
Հոկտեմբերի 1-ին Երեւանում կմեկնարկի «Հայ Ֆեստ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնը:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարվա «Հայ Ֆեստ»-ի խմբերի քանակը նախորդ տարվանին զիջում է երկու անգամ. պատճառը տնտեսական ճգնաժամն է:
«Սակայն դա չի նշանակում, որ փառատոնը լինելու է վատը, ինչպես միշտ այն առանձնանալու է իր շքեղությամբ: Մասնակցելու են շուրջ 22 երկրներից 33 թատերական խմբեր` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իրանից եւ այլն»:
Այս տարվա «Հայ Ֆեստ»-ը զարդարելու են հատկապես Ֆիլիպ Ժանտի (Ֆրանսիա), Տրիկստեր (Շվեցարիա), Կրեդո (Բուլղարիա) թատրոնները: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ավելի քան 50 ներկայացումներ:
Փառատոնը կմեկնարկի Բուլղարիայի Կրեդո թատրոնի «Շինել» ներկայացումով (ըստ Գոգոլի հայտնի նովելի):
Ըստ փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի` այս տարի ակտիվ է հայկական թատրոնը: Փառատոնին երկրորդ անգամ մասնակցելու է Հրաչյա Ղափլանյանի անվան Պետական Դրամատիկական թատրոնը:
«Մեզ ինչպես միշտ սպասվում են 5-6 բացօթյա հրաշալի ներկայացումներ, սեմինարներ, հատուկ դասընթացներ, վիդեոցուցադրություններ»:
Փառատոնը, ինչպես անցած տարի, այս տարի եւս ֆինանսավորում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Ինչպես անցած տարի, այս տարի եւս Կառավարությունը «Հայ Ֆեստ»-ին տրամադրել է 35 միլիոն դրամ:
Ներկայացումների տոմսերի արժեքը տատանվելու է 500-1000 դրամի սահմաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել