HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ գլխավոր դատախազը մարտի 1-ի տեսաձայնագրությունների համար դիմել է միջազգային կառույցների ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին  Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով անցկացվող «բաց դռների» շրջանակներում, օգոստոսի 31-ին, «Մարտի 1» -ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, հանդիպելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, վերջիններիս ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները միջազգային կառույցների ներկայացուցիչներին` 2011թ. մայիսի 23-ին ինտերնետային youtube.com կայքում «martimek2008» անվամբ գրանցված կայքի բաժանորդի կողմից տեղադրված տեսաձայնագրության «ահա թե ինչպես են կրակում 2008թ. մարտի 1-ին ...» վերնագրով հատվածը միջազգային մասնագետների ներգրավվմամբ փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը դիմել է ԵԱՀԿ երևանայն գրասենյակի տնօրեն, դեսպան Ս. Կապինոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին, Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար  Թոմաս Համմարբերգին` մասնավորապես նշելով. 

«Տեսանյութերում մոնտաժման կամ համակարգչային մշակման հետքերի առկայությունը պարզելու, տեսագրություններում առկա պատկերները հնարավորինս պարզեցնելու և առկա պատկերների նույնականացման հարցը որոշելու նպատակով նշանակվել է դատահամակարգչային փորձաքննություն, որի եզրակացության համաձայն տեսագրումը կատարվել է հեռու տարածությունից, բարձր անկյան տակ, գիշերային ժամին, վատ լուսավորության պայմաններում: Նման տեսագրությունից ստացված տեսապատկերները ենթակա չեն համակարգչային ավտոմատացված եղանակով նույնականացման:

Տեսանյութում պատկերված ոստիկանության համազգեստով անձի կողմից կիրառված զինատեսակը պարզելու նպատակով նշանակվել է տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որի շրջանակներում, փորձագետի միջնորդության հիման վրա քննչական խմբի կողմից, փորձագետների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում փորձարարական կրակոցներ են կատարվել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան փողոցի հատվածում ծառայություն կատարած անձանց տրամադրված` քննությամբ պարզված զինատեսակներով և փամփուշտներով: 

Քննչական փորձարարության ընթացքը տեսագրվել է համապատասխան տեխնիկայով և տրամադրվել է փորձագետներին: Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է.  «Տրամադրված «martimek 2008»  տեսագրությունում ոստիկանական համազգեստով անձի կողմից ընդհատումներով կատարված հավանական երկու կրակոցները հնարավոր է` կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից անգնդակ փամփուշտներով»:

Միաժամանակ արձանագրվել է, որ տեսանյութում առկա տվյալները չեն պարունակում հատկանիշների այնպիսի համակցություն, որով հնարավոր լիներ պարզել կրակոցի փաստը կոնկրետ զենքից, կոնկրետ փամփուշտներով, այն բավարարում է միայն հավանական հետևություն կատարելուն, քանի որ տեսանյութը նկարահանված է հեռվից, արհեստական լուսավորության պայմաններում, չի ապահովում տեսպատկերների հստակություն, և տվյալ անձի մոտ որևիցե զենքի նմանվող պատկեր չի նշմարվում:

Նկատի ունենալով, որ կատարված փորձաքննություններով գործի համար նշանակություն ունեցող մի շարք  հարցերին փորձագետները սպառիչ պատասխաններ չեն տվել, ուստի` դրանք ստանալու համար հնարավորության դեպքում  խնդրում եմ ներգրավել Ձեր առաջարկած մասնագետներին»:

ՀՀ գլխավոր դատախազը միաժամանակ նաև շեշտել է . «Պատրաստակամ ենք ապահովել փորձագետների աշխատանքների իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները` փորձաքննությունն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում անցկացնելու համար: Պատրաստ ենք հոգալ նրանց` ՀՀ ժամանելու, այստեղ գտնվելու և մեկնելու բոլոր ծախսերը»:

Քննչական խմբի ղեկավար, ՀՀ  հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, պատասխանելով  2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ներգրրավվածության վերաբերյալ լրագրողների հարցերին, մասնավորապես նշեց. «2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխմանն ու հասարակական կարգի վերականգնմանն ուղղված միջոցառումներն անմիջականորեն իրականացրել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները: 

ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Նախագահի հրամանագրի 3-րդ կետի համաձայն` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում: 

Զանգվածային անկարգությունների կատարման վայրերում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները տեղակայված են եղել ոստիկանական զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում, մասնավորապես` Լեո փողոցի խորքում` դեպի Սարյան փողոց, Շահումյան հրապարակում, Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում: 

Վերջին ստորաբաժանումն ավելի ուշ տեղափոխվել է Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկ: Ընդ որում` երեք դեպքերում էլ ՀՀ ՊՆ ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում և զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել»:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter