
Սերոբ Տեր-Պողոսյանի «բարեգործությունը». առավելագույնը 25 հազար դոլար՝ մեկ զոհին
Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում, շարունակվեց Սերոբ Տեր-Պողոսյանի գործով տուժողների հարցաքննությունը: «Դատարանում տուժողները փորձում են մեծացնել իրենց տարիքը»,- լրագրողներին հայտնեց մեղադրող Արամ Ամիրզադյանը:
Դատարանն այսօր հարցաքննեց մեկ տուժողի, ով հանցագործության պահին եղել է անչափահաս, սակայն ներկայում 20 տարեկան է:
Դատական նիստի ավարտին մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Հետքի» հարցին, թե իր կյանքի ո՞ր տարիքից է Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել մանկապղծությամբ և անչափահասներին դեպի իրեն գրավելիս ի՞նչ միջոցներ է կիրառել, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծությամբ զբաղվելու տարեթվի հետ կապված սույն քրեական գործով այն ինչ պարզված է, ներկայացված է դատարան: Ամբաստանյալը Ախթալայում մանկապղծությամբ զբաղվել է մոտավորապես 2000, առանձին դեպքերում 2005, 2006թթ.-ին: Մի քանի տուժողների նկատմամբ մինչև 2009թ.-ը շարունակվել է»:
Արամ Ամիրզադյանն ասաց, որ սույն գործի շրջանակներում քննություն չի իրականացվել նրա վերաբերյալ, թե որ տարիքից է ամբաստանյալը սեռական շեղվածություն դրսևորել, որովհետև քննությունը կատարվել է կոնկրետ փաստերի վերաբերյալ:
Նախաքննության և դատաքննության ընթացքում ավելի մանրամասն տրված ցուցմունքները հաստատում է այն, որ Սերոբ Տեր-Պողոսյանը «բարեգործության» միջոցով է անչափահասներին գրավել դեպի իրեն: «Բարեգործությունը» հասնում է մի քանի միլիոնի' յուրաքանչյուր տուժողի համար:
Դատարանում հարցաքննված տուժողն այսօր դատարանում չի հերքել գումարներ ստանալու հանգամանքը, ընդ որում նա հստակ հայտնել է, որ մի քանի տարվա ընթացքում մոտ 3 մլն դրամի չափով գումար է ստացել:
Արամ Ամիզադյանը նաև հայտնեց, որ դատարանում մինչև օրս հարցաքննված տուժողներին այդ «բարեգործության շրջանակներում» Սերոբ Տեր-Պողոսյանի տված ամենամեծ գումարը եղել է 25 հազար դոլարի չափով:
Տուժողների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին լրագրողներից մեկի հարցին Արամ Ամիրզադյանն ասաց. «Բնական է, որ բռնությունը որպես այդպիսին չի բնութագրվում իրենց կողմից: Նրանք ասում են, որ դա բռնություն չի եղել, դա եղել է ինչ-որ չափով բարեգործություն, իսկ իրենց գործողությունները ուղղակի սեքսուալ բնույթի գործողություններ են»:
Ըստ տուժողների՝ ստիպողական գործողություններ չեն եղել, բայց տուժողներ կան, ովքեր չեն հրաժարվում, որ ունեցել են ֆինանսական կախվածություն: Սերոբ Տեր-Պողոսյանի սեքսուալ գործողությունները մանյակային տեսքով չեն նկարահանվել: Նկարահանվել են ուղղակի սեքսուալ բնույթի գործողություններ՝ այն, ինչ կատարվել է տվյալ տուժողի հետ:
Մեղադրողը նաև ասաց, որ հանցագործության պահին բոլոր տուժողները եղել են անչափահաս: «Թե այսօրվա դրությամբ նրանք քանի տարեկան են, հետաքրքիր չպետք է լինի»,- հավելեց նա:
Ըստ մեղադրողի՝ այսօր հարցաքննվող տուժողը դատարանին գրեթե բան չի հայտնել: Նրա բացատրություններում նկատվել է կաշկանդվածություն. «Դա այն տուժողն էր, ով երեկ իջավ դատարանի շենքի առաջ կանգնած այն մեքենայից, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին, և ինքը շփում էր ունեցել նախկինում հարցաքննված տուժողների հետ և անգամ տուժողի մոր հետ»:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը դատարանում բարձրացրել է «Մեթըլ փրինս» ընկերության անվտանգության աշխատողների կողմից ընկերության ավտոմեքենայով տուժողներին դատարան բերելու հարցը:
«Հարցաքննվող տուժողը չժխտեց, որ այդ մեքենայով է տեղափոխվել և արդեն հարցաքննված տուժողի ու նրա մոր հետ զրուցել է, սակայն նա ասաց, որ այս քրեական գործի հետ դա ոչ մի կապ չունի: Ես համոզված եմ, որ դա այդպես չէ»,- ասաց մեղադրողը:
Ըստ նրա՝ դատաքննության և նախաքննության ընթացքում տուժողների տված ցուցմունքներում կան հակասություններ. «Հակասությունները հիմնականում ծննդյան տարեթվերի մեջ են: Տուժողները փորձում են մեծացնել իրենց տարիքը»:
«Հետքը» մեղադրողին հարցրեց, թե դատական նիստերի ընթացքում Սերոբ Տեր-Պողոսյանի և նրա զոհերի միջև արդյոք առաջանո՞ւմ են հակասություններ: «Այսօրվա դատական նիստում Սերոբի և հարցաքննվող տուժողի միջև առաջացած հակասությունը այն էր, որ տուժողը ասում էր' ես ընդհանրապես չեմ զբաղվել որևէ սեքսուալ գործողություններով, Սերոբ Տեր-Պողոսյանը հաստատեց, որ զբաղվել է: Տուժողն անգամ ժխտում էր տեսանյութում իր առկայությունը: Նրա դեմքը տեսանյութում երևում էր: Սակայն նախկինում հարցաքննված տուժող կար, այդ տուժողը ցուցմունք էր տվել, որ այսօրվա հարցաքննվող տուժողը եղել է իր հետ»,- պատասխանեց Արամ Ամիրզադյանը:
Նա նաև նշեց, որ դատավարության ընթացքում փորձում են հետազոտումը տանել այնպես, ինչպես կատարվում է սովորական քրեական դատավարության ընթացքում. «Այսինքն՝ այնպես է կատարվում, որ բոլոր ապացույցները հետազոտվում են, տուժողները դատարանի կողմից բավականին երկար հարցաքննվում են: Սա կապված չէ նրա հետ, թե քանի մասնակից կա հարցաքննող: Դատարանում կատարվում է մանրակրկիտ հետազոտություն»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել