
Անչափահաս տղայի համասեռամոլությամբ զբաղվելը մայրը համարում է որդու անձնական գործը
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ-Տեր Պողոսյանի գործով այսօր նշանակված դատական նիստում ցուցմունքներ տվեցին մեկ տուժող և մեկ վկա:
Իբրեւ վկա հարցաքննվող կինը Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ փրինս» ընկերության աշխատակիցներից է: Նա բացասաբար չի արտահայտվել այն կապակցությամբ, որ Տեր-Պողոսյանը, ըստ մեղադրանքի, իր անչափահաս որդու հետ զբաղվել է համասեռամոլությամբ: Այսօր դատարանում վերջինս ուղղակի հայտարարել է, թե դա իր որդու անձնական գործն է:
Իսկ այսօրվա նիստում հարցաքննված տուժողը նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը վճարել է իր ունեցած պարտքը՝ մոտ 6,5 հազար ԱՄՆ դոլար: Բացի դրանից՝ նա «Մեթըլ փրինսի» սեփականատիրոջից առձեռն ստացել է 2,5 մլն դրամ:
«Երևի, ընդհանուր առմամբ, տուժողը 13,5 հազար դոլար է ստացել Սերոբից: Լրատվամիջոցներին նախորդ իմ տեղեկատվությամբ հայտնած 25 հազար դոլարը Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից տուժողներին տրվել է նրանց պարտքերի մարման, ուսման վարձերի վճարման տեսքով: Տան հետ կապված խնդիրներ են եղել, և այդ գումարները 25 հազար դոլարից շատ ավելի են եղել»,- ասաց մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը:
Դատարանը դեռ չի հաշվարկել, թե Ս. Տեր-Պողոսյանը, ընդհանուր առմամբ, որքան գումար է «ներդրել»՝ անչափահասներին համասեռամոլությամբ հրապուրելու նպատակով: «Դատական նիստի վերջում կհաշվարկենք: Ընդ որում՝ Սերոբ Տեր-Պողոսյանը դա ունի հաշվարկած»,- ասաց Արամ Ամիրզադյանը:
Այսօր հարցաքննված տուժողը եւս դատարան եկավ «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Մեղադրողի տեղեկացմամբ՝ նա սկզբում նույնիսկ «փորձել է տեսանյութերում իրեն չճանաչել»: «Բայց հետո հարցերի, այդ թվում՝ նաև ամբաստանյալի հարցերի միջոցով պարզվեց նրա ով լինելը: Նա խոստովանեց իր սեքսուալ գործողությամբ զբաղվելը»,- ասաց դատախազ Ամիրզադյանը:
Հիշյալ տուժողը եւս համասեռամոլությամբ զբաղվելիս եղել է անչափահաս:
Իսկ «Մեթըլ փրինսի» աշխատակից-վկայի որդին դատարանում արդեն հարցաքննվել է և խոստովանել, որ զբաղվել է համասեռամոլությամբ: Նրա հետ համասեռամոլությամբ զբաղվելու փաստը խոստովանել է նաև ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը:
Մեղադրող Ամիրզադյանը վկային այսօր հարցրել է, թե որպես մայր՝ ինչպե՞ս է վերաբերում կատարվածին: «Պաշտպանները շատ խիստ առարկեցին, և տուժողի մայրն էլ օգտվեց այդ հանգամանքից և չպատասխանեց հարցին»,- մանրամասնեց դատախազը:
Աշխատանքային օրվա ավարտի պատճառով վկայի հարցաքննությունն ընդհատվել է. այն կշարունակվի վաղը:
Դատարանում վկայի տված պատասխանները նախապես մշակված չե՞ն, եւ արդյոք դրանք չե՞ն բխում պաշտպանական կողմի շահերից: Ի պատասխան «Հետքի» հարցին՝ Արամ Ամիրզադյանը նշեց. «Բնական է, իհարկե, դա պաշտպանական կողմի նախապատրաստած տակտիկան է: Դրանով պաշտպանական կողմը փորձում է կանխել վկայի հարցաքննությունը բարոյական դաշտ տեղափոխելը, որով պետք են պարզվի ծնողների տեղեկացվածությունը և նրանց գնահատականները: Քանի որ վկան աշխատում է Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող ընկերությունում, հենց այստեղից էլ սկսվում է նրա կախվածությունը, որը նույնպես հանգամանք է»:
Դատախազը նաեւ նշեց, որ նախաքննության ընթացքում «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատողներից հարցաքննվել է միայն մեկը, սական դատակոչվածների ցուցակում ընկերության անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը չի ներգրավվել:
Նիստի ավարտից հետո Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանները հրաժարվեցին «Հետքի» հարցերին պատասխանելուց: «Ըստ մեր պաշտպանական տակտիկայի՝ ես Ձեր հարցերին կպատասխանեմ դատարանում տուժողների հարցաքննությունն ավարտելուց հետո»,- ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:
Մեկնաբանություններ (24)
Մեկնաբանել