Արփի Վարդանյան. «Իհարկե ճիշտ չէ, որ մարդը վիրավորական խոսքերով խոսի»
«Խոսելով սփյուռքում Սերժ Սարգսյանի այցելությունների դեմ բողոքողների մասին` Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասել էր, որ «նրանք ազգի տականքներն են, և դա նշանակում է, որ մեր ազգից մոլախոտերը դեռ չեն վերացել»:
Ինչպե՞ս եք գնահատում այս արտահայտությունները, և արդյոք կոռե՞կտ է, որ նման կարգի քաղաքական գործիչն ազգի մի հատվածի մասին այդ կարգի վիրավորական արտահայտություններ է ասում»: Հարցը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տրվեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:
«Այդպիսի բաներ լինում են: Բոլոր երկրներում լինում է, որ մեկ-մեկ էմոցիայի տակ կարող է քաղաքական գործիչը վիրավորական բան ասել: Նախագահ Քլինթոնի ընտրական արշավի ժամանակ իր խորհրդականներից մեկը վիրավորական խոսք էր ասել Քլինթոնի մրցակցի մասին: Փոշնամում են, բայց պահի տակ լինում է:
Ես չեմ համարում ճիշտ: Լինում է` բոլորս կարող է անենք, բայց չեմ համարում ճիշտ: Եթե սառը դատենք, իհարկե, ճիշտ չէ, որ մարդը վիրավորական խոսքերով խոսի: Բայց նշեմ նաև (որ հավասար լինի), որ նաև սփյուռքում եղել են շատ վիրավորական խոսքեր` ուղղված թե՛ սփյուռքահայերին, թե՛ նախագահին, թե՛ ուրիշներին, որն էլի պետք չէ անել»,- ասաց Արփի Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել