
Գագիկ Ծառուկյանը մերժել է երիտասարդ մարզիկին
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 84-ամյա բնակիչ Բեգլար Սիրեկանյանը մոտ մեկ ամիս առաջ հատուկ եկել էր Երևան, որպեսզի Ազգային ժողովի նամակների արկղում գցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակը:
Բեգլար պապի թոռը՝ 14-ամյա Բեգլար Սիրեկանյանը, 1,5 տարի է հաճախում է գյուղի քիք-բոքսինգի խմբակը: Արդեն ունի բավականին լուրջ հաջողություններ: 14-15 տարիքային խմբում մասնակցել է մի շարք մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր տեղեր՝ 1-ից մինչև 3-րդ: Նույնիսկ քննություններ է հանձնել և գերազանցության վկայական ստացել:
Տղան ցանկանում է լուրջ մարզիկ դառնալ, սակայն իր երազանքն իրականություն դարձնելու համար խանգարում են ընտանիքի սուղ ֆինանսական հնարավորությունները: Ընտանիքը հիմնականում ապրում է տատի ու պապի կենսաթոշակով: Բեգլարի հայրն էլ սեփական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան վարում է որպես տաքսի:
Նախնական տվյալներով սեպտեմբերի 22-ին Ռուսաստանում կայանալու է պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Բեգլարը նույնպես ցանկանում է մասնակցել: Նա հույս ունի, որ Ռուսաստանում կբարձրացնի Հայաստանի դրոշը: Սակայն ծնողները հնարավորություն չունեն տղային ուղարկել Ռուսաստան: Ուստի, Բեգլար պապը որոշել էր ֆինանսական ծախսերը հոգալու համար նամակ-խնդրանքով դիմել պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Մեկ ամիս անց պատասխան չստանալով՝ Բեգլար պապը զանգահարել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցություն: Այնտեղից մի երիտասարդ աղջիկ պատասխանել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում քաղաքացին պատասխան չի ստացել, ուրեմն նրա խնդրանքը մերժվել է:
Հետաքրքիր մոտեցում է դրսևորել ԲՀԿ-ի աշխատակցուհին՝ մոռանալով, որ քաղաքացու գրավոր հարցմանը պատասխանելը օրենքի պահանջ է, ոչ թե բարի կամքի դրսևորում:
Բեգլարի հարազատներից մի քանիսն ապրում են Ռուսաստանում և երիտասարդին խորհուրդ են տալիս տեղափոխվել Մոսկվա ու այնտեղ էլ շարունակել սպորտային պարապմունքները: Այժմ տղան երկմտում է: Եթե Հայաստանում աջակցություն չստանա, կմեկնի Ռուսաստան:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել