդ թատրոնները ավելի պարբերական չեն ելույթ ունենում, քան Ալավերդու թատրոնը,- ասաց Սամվել Խալաթյանը:
-Այս տարի քանի՞ ներկայացում է բեմադրվել Ալավերդու թատրոնում:
- Չգիտեմ… Կազմակերպված թատրոն է, ստեղծագործական առումով ակտիվ է:
-Ի՞նչ գիտեք ակտիվ է:
-Բա որովհետեւ ես այս քաղաքում, այս մարզում ապրող մարդ եմ, չգիտեմ` ինչ պիեսներ են բեմադրել, մասնակցել եմ պրեմիերաներին: Պրեմիերաներ ունենում են, պատահում է` կարողանում եմ գնալ, պատահում է`չեմ կարողանում:
-Ե՞րբ էր վերջին պրեմիերան:
-Չեմ կարող հիշել…Մյուսների ստեղծագործական կազմն ավելի քիչ է:
-Քանի՞դերասան ունի Ալավերդու թատրոնը:
-Իրանց կհարցնես…
-Այսինքն Ձե՞ր տպավորությունն է, որ Ալավերդու թատրոնն ակտիվ է:
-Տպավորություն չի: Փաստն եմ ասում… Եթե դրամատիկական ժանրի թատրոն պիտի գնար, պիտի գնար Ալավերդու թատրոնը, եթե մանկական` Վանաձորի տիկնիկայինը:
-Իսկ եթե մեկ թատրո՞ն պիտի գնար:
-Իսկ եթե մեկ թատրոն, պետք է անպայման նախնական մրցության փուլ լիներ, ընտրեին ժյուրի, որը պետք է նայեր, որոշեր,- եզրափակեց Սամվել Խալաթյանը:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել