
Ախթալայի բնակիչները դժգոհում են. Մադլեն Թաշճյանը չի վճարում կոմբինատի աշխատակիցներին խոստացված գումարը
Ախթալայի մի խումբ կանանց անունից «Հետքը» ստացել է նամակ, որում կանայք գրում են Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշճյանի կողմից Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատող իրենց ամուսիններին խոստացված ու չվճարված պարգևատրումների մասին. «Կարծես թե ֆաբրիկայի և հանքերի աշխատողներն են մեղավոր իր ամուսնու գործած սարսափելի հանցագործության համար, և հիմա նա կատաղած, իր մուռը հանում է հիմնարկում աշխատող մեր ամուսիններից, եղբայրներից ու որդիներից»:
Նամակի հեղինակները նշում են, որ դեռ 2010թ.-ի ապրիլ ամսին Սերոբ Տեր-Պողոսյանը 10 տոկոսով իջեցրել է ընկերության մի խումբ աշխատողների աշխատավարձը` հատուկ հրաման տալով, որ նրանք այդ գումարը կստանան պարգևատրման ձևով, եթե կատարեն պլանը: Մինչև 2011թ.-ի մարտ ամիսը դա տեղի է ունեցել երկու անգամ, և երկու անգամն էլ այդ գումարները Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից վճարվել են:
«Այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ընկերությունում խտանյութի արտադրության պլանները կատարվել են, սակայն Մադլենը մեզ անհայտ պատճառով չի ցանկանում նրանց վճարել այդ գումարները: Ավելին, նա հուլիսի 1-ից չեղյալ է համարել այդ պարգևատրման մասին հրամանը, առանց Սերոբի կողմից իջեցրած աշխատավարձերը վերականգնելու: Արդյունքում մեր ամուսինները զրկվել են իրենց աշխատավարձի մի մասը ստանալու հնարավորությունից, որը շատերի համար կազմում է ամսական ընդամենը 10-15 հազար դրամ: Կարծում ենք, որ այդ գումարները այժմ գնում են այդ տղաներից մի քանիսի գրպանը, քանի որ Ախթալայում լուրեր են տարածվել, որ նրանցից մի քանիսին Մադլենը և Րաֆֆին (Սերոբի եղբայրը) դեռ գումարներ են տալիս: Երևի դատարանում որոշ բաների մասին չխոսելու համար...
Մադլենի կողմից անհիմն կերպով աշխատանքից ազատվել են մի քանի աշխատողներ: Պահեստապետ Էդիկը և ուրիշներ: Անմեղ, բայց իրենց խանգարող մարդկանց աշխատանքից հեռացնելու համար շատ լավ են աշխատում նրա մանկլավիկներ Արսեն (բոդոլ) Չիթչյանը և Գրիշա Դավթյանը»,- գրում են Ախթալայի բնակիչները:
Նամակում արծարծված հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Metal Prince» ընկերությունից: Օգոստոսի 19-ին բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք ընկերություն: Հեռախոսազանգին պատասխանող Լիզան ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք: Նույն օրը ուղարկեցինք գրավոր հարցեր, մինչ օրս դեռ պատասխան չենք ստացել:
Այսօր կրկին զանգահարեցինք ընկերություն` ճշտելու, թե, այնուամենայնիվ, պատասխանելու են մեր հարցերին, թե ոչ: Նույն Լիզան սկզբից ասաց, որ դա իրենց ընկերության ներքին խնդիրներն են, հնարավոր է պատասխան չլինի: Երբ հարցրեցինք, թե արդյոք դա մեր գրավոր հարցերի պաշտոնական պատասխանն է, Լիզան ասաց, որ իրենց արտաքին հարցերով զբաղվող անձը արձակուրդում է, նա կասի` կպատասխանեն, թե ոչ:
5 րոպե անց խմբագրություն զանգարահեց Լիզան և ասաց, որ սեպտեմբերի 5-ին արտաքին հարցերի պատասխանատուն կվերադառնա արձակուրդից և կասի` պատասխանելո՞ւ են մեր հարցերին, թե՞ ոչ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել