
Վարդենիսում ՀԴՄ կտրոն տրամադրելը «պրեստիժ» չէ
Ինչպես պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը, այնպես էլ կառավարության բարձրաստիճան այլ այրեր տեսախցիկների առաջ հայտարարում են, թե անթաքույց պայքար են մղում հարկերից խուսափող տնտեսվարող սուբյեկտների դեմ:
Իհարկե, նրանք ճիշտ են ասում, սակայն պայքարը վերաբերում է ոչ բոլորին, այլ թիրախավորում են այն մանր ու միջին բիզնեսմեններին, որոնք հրաժարվում են աշխատել հարկային տեսուչների թելադրած խաղի կանոններով եւ նրանց «նալոգներ» չեն մուծում:
Բավական է այցելել մարզեր՝ համոզվելու համար, որ հարկային տեսուչները խտրական մոտեցում են դրսեւորում, այն էլ՝ բացահայտ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի փոքր խանութները ՀԴՄ կտրոն տրամադրում էին, իսկ սուպերմարկետներն ու մեծ խանութները՝ ոչ: Նույնիսկ ռեստորանները հարկային դաշտում մաքուր չեն գործում:
Վարդենիսի էլեկտրացանցի հարեւանությամբ է գտնվում քաղաքի լավագույն ռեստորաններից մեկը, որը ոչ միայն ՀԴՄ կտրոն չի տրամադրում եւ թաքցնում է իր իրական եկամուտները, այլ պահանջելու դեպքում էլ մատուցողուհիները բացահայտ հայտարարում են, թե իրենց մոտ «նման բան չկա»:
Նախ այցելուներին ճաշացանկ ու գնացուցակ չի տրամադրվում: Իսկ այն մարդիկ էլ, որոնք պահանջում են, արժանանում են ռեստորանի աշխատակիցների «մուննաթին»:
Երբ հաճախորդը ճաշելուց հետո հաշիվ է պահանջում, մատուցողուհին առանց գրավոր նշումների բանավոր է հայտարարում գումարի չափը:
Նման դեպք պատահեց նաեւ մեզ հետ: Իսկ, երբ մատուցողուհուց պահանջեցինք տրամադրել ՀԴՄ կտրոն, զարմացած հայացքով հայտարարեց, թե իրենք ՀԴՄ չեն տալիս: Մի քանի պահանջից հետո 10 րոպե անց բերեց ՀԴՄ կտրոն: Հետո էլ պահանջեցինք գնացուցակը, որի մասին մատուցողուհին հավանաբար առաջին անգամ էր լսում: 15 րոպե անց էլ բերեց գնացուցակը, որը ոչ թե տպագրված էր, այլ նոթատետրից պոկված մի թղթի վրա ձեռագիր գրված թուղթ էր:
ՀԴՄ չի տրամադրվում նաեւ քաղաքի կենտրոնական մասում գործող «Վան» սուպերմարկետում: Պարզ է, որ նման դեպքերը բացահայտ բնույթ են կրում Վարդենիսում: Հավանաբար, նման տնտեսվարողները մի որոշ գումարի դիմաց հարկային տեսուչների հետ լեզու են գտել եւ նրանց աջակցությունը ստանալով գործում են ստվերում:
Իսկ ու՞ր մնաց օրինախախտների դեմ անթաքույց պայքարը:
Մեկնաբանել