
Վերջերս Գառնի տաճարում էի եւ ականատես եղա, թե ինչպես էր ֆրանսիացի զբոսաշրջիկը վիճում է սպասարկման ոլորտի աշխատակցի հետ: Զբոսաշրջիկը վիրավորվել էր, երբ իր հայ ընկերոջից մուտքի տոմսի գումարը գանձել էին 100 դրամ, իսկ իրենից 10 անգամ ավելի թանկ` 1000 դրամ: Աշխատակիցն էլ փորձում էր ֆրանսիացուն համոզել, որ այդ գինն ինքը չի սահմանել եւ այդ հարցով պետք է դիմի համապատասխան կառույցներին:
Քանի որ կառավարությունը զբոսաշրջությունը դիտում է մեր երկրի համար գերակա ճյուղ եւ տնտեսությունը խթանող ոլորտներից մեկը, այս հարցով դիմեցինք Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանին:
«Այդ գնային քաղաքականությունը շատ տրամաբանական է, որովհետեւ Հայաստանի քաղաքացիներն էլ են դժգոհում, թե ինչու իրենց երեխաները պետք է պատմամշակութային արժեքները տեսնելու համար թանկ գին վճարեն: Դա էլ հակառակ կողմի մոտ է բողոք առաջացնում: Զբոսաշրջիկն ասում է, թե խտրական վերաբերմունք է ցուցաբերվում պետության կողմից, բայց դա պետք է դիտել, որպես զեղչ` Հայաստանի քաղաքացիների համար»,- պարզաբանեց Մեխակ Ապրեսյանը:
Նրա տեղեկացմամբ, մշակույթի նախարարության եւ այլ կառույցների հետ քննարկվում է այդ հարցը, որպեսզի գտնեն բոլորին գոհացնող մի տարբերակ: «Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք ու խտրական վերաբերմունք չենք դնում»,- ավելացրեց Մ. Ապրեսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել