
ՏՄՊՊՀ-ն որոշեց «ՀԷՑ»-ին ոչ թե տուգանել 20 մլն դրամով, այլ հայտարարել խիստ նախազգուշացում
Այսօր տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տան բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ:
Բնակիչները ներկայացրել են դիմում-բողոք՝ մենաշնորհային դիրք ունեցող ընկերության խտրական գործունեության դեմ
Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տան սեփականատերեր դիմել են հանձնաժողովին և ներկայացրել դիմում բողոք՝ իրենց թաղամասի բնակելի տներին էլեկտրամատակարարում չապահովելու համար:
Դիմումի մեջ մասնավորապես նշված է, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար:
2009-ին ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի արդյունքում տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ:
«ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին դրդել է ապօրինի լարանցումներ կատարել և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց ստիպված են վճարել ամսական գրեթե 40 հազար դրամ, քանի որ բնակիչների մեծ մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չունի, և 3-ից 4-ական տներով սպառում են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:
«ՀէՑ»-ը թերացել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մեջ և գործել է օրենսդրական խախտումներով
Բնակիչների դիմում-բողոքից հետո հարուցված վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ «ՀԷՑ»-ը գործել է օրենսդրական խախտումներով, ինչի արդյունքում բնակիչները զրկվել են պատշաճ էլեկտրամատակարարում ունենալու հնարավորությունից:
Հանձնաժողովի կողմից վարույթն սկսվելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է ակտիվ աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ:
Վարչական վարույթի ընթացքում դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Դավթյանը բնակիչների անունից հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ տեղեկացնելով, որ կարճ ժամանակում «ՀԷՑ»-ը ավարտել է շինարարական բոլոր աշխատանքները և այժմ թաղամասի բնակիչներն ապահովված են շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ:
Բնակիչների պահանջն ըստ էության բավարարված է, ինչի հետ կապված էլ նրանք խնդրեցին կիրառել պատասխանատվության մեղմ միջոց: Միջնորդությամբ հանդես եկավ նաև «ՀԷՑ»-ը՝ իր հերթին խնդրելով, որ այս անգամ ցուցաբերվի ավելի մեղմ մոտեցում՝ հավաստիացնելով, որ իրենք նման խախտում արել են առաջին անգամ, և հետագայում նման դեպքերը կբացառվեն:
Հանձնաժողովը քննեց միջնորդությունները և որոշում կայացրեց
Հաշվի առնելով, որ սպառողների իրավունքները լիովին վերականգնված են, և բացի դրանից՝ հանձնաժողովի գործունեության ընթացքում առաջին անգամ է վարչական վարույթ հարուցվում «ՀԷՑ»-ի նկատմամբ, որոշվեց վերանայել առաջարկվող պատասխանատվության միջոցը, այն է՝ 20 միլիոն դրամ տուգանքը և «ՀԷՑ»-ին տալ խիստ նախազգուշացում՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հասարակությանը կոչ արեց «ՀԷՑ»-ի կամ այլ տնտեսվարողների որևէ խախտում հայտնաբերելու դեպքում անպայման դիմել հանձնաժողովին: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ ևս մեկ անգամ օրենքը խախտելու դեպքում «ՀԷՑ»-ը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Մեկնաբանել