
Սեպտեմբերի 15-ին ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, ջազային դաշնակահար Միշել Լեգրանը համերգով հանդես կգա Երեւանում:
Ըստ համերգի կազմակերպիչ Լեւոն Մալխասյանի` Հայաստանում Լեգրանը դեռ նման մասշտաբի համերգ չի ունեցել: Նրա հետ համերգի ընթացքում հանդես կգան Կատրին Միշելը եւ Քրիստիան Լեգրանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրո Լեւոն Մալխասյանն ասաց, որ Լեգրանի մենահամերգը կազմակերպելու միտքը նրա մոտ ծագել է այն ժամանակ, երբ իմացել է, որ սեպտեմբերի 18-ին կոմպոզիտորը համերգով հանդես է գալու Մոսկվայում:

«Իմ մոտ ընկեր Սուրեն Ապիկյանը այն անձն է, ով Լեգրանի եւ Ազնավուրի համերգներն է կազմակերպում նախկին Սովետական Միության երկրներում: Նա երկու ամիս առաջ ինձ ի միջի այլոց ասաց, որ Լեգրանին հերթական անգամ «բերելու է» Մոսկվա` համերգի: Ես էլ ասացի` իսկ հնարավո՞ր է հերթական անգամ էլ Հայաստան բերես: Նա ասաց` ինչու՞ չէ, կխոսեմ Լեգրանի հետ:
Լեգրանը մեծ ոգեւորությամբ ընդունեց առաջարկը, սկսեց զանգել, հետաքրքրվել, թե ո՞ր դահլիճում է լինելու, ի՞նչ հնարավորություններ կան եւ այլն»:
Կոմպոզիտորը Երեւան է ժամանելու սեպտեմբերի 12-ին: Նրա պահանջով համերգին նվագելու է հայկական կամերային նվագախումբ` Երեւանի Պետական Երիտասարդական Նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Լեգրանի պահանջով մինչեւ համերգը` սեպտեմբերի 13 եւ 14-ին, 3 ժամանոց փորձեր են անցկացվելու:
«Համերգի ընթացքում հնչելու են նրա` բոլորի կողմից սիրված, բոլոր ժամանակներում արդիական հիթերը, հայտնի կինոֆիլմերից ամենահայտնի մեղեդիները, իհարկե «Շերբուրգյան հովանոցները», որի համար կոմպոզիտորը ստացել է իր առաջին «Օսկարը», վոկալային, ջազային տարբեր համարներ»:
Ըստ Լեւոն Մալխասյանի` համերգն առանց ընդմիջումի տեւելու է 90 րոպե:
«Համերգը շատ հագեցած է լինելու: Լեգրանն անձամբ է վարելու այն, լինելու է դիրիժորը, դաշնամուր է նվագելու, երգելու է Կատրին Միշելի հետ: Միշել Լեգրանի դիապազոնն այնքան լայն է եւ հզոր, որ կարծում եմ` ամբողջ աշխարհի ջազմենները իր ազդեցությունը զգացել են իրենց վրա: Նա մի նոր էջ բացեց ջազի պատմության մեջ: Առանց Լեգրանի` ջազն այսօր շատ խղճուկ կլիներ»:
Միշել Լեգրանի երեւանյան մենահամերգը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել