
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հոկտեմբերի 16-ին որոշում էր կայացրել Աննա Փամբուխչյանի բերած բողոքի վերաբերյալ: Որոշումը հրապարակելուց հետո քաղաքացին ցանկություն հայտնեց ստանալ որոշման պատճեն` այն բողոքարկելու համար, ինչին ի պատասխան դատական նիստերի քարտուղար Դավոյանը դժգոհությամբ հայտնեց, որ որոշումը կուղարկեն եռօրյա ժամկետում: Սակայն այդ որոշումը Փամբուխչյանը չստացավ այնքան ժամանակ մինչեւ Վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը «Հետքի» միջոցով տեղեկացավ կատարվածին:
Այսօր կեսօրին Ալինա Ենգոյանի հետ զրուցելուց մեկ ժամ անց Աննա Փամբուխչյանին արդեն տրամադրել էին դատարանի որոշումը: «Երեւի դիտավորյալ ուշացնում էին, որ չկարողանամ բողոքարկել Վճռաբեկ դատարան: Բողոքարկման համար 15 օր ժամկետ ունենք, թեեւ որոշման մեջ նշված է, որ այդ ժամկետը հաշվվում է որոշումը ստանալու օրից, սակայն նույն որոշման մեջ ասվում է, որ որոշման պատճեն ինձ պետք է տրամադրեին եռօրյա ժամկետում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աննա Փամբուխչյանը:
Աննան եւ նրա փաստաբանը պետք է հասցնեն 2 օրում բողոք ներկայացնեն Վճռաբեկ դատարան, որպեսզի մերժվելու դեպքում կարողանան դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ Աննա Փամբուխչյանը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել ամուսնու մահից հետո, քանի որ ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, դատարան էր դիմել, որպեսզի Աննային եւ նրա որդիներին վտարի իր մայրական տնից, որի փաստացի տիրապետողներն են նրանք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել