HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սեֆիլյանը սպասված անձ է Սփյուռքում

Մայիսի 27-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի` քաղաքական ապաստան տալու մասին իրեն ուղղված նամակին, ասել է, որ այն «անպատասխան չի մնա: Իմ պատասխան նամակում կարտահայտվի պաշտոնական տեսակետը նրա խնդրի վերաբերյալ»:

Նա տեղեկացրել է նաեւ, որ արդեն անդրադարձ կատարել է այդ նամակին, բայց վերջնական որոշում դեռ չկա: Բ. Սահակյանն անթույլատրելի է համարել, որ վերջին շրջանում Ժ. Սեֆիլյանի հետ կապված հարցն արհեստականորեն քաղաքականացվում է:

Մայիսի 30-ին Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանը հավանական է արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից, ոչ միայն Լիբանանից, այլեւ Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Ավստրալիայից եւ նույնիսկ Ռուսաստանից, ստացվում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եւ հեռախոսազանգեր: Դրանց հեղինակները դատապարտում են իշխանությունների այդ երախտամոռ ծրագիրը եւ իրենց զորակցությունն են հայտնում Ժիրայրին: Գրեթե բոլոր դեպքերում մարդիկ իրենց քաղաք են հրավիրում հայտնի հրամանատարին եւ ազգային գործչին` տեղի հայության հետ հանդիպման նպատակով: Առանձին դեպքերում Սեֆիլյանին նաեւ հրավիրում են ժամանակավոր բնակության` խոստանալով օժանդակել նրա ազգային գործունեությանը:

Այնուամենայնիվ, Ժիրայրի եւ նրա աջակիցների նախապատվությունը հանցագործ վարչախմբի` Սեֆիլյանին արտաքսելու ծրագիրը ձախողելն է: Ստացվող նոր տեղեկությունները հաստատում են, որ վերջինս շարունակում է մնալ ուժի մեջ, հակառակ նրան, որ Վարչական դատարանը Ոստիկանությանն է վերադարձրել հայցադիմումը: Պատճառն այն է, որ ոստիկանները մոռացել էին նշել հայցվորի անունը: Օրերս սպասվում է, որ ուղղված հայցադիմումը նորից կվերադարձվի դատարանին: Հետեւաբար, առայժմ հիմքեր չկան կասկածելու, թե ռեժիմը, գոնե այս անգամ, որոշել է ենթարկվել օրենքին, եւ անհրաժեշտ է շարունակել բողոքի գործողությունները»:

Նույն օրը Ղարաբաղի «Դեմո» հանրային թերթը մեջբերել էր ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքերը Սեֆիլյանի խնդրի մասին. «Կարծում եմ` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքը լիովին կամ մասամբ բավարարելու հնարավորություն կա: Համաձայն մեր երկրում գործող «ԼՂՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կեցության մասին» օրենքի` նրան եւ ընտանիքի անդամներին առաջին փուլում կարող է տրվել կեցության սովորական կամ հատուկ ձեւ ԼՂՀ-ում, իսկ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքը պիտի լիովին բավարարվի: Թեեւ մեզ մոտ կա նախադեպ, երբ ԼՂՀ նախագահն իր հրամանագրերով քաղաքացիություն է շնորհել օտարերկրյա հայազգի քաղաքացիների: Եթե անգամ օրինական համարենք Ժիրոյի ձերբակալությունը 2006-ին, ապա, միեւնույն է, իրավագիտությունը հուշում է, որ մարդ չի կարող երկու անգամ պատժվել նույն արարքի համար: Հայրենիքում ապրելու` հայ հայրենասերի խնդրանքի մերժումը նրա համար կլինի ավելի խիստ պատիժ, քան արդեն կրած առաջին պատիժն էր: Իսկ ահա Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքը կատարելը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Նախ` նման քայլով Արցախը համայն հայությանը ցույց տված կլիներ, որ քաղաքական կոնյունկտուրայից անկախ կարող է երախտագետ լինել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են ԼՂՀ պաշտպանությանն ու կայացմանը: Երկրորդ` այդկերպ մենք կարող ենք ակնկալել Սփյուռքի գործուն աջակցությունը ԼՂՀ դեմ հնարավոր զինված ագրեսիայի դեպքում: Հարցի դրական լուծումը բարոյական քայլ կլիներ, որը լիովին հարիր կլիներ մեր համազգային շահերին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter