
«Ես վարչապետ Տիգրան Սարգսյանին 2-րդ գրավոր հարցումն եմ ուղարկել, սակայն նա ինձ չի պատասխանել: Առաջին նամակիս պատասխանել էր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, սակայն նա ինձ հետաքրքրող հարցին չէր պատասխանել»,- «Հետքին» տեղեկացրեց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ վերջինս վարչապետին խնդրել էր տեղեկացնել, թե կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ:
«Հյուսիսային պողոտան կարուցապատման նախագծերի ընթացքում շենքերի բարձրությունը ընդունվել է 20-25 մետրի սահմաններում, այսինքն` Օպերայի 2-րդ հարկաշարի առավելագույն բարձրությամբ (25 մ): Սա ամրագրված է ՀՀ կառավարության 2000 թվականի N 774 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով: Սակայն այսօր Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի մեծամասնությունը բարձրահարկ են: Ես ուզում եմ իմանալ, թե կառավարության ո՞ր որոշմամբ է դա թույլ տրվել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահը 2-րդ գրավոր հարցումն ուղարկել է հուլիսի 30-ին,եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն` վարչապետը պարտավոր էր առավելագույնը 5 օրում պատախանել:
«Հետքի» այն հարցին, թե չեք պատրաստվում արդյո՞ք դիմել Վարչական դատարան` անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, Սեդրակ Բաղդասարյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ կառավարությանը դատի տանք, քանի որ ես գրավոր հարցում եմ արել եւ նրանք փաստորեն չեն պատասխանել իմ հարցին: Նարեկ Սարգսյանի ուղարկած նամակում իմ հարցի պատասխանը չկար»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել