
Հայկական հեռուստաեթերում չկա սուրդոթարգմանությամբ գեթ մեկ հաղորդում
ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ստանալ տեղեկատվություն: Այդ հարցում նա չպետք է ունենա խանգարող հանգամանքներ: Ֆիզիկական խնդիրները նույնպես չպետք է խանգարեն: Բայց այսօր, օրինակ, լսողության պրոբլեմ ունեցող մարդիկ մեր երկրում զրկված են հեռուստատեսության միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքից:
Անկախության 20-ամյակի առիթով հռչակված «Հայաստանը դու ես» կարգախոսը ենթադրում է, որ քաղաքացին պետք է ծառայի իր պետությանը, պետությունն էլ պետք է ապահովի քաղաքացու լիարժեքության զգացողությունը: Յուրաքանչուրս պետք է մեզ լիարժեք զգանք և չպետք է լինենք անտեսված:
Դրանում պետք է օգնեն նաև ԶԼՄ-ները: Այդ ամենը կախված է պարզ մարդկային ցանկությունից և հոգատար վերաբերմունքից: Ցավոք, հայկական հեռուստաեթերում չկա գեթ մեկ հաղորդում, որը կուղեկցվի սուրդոթարգմանությամբ:
«Խոսքի իրավունքը» համարում է, որ կոպիտ ոտնահարվում են հասարակության մի հատվածի իրավունքները, և մարդիկ չեն զգում,որ Հայաստանը իրենք են:
Հեռուստաընկերությունների ղեկավարները պետք է անհապաղ ձեռնարկեն այս գործը: Գոնե լրատվական ծրագրերը պետք է մատչելի լինեն բոլորին:
«Խոսքի իրավունք»
Մեկնաբանել