
«Պարոն Սերոբ, արդյոք արե՞լ եք այդպիսի գործողություններ իմ երեխայի հետ»,- դատարանում հարցրել է տուժողի մայրը
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությանը մասնակցում էր երկու մեղադրող դատախազ` ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը և վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Այսօր ցուցմունքներ տվեց գործով դատակոչված 13 վկայից 5-ը: Նրանք հիմնականում տուժողների մայրեր էին:
Նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, ինչպիսին նախաքննության ընթացքում: Հարցաքննված մայրերը ջանացել են ցուցմունքներում իրենց երեխաների հասցեին վարկաբեկիչ խոսքեր չասել և ինչ-որ տեղ նաև պաշտպանել են Սերոբ Տեր-Պողոսյանին: Ցուցմունքներ տված ծնողները չեն ցանկացել դիտել իրենց երեխաների վերաբերող տեսանյութը: «Մենք չենք հավատում, բայց և չենք ցանկանում տեսնել տեսանյութը»,- ասել են նրանք:
Ցուցմունքներ տված ծնողները հայտնել են, որ իրենց երեխաների համասեռամոլությամբ զբաղվելու փաստին տեղյակ չեն եղել: «Իհարկե, գործը հարուցելուց հետո լսել ենք»,- ասել են նրանք:
«Ինչո՞ւ դատաքննությանը դատակոչվածները միայն մայրեր են, որտե՞ղ են տուժածների հայրերը, և ինչո՞ւ նրանք չեն հրավիրվել դատարան» հարցին Արամ Ամիրզադյանը պատասխանել է. «Մայրերը ավելի սերտորեն են զբաղվել իրենց երեխաների դաստիարակությամբ, և նրանք ուղղակի չեն ժխտում, որ այս պահին էլ կանգնած են իրենց տղաների կողքին»:
Նույն հարցին մեղադրող Հովսեփ Սարգսյանն էլ ասաց, որ տուժողների հայրերը չեն հարցաքննվել, որովհետև հայրերի մի մասը գտնվում է հանրապետությունից դուրս, մեկ տուժողի ծնողներն ամուսնալուծված են, և երեխան մոր խնամքի տակ է: Երկու տուժածների հայրեր Հայաստանում են:
«Եկեք չմոռանանք գործի յուրահատկությունը, աննախադեպ լինելու հանգամանքը: Հայրերը կխուսափեին այդպիսի ցուցմունքներ տալուց»,- ասում է Հովսեփ Սարգսյանը: Ըստ նրա` այսօրվա ցուցմունքները մեղադրական կողմի համար կարևոր նշանակություն են ունեցել:
Մեղադրական կողմը այսօր ցանկացել է բացահայտել տուժողների սոցիալական վիճակը նրանց անչափահաս եղած ժամանակահատվածում և Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից տուժողներին գումարներ տալու հանգամանքը, ինչը, Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ, այսօր հիմնավորվել է նաև տուժողների մայրերի ցուցմունքներով:
«Այս վկաների հարցաքննությունից ավելի քան պարզ էր, որ տուժողները գտնվել են սոցիալապես ծանր վիճակում, ինչը մեղադրյալի կողմից օգտագործվել է տուժողներին համասեռամոլության մեր ներքաշելու համար: Դրան արդեն մենք կանդրադառնանք մեր մեղադրական ճառում»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Ըստ Արամ Ամիրզադյանի` դատարանում ծնողները չեն ժխտել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տվել է մեծ գումար. որոշ գումարների մասին, սակայն, ծնողները տեղյակ չեն եղել: Դատարանում ծնողների և տուժածների հրապարակած գումարները ոչ բոլոր դեպքերում են միմյանց համապատասխանել:
Մեղադրող Ա. Ամիրզադյանն ասաց, որ դատարանում ծնողների ներկայությունը Սերոբ Տեր-Պողոսյանին չի կաշկանդում: Ծնողներից մեկը հարցրել է. «Պարոն Սերոբ, մենք այս ինչ ենք լսում այստեղ, արդյոք արե՞լ եք այդպիսի գործողություններ իմ երեխայի հետ»: Ամբաստանյալը, օգտվելով իր դատավարական իրավունքից, պատասխանել է. «Ես Ձեր հարցին չեմ պատասխանի»:
Ըստ Արամ Ամիրզադյանի` մայրերը դատարանի դահլիճում իրենց ընկճված էին զգում և ունեցել են հոգեբանական որոշակի լարվածություն:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել