
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրեթե ամեն անգամ հայտարարում է, որ Արագածոտնի մարզը պատրաստ է բաց եւ հրապարակային աշխատանքին եւ այդ սկզբունքով էլ աշխատում են համայնքապետերը:
Երեկ Մարզի Օհանավան գյուղում էինք եւ հրապարակայնության որեւէ փաստ չարձանագրեցինք: Սկզբում ցանկացանք հանդիպել համայնքապետի հետ, քանի որ օհանավանցիները բազմաթիվ դժգոհություններ ունեին` կապված խմելաջրի որակի, ինչպես նաեւ խնձորի բերքի իրացման հետ:
Օհանավանի համայնքապետ Նշան Միսակյանը աշխատասենյակում չէր: Տեղում չէին նաեւ նրա տեղակալն ու մյուս աշխատակիցները: Համայնքապետարանում միայն մի կին էր նստած: Նա իմ այցի վերաբերյալ հեռախոսով տեղեկացրեց համայնքապետին, Ն. Միսակյանն էլ հրահանգեց աշխատակցին որեւէ բառ չփոխանակել լրագրողի հետ, ինքը նույնպես հրաժարվեց հարցազրույց տալուց:
Երբ համայնքապետարանի շենքից դուրս եկա եւ մոտեցա գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանց, որոնք պարապությունից նարդի էին խաղում, կայծակնային արագությամբ մեզ մոտեցավ մի տղամարդ եւ գյուղացիներին հորդորեց մեր որեւէ հարցին չպատասխանել:
«Ախպեր, մեկ ա դրանից ոչ մի օգուտ չկա, մեզանից հեռու մնացեք: Ուզում ես արի տանեմ կերցնեմ-խմացնեմ, հարգեմ-պատվեմ, ճամփու դնեմ, մենակ թե բան-ման մի գրի»,- «խորհուրդ տվեց» անծանոթ օհանավանցին, որն այդպես էլ չներկայացավ:
Գյուղացիներն էլ, հետեւելով համագյուղացու «բարի խորհրդին», որեւէ բառ չփոխանակեցին մեզ հետ: Երբ հարց էինք տալիս, նույնիսկ չլսելու էին տալիս:
Մեր հարցերին չպատասխանեց նաեւ Կարբիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իսկ գյուղապետը, նրանց ասելով, հիվանդ էր եւ աշխատանքի չէր գալիս:

Քանի որ Արագածոտնի մարզում «Հետքը» դժվարություններ է ունենում համայնքապետերից պարզաբանումներ վերցնելու հարցում, դիմեցինք Արագածոտնի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների վարչության պետ Սիրազնիկ Հովսեփյանին: Վարչության պետը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում մարզի բոլոր համայնքապետերի հետ քննարկել այս հարցը:
«Առաջիկա խորհրդակցությունների ժամանակ համայնքապետերի առջեւ կբարձրացնեմ այդ հարցը, որպեսզի չխուսափեն հրապարակային աշխատանքից եւ պատասխանեն լրագրողների հարցերին, առավել եւս, որ «Հետքը» հաճախակի է անդրադառնում մեր մարզին եւ չպիտի խնդիրներ ունենաք»,- ասաց Ս. Հովսեփյանը:
Թե վարչության պետի հրահանգն ի՞նչ ազդեցություն կունենա Արագածոտնի մարզի համայնքապետերի վրա` դժվար է գուշակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել