
Վանկարկում էինք՝ Հա-յաս-տան, բայց արդեն պարտվել էինք
Ֆուտբոլային դիվանագիտություն կամ «դրախտի» դռները բացվելուց առաջ
«Մի բաժակ բան չեն բերելու՞ խմենք. գնում ենք թշնամու թիկունքը»,- ասաց փորձառու լրագրողը Բուրսա թռչող ինքնաթիռում: Չգիտեմ` ինքնաթիռում գտնվող երեսունչորս լրագրողներից քանիսն են այդպես մտածում` «գնում ենք թշնամու թիկունքը»:
Մենք գնում էինք լուսաբանելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը եւ ֆուտբոլային դիվանագիտությունը: Չգիտեմ էլ` փորձառու լրագրողի ասածի մեջ որքա՞նն է ճշմարտությունը: Չեմ էլ կարող ենթադրել, թե ինքնաթիռում գտնվող գործընկերներից ով ինչ է մտածում հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մանավանդ` նրանք խոսում են մի բանի մասին, իսկ հետո հեռուստատեսությամբ կամ թերթում լրիվ ուրիշ բան են ասում կամ գրում: Դժվար է ընդհանրապես լրագրողների հետ. մտածում են մի բան, ասում`մեկ այլ բան, իսկ գրելիս լրիվ ուրիշ բան են գրում: Ես միշտ զարմանում եմ, թե մարդ միանգամից ինչպե՞ս կարող է երեք վիճակներում «գործել»` եռատվել: Դեռ Երեւանի օդակայանում պաշտոնական ճամփորդությունների համար ծնված լրագրողը, տեսնելով լրագրողներիս մեծ բանակը, զարմացավ` էսքան լրագրողները ու՞ր են գնում: Նրա զարմանքն այնքան անկեղծ էր:
«Դիվանագիտություն անելու»` անխոս ժպտացի: Այդ օրը Էդուարդո Էռնեկյանին պատկանող չորս եւ թուրքական մեկ ընկերություն գովազդ էին տեղադրել:
Այն ազդարարում էր. «Մեկ հաղթանակ երկու ազգերի համար: Դա է մեր ցանկությունը»: Հայկական օրաթերթերում էլ կար այդ գովազդը, հետո Թուրքիայում տեսա, որ նույն գովազդը նաեւ թուրքական մի քանի օրաթերթերում էր: Տարբերությունն այն էր, որ մեր սեւ-սպիտակ օրաթերթերում հայկական եռագույնը չէր երեւում, երկու սեւ շերտեր էին եւ թուրքական երկու կիսալուսին ու աստղ: Թուրքական գունավոր օրաթերթերում եռագույնը եռագույն էր: «Գոնե այս առումով շահել ենք»,- անցավ մտքովս:
«Սառը քամին հասավ ոսկորներիս»,- ասաց կողքիս սրթսրթացող լրագրողը: ««Հայ-թուրքականը» զոհեր է պահանջում»,- ասացի: Երեք ժամը լրանում էր, ինչ մենք կանգնած էինք հյուրանոցի երկրորդ մուտքի մոտ: Լրագրողների թիվը հարյուրից անցնում էր: Ես հաշվել էի, սպասելուց որոշ ժամանակ անց սկսել էի հաշվել լրագրողներին, ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին եւ հատուկենտ անցորդներին: Ամենաշատն, իհարկե, անվտանգության աշխատակիցներն էին. նրանք ամենուր էին: Մենք կանգնած սպասում էինք` չիմանալով ինչո՞ւ եւ ո՞ւմ: Մի բան էր հստակ, որ ժամը իննին գնալու ենք ֆուտբոլ դիտելու: Տարբեր երկրներից եկած լրագրողներն արդեն ձանձրանում էին, նրանք սկսեցին միմյանց հետ հարցազրույցներ անել: Ասում են` հոգեբանական ճնշումն էր նաեւ, որ մեր թիմի խաղի վրա ազդեց:
«Հոգեբանական ճնշումն էր նաեւ պատճառը, որ պարտվեցինք»,- լսում էի Թուրքիայում գտնվող մի քանի հայ լրագրողների կարծիքները, որ պտտվում էին արդեն Երեւանում հայկական հեռուստաալիքներով: Իսկ մեկ տարի առաջ Երեւանում, երբ «հոգեբանական ճնշման» էին ենթարկվում թուրք ֆուտբոլիստները, ինչու՞ հայերը չհաղթեցին: Ինչու՞ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երբեք հոգեբանական ճնշման չի ենթարկվում եւ հրաժարական չի տալիս: Գոնե այս պահին մի բան շատ հստակ է. Ֆեդերացիայի նախագահը տարիներ շարունակ ձախողվել է եւ պետք է թողնի այդ ոլորտը, զբաղվի իր օրինաստեղծ գործունեությամբ: Ես նայում էի թուրք երկրապագուներին, որոնք ասես մեծ նվագախմբի անդամներ էին մարզադաշտում: Զայրանում էի, որ մեր ֆուտբոլիստները չէին խաղում, թիմ չկար: Իսկ խաղից երկու, թե երեք օր առաջ Ֆեդերացիայի նախագահն ասում էր, որ եթե մեր թիմը պարտվի, «մարզիչին հանելու է»:
Նա պարտությունն իր վրայից գցեց, իր մասին ոչինչ չասաց: Մինչդեռ պետք է ասեր` եթե թիմը պարտվի, ես հրաժարական եմ տալու: Երբ ինձ փորձում են համոզել, որ սահմանի բացումը խթանելու է Հայաստանի տնտեսության զարգացումը, միանգամից մտքիս փաստեր են գալիս, օրինակներ, որոնց մասին հոդվածներ ենք գրել: Այս տարի Թուրքիային սահմանակից գյուղերում մեր գյուղացիները հարյուրավոր տոննա սոխ են թափել աղբանոց: Գիտե՞ք ինչու` որովհետեւ ինչ-որ պաշտոնյաներ շատ էժան գնով սոխ են ներկրել Իրանից: Այս դեպքում սահմանի բացումը նշանակում է շատ ավելի էժան սոխի ներկրում Թուրքիայից: Նույնը մնացած ապրանքների, մթերքների դեպքում: Ես ասում եմ` սահմանը բացելուց առաջ երկիրը կարգի բերեք, որ այն ծվեն-ծվեն չլինի:
Սահմանը բացելուց առաջ մի' թողեք դատարկվեն գյուղերը: Հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ ապրող հայկաձորցին ասում է. «Գյուղս է դատարկվում, մի քանի տարի հետո մարդ չի մնա, ի~նչ սահման, ի~նչ բան... »: Ես նրան հավատում եմ, նա իրականությունն է ասում, ես նրա ետեւից եմ գնում եւ երբեք չեմ կարող հավատալ հայ-թուրքականի դեմ իրենց անհամաձայնությունն արտահայտած սփյուռքահայերին տականք անվանող Գալուստ Սահակյանին: Ես չեմ կարող հավատալ, որ Թուրքիայի մարզադաշտում գտնվող Սամվել Ալեքսանյանն արդեն չի հաշվարկել, թե երկաթգիծը բացելուց հետո էլ ո՞ր ապրանքների մենաշնորհն է վերցնելու: Ի՞նչ է, դուք չեք հավատու՞մ, որ սա է լինելու իրականում, ոչ թե «դրախտի դռներն են բացվելու» մեզ համար:
Բուրսայի օդակայանում երեսունչորս լրագրողներին սպասող ավտոբուսի նստատեղերին գիտե՞ք ինչ էր դրված. Թուրքիայի մասին գունավոր մի գիրք` «հատուկ» նվեր հայերիս: Գրքում պատմվում է, թե ինչպես են 1914-15 թթ. հայ բանդիտները սպանել 100 000 խաղաղ թուրք բնակիչների, իսկ 246-րդ էջում կա դիակների կույտ պատկերող մի լուսանկար եւ մակագրություն այն մասին, թե ինչպես են հայերը ոչնչացրել թուրքական Կոլար գյուղի բնակիչներին: Այժմ Բուրսայում ապրում են միայն ծպտյալ հայեր: Չգիտեմ` գիտեի՞ն Բուրսայում գտնվող մեր երկրի ղեկավարները, որ այս քաղաքում, որն ունի զարգացած տեքստիլ արդյունաբերություն, առաջին գործարանները հայերն են կառուցել: Ամենամեծն այդ քաղաքում 19-րդ դարում Ջ. Քյուեյանի մետաքսի մշակման գործարանն էր:
Բուրսացիները, բնականաբար, դրա մասին ոչինչ չգիտեն: Երբ թուրք լրագրողներից մեկին պատմեցի այդ մասին, զարմացած ինձ նայեց: Խոստացա նրան ուղարկել գործարանի լուսանկարը: Նա ասաց, որ կգտնի այդ վայրը եւ հոդված կգրի: Պատմեցի նաեւ, որ 100 տարի առաջ Բուրսայում 90 հազար հայեր էին ապրում: Թուրք լրագրողն ասաց` հնարավոր չէ: Ոչինչ չպատասխանեցի... Ինձ հարցնում են` ի՞նչ է, դու դե՞մ ես սահմանի բացմանը: Պատասխանում եմ` իհարկե ոչ, ես դեմ եմ արձանագրութունների ստորագրմանը:
«Բայց արձանագրություններում նախապայման չկա»,- հակադարձում են ինձ: Պատասխանում եմ. « Եթե չկան, ապա ինչի՞ համար են արձանագրությունները»: Ասում են` այդպես է լինում: Ես էլ ասում եմ` Վիետնամի հետ հարաբերություններ հաստատելիս արձանագրություններ չենք ստորագրել:
«Դե, դա Վիետնամն է»: Իսկ ես ասում եմ` սա էլ Թուրքիան է: Մարզադաշտում մի քանի հոգով եռագույնները թափահարելով գոռում էինք` Հա-յաս-տան: Մեզ զգուշացնում էին` մեդիայի բաժնում չի կարելի դրոշ պարզել: Ավելի էինք «ըմբոստանում» ու շարունակում թափահարել դրոշները, գոռում էինք` Հա-յաս-տան, բայց արդեն պարտվել էինք:
Մեկնաբանել