
Ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի երեւակության սահմանները
«Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը հոկտեմբերի 13-ին յուրօրինակ նախաձեռնություն դրսևորեց «Հետքի» սեպտեմբերի 24-ի թողարկման մեջ տեղ գտած «Շամլուղում բաց հանքավայրը շահագործվում է. բնակիչները դժգոհում են պայթեցումներից» հոդվածի հրապարակման շուրջ (Տես հոդվածը՝ Շամլուղի բաց հանքավայրը շահագործվում է. բնակիչները դժգոհում են պայթեցումներից):
Հոդվածում ներկայացված էին Լոռու մարզի Շամլուղ քաղաքի տարածքում բաց հանքավայրի կառուցման նպատակով կատարվող պայթեցումներից բնակչության դժգոհությունները, բաց հանքավայրի հողատարածքը օգտագործելու համար մեկ տարուց ավելի Շամլուղի համայնքապետի գրավոր համաձայնությունը չունենալու և հանքավայրի զբաղեցրած հողատարածքի համար Շամլուղի համայնքի բյուջեին հարկ չվճարելու, անտառահատումների փաստերը եւ այլն: Հրապարակման հեղինակը` Հետքի Լոռու մարզի թղթակիցը, հոդվածում բարձրացված հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար հոկտեմբերի 9-ին զանգահարեց Սերոբ Տեր-Պողոսյանին:
Նա ասաց, որ մեկնում է Երևան եւ լրագրողին կընդունի այնտեղ` երկուշաբթի օրը նորից պայմանավորվելուց հետո: Երկուշաբթի առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, թղթակիցը հեռախոսով պայմանավորվեց:
Սերոբ Տեր-Պողոսյանը հարցազրույցը պետք է տար Էրեբունի հյուրանոցի 6-րդ հարկում` «Մեթըլ Փրինս» ընկերության գրասենյակում, ժամը 17-00-ին:
Ժամը 17: 00-ից քսան րոպե պակաս Ս. Տեր-Պողոսյանը զանգահարեց, սկսեց սպառնալ եւ անվայելուչ խոսքեր ասել լրագրողին:
«Ձեր այդ թերթով մարդիկ կարող են սրբել հետույքը»,-բացահայտել է ամերիկահայ գործարարը: Ակնհայտ է, որ նա լրագրողին դիտմամբ է Ալավերդուց հրավիրել Երեւան` փորձելով «ամերիկյան ձեւով» պատժել լրագրողին. հասցնել իր գրասենյակի դռան մոտ, չընդունել եւ հեռախոսով սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալ:
Թե իր երկրում ինչ նպատակով էր նա օգտագործում թերթերը, եւ որն էր դրա պատճառը, թողնում ենք իրեն` Սերոբ Տեր-Պողոսյանի երեւակայությանը: Մենք չգիտենք` նրա փորձառությունն այդ գործում մինչեւ ուր է հասել: Այս գործարարի շուրջ աներեւակայելի պատմություններ են պտտվում Ախթալայում, Ալավերդիում եւ Երեւանում: Դրանց մենք կանդրադառնանք առաջիկայում: Իսկ մինչ այդ Սերոբ Տեր-Պողոսյանին խորհուրդ ենք տալիս չսպառնալ կնոջը, չօգտվել այն հանգամանքից, որ շատ փող ունի եւ կարող է գնել ամեն ինչ եւ բոլորին, ինչպես նա արտահայտվել է իր շրջապատում: Հավատացնում ենք, դա այդպես չէ:
Մեկնաբանել