
Երևանի մոտ 20 դպրոցի նվիրաբերվել է 40 հազար տետր
Նոր ուսումական տարվա կապակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Երևանի երկու տասնյակից ավել դպրոցի, այդ թվում Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ կրթահամալիրին նվիրաբերել է ընդհանուր առմամբ 40.000 տետր:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Թեհրանի RAR ընկերությունը, որի տնօրեն Արին Քարիմյանն ուրախ է, որ ծնվեց երևանյան դպրոցներին այս կերպ աջակցելու գաղափարը: Իսկ «Հայաստան» հիմնադրամը հանդես է եկել որպես միջնորդ կազմակերպություն:
Տետրերը Երևանի N 8 կրթահամալիրին հանձնվեելու արարողությանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավար Գայանե Սողոմոնյանը, բարերար Արին Քարիմյանն իր տիկնոջ հետ և բազմաթիվ աշակերտներ, ծնողներ և մանկավարժներ: Հիմնադրամը գրադարանին նվիրաբերեց նաև 5 նկարազարդ գիտադարան:
«Որոշեցինք ոչ միայն օգնել մեր դպրոցականներին, այլև այս ձեռնարկի օգնությամբ վերադարձնել դպրոցական տետրերի նախկինում ընդունված՝ դասական ոճը: Այսօր խանութներում հանդիպող, ամենատարբեր նկարներով զարդարված տետրերի շապիկները վայել չեն մեր դպրոցներին ու դպրոցականներին: Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և ուսանելի է, երբ տետրի շապիկին ներկայացված է, օրինակ, մաշտոցյան այբուբենը»,- ասաց RAR ընկերության տնօրենը:
Մեկ տարի էլ չկա, որ N 8 դպրոցը տեղափոխվել է այս տարածք, և տնօրենի խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, որ ցանկացած օգնություն գնահատելի է իրենց համար:
«Հայաստան» հիմնադրամի հաղորդմամբ՝ տնօրեն Արա Վարդանյանը խոստացավ N 8 դպրոցին նվիրել 5 համակարգիչ:
Մեկնաբանել