
Ինչու սփյուռքահայ Կապրիելյանը Հայաստան չի վերադառնում
«Արցախբանկի» խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանի «գործունեությունը» հայտնվել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում անցյալ տարեվերջին հարուցվել է քրեական գործ` «Առանձնապես խոշոր չափերի խարդախության» հատկանիշներով: Սակայն որեւէ մեկին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ` թերեւս այն պատճառով, որ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չէ:
Թե Հայաստանում, թե Արցախում սփյուռքահայ Կապրիելյանը խոստացել եւ պարտավորվել է կատարել խոշոր ներդրումներ, բայց տարիներ շարունակ ոչինչ չի արել: Իբրեւ ցցուն օրինակ` կարելի է մատնանշել հենց «Արարատ» ակումբի Ձորաղբյուրի մարզաբազան, որտեղ, ըստ պարտավորությունների, պետք է ներդրվեր մի քանի միլիոն դոլար, եւ որը դեռ տարիներ առաջ պետք է որ միջազգային չափանիշներին համապատասխանող հիանալի մարզական կառույց լիներ:
«Հետքի» տեղեկություններով` ՀՀ իրավապահները Կապրիելյանի գործունեությամբ սկսել են հետաքրքրվել այն բանից հետո, երբ նրա ընկերություններից մեկում` «Իտարկո Քոնսթրաքշն»-ում, հայտնի են դարձել աուդիտի արդյունքները:
Սփյուռքահայ Կապրիելյանի գործունեության ոլորտը բավական ընդգրկուն է. նա բաժնետոմսեր ունի մի շարք ընկերություններում` սկսած ոսկերչականից, վերջացրած շինարարականով: Հիշյալ աուդիտի արդյունքում պարզվել է, որ Կապրիելյանին պատկանող ընկերություններում գումարները շրջանառվելով բոլորովին այլ տեսք ու անվանում են ստանում. պետությանը ներկայացվում են իբրեւ ներդրում, սակայն իրականում «պարտքով փողի» ֆունկցիա են կատարում:
Ասենք` ոսկերչական ընկերությունը, շինարարական աշխատանքներ պատվիրելով «Իտարկո Քոնսթրաքշն»-ին, փոխանցում է 1 մլն ԱՄՆ դոլար, որը, սակայն, այստեղ ձեւակերպվում է որպես Կապրիելյանի անունից կատարված ներդրում: Հետո այդ ներդրումը, այլ կերպ ասած` պարտքը, փոխառությունը, վերադարձվում են նույն ոսկերչականին` պատվիրված շինարարության համար: Արդյունքում ձեռնունայն ու խաբված է մնում պետությունը:
Այս ամենը բացահայտող աուդիտը «Իտարկո Քոնստրաքշն» ՓԲԸ-ում սկսվել է բաժնետերերից մեկի` Նարինե Նալբանդյանի պահանջով: Վերջինիս ամուսինը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է, որը մինչեւ 2004 թ. հուլիսը եղել է «Իտարկո Քոնսթրաքշն»-ի գլխավոր տնօրենը: Դրանից մեկ տարի անց Արագած Ախոյանը շատ տարօրինակ կերպով ընկերությունում ունեցած իր 20 տոկոս բաժնետոմսերը նվիրել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին:
Ախոյանի կինն էլ, հետագայում պատճառաբանելով, որ այդ 20 տոկոսն իրենց համատեղ սեփականությունն էր, եւ ամուսինն իրավունք չուներ, առանց իր համաձայնության, նվիրել որեւէ մեկին, դատարանով վերադարձրել է այն:
Տարիներ շարունակ կողմերի` իրար դեմ ներկայացվող հայցերով մեր եռաստիճան դատական համակարգում ընթացել են դատավարություններ: Դրանցում ներգրավվել են նաեւ պատգամավոր Ախոյանի հարազատ եղբայրն ու վերջինիս կինը: Գործի այս դրվագը եւս տարբեր փուլեր անցնելուց հետո հանգրվանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բայց անցյալ տարվա դեկտեմբերին դատավոր Սարիբեկ Արամյանը գործի վարույթը կասեցրել է` «մինչեւ Հրաչ Կապրիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործին վերջնական լուծում տալը»:
շարունակելի
Մեկնաբանել