
Օգոստոսի 19-22-ը հայ եւ ադրբեջանցի երիտասարդ լրագրողները հանդիպեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Սա Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի կազմակերպած առաջին համատեղ սեմինարը չէր, սակայն այս մեկը տարբերվում էր նախորդներից:
Ադրբեջանական խմբում մեզ միայն երկու աղջիկներ էին ծանոթ` Սամիրան ու Սաբինան, մյուս երեքին առաջին անգամ էինք տեսնում, նրանք էլ` մեզ: Ծանոթության հենց սկզբում հասկացանք, որ հայ լրագրողներիս կրկին դժվարությամբ է հաջողվելու շփվել հարեւան երկրի մեր գործընկերների հետ:
Նրանք ոչ մի թշնամանք կամ անհաճո վերաբերմունք չէին ցուցաբերում մեր նկատմամբ, սակայն ընկերասեր էլ չէին: Մենք չէինք վիրավորվում, սակայն երբեմն հոգնում էինք ադրբեջանցիների անորոշությունից: Նրանք չէին կողմնորոշվում` ազատ շփվե՞լ մեզ հետ, թե՞ սառը հարաբերություններ պահպանել:
Հայ լրագրողներս որոշակի քայլերի էինq դիմում նրանց հետ ավելի անկաշկանդ հարաբերվելու համար: Օրինակ` երբ պետք է ընդհանուր սեղանի շուրջ հաց ուտեինք, մենք այնպես էինք նստում, որպեսզի ադրբեջանցիները մեր մեջտեղի աթոռները զբաղեցնեին: Սակայն դա այնքան էl չէր օգնում, որովհետեւ նրանք հաճախ մեր ներկայությամբ ադրբեջաներեն էին զրուցում, որպեսզի մենք չհասկանանք, կամ էլ պարզապես չէին ուզում դժվարություն կրել եւ ռուսերենով խոսել: Իսկ հայկական խումբը նրանց ներկայությամբ մշտապես փորձում էր ռուսերեն խոսել:

Սեմինարին վրացի կոնֆլիկտաբան Ջանա Ջավախիշվիլին մեզ խաղի միջոցով բացատրեց, որ հակամարտությունները, այդ թվում եւ Ղարաբաղյանը, կարող են 4 տարբերակով լուծվել: Win-Lose եւ lose-win` կողմերից մեկը հաղթում է, մյուսը` պարտվում:
Lose-lose` երկու կողմերն էլ պարտվում են, քանի որ հակամարտության արդյունքում երկուսն էլ ավելի շատ կորցնում են, քան նվաճում: Եւ win-win. սա այն դեպքն է, երբ կողմերը համաձայնության են գալիս, որից երկուսն էլ շահում են:
Խաղի ընթացքում, երբ մենք չէինք հարգում հակառակորդին, չէինք լսում նրա կարծիքը եւ փորձում էինք առաջ տանել միայն սեփական շահերը, հանգում էինք lose-lose տարբերակին: Իսկ փոխզիջման գնացողները երկկողմանի հաջողության էին հասնում:
Ադրբեջանցի լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ բանավեճերն անխուսափելի էին: Մենք մշտապես lose-lose տարբերակին էինք հանգում: Նրանք իրենցն էին պնդում, մենք` մերը: Երկու կողմի խոսքում էլ ագրեսիա եւ թշնամանք կար: Ադրբեջանցի երիտասարդները կտրուկ հրաժարվում էին մեզ հարցազրույց տալ: Նրանք նույնիսկ չէին ցանկանում, որպեսզի Ադրբեջանում իմանան, որ հայերի հետ են հանդիպել:
Երկրորդ հանդիպման ժամանակ, թեեւ երկու կողմերի կազմը փոխվել էր, ավելի հեշտությամբ քննարկումներ ծավալվեցին Ղարաբաղի շուրջ: Այս դեպքում էլ, բնականաբար, անհամաձայնություն կար, կարծիքներն իրարամերժ էին, սակայն թշնամանք չկար: Երկու կողմն էլ հասկանում էին, որ պետք է իրենց երկրի դիրքորոշումը պաշտպանեն եւ միմյանցից չէին նեղանում: Մենք գրեթե մոտ էինք win-win տարբերակին:
Այս անգամ ադրբեջանցիները համարձակ հարցարզույցներ էին տալիս, խաղաղասիրական կոչերով էին հանդես գալիս, նշում էին, որ երիտասարդները չպետք է թշնամական վերաբերմունք դրսեւորեն միմյանց նկատմամբ:
Օրեր առաջ տեղի ունեցավ մեր 3-րդ հանդիպումը: Այս անգամ ավելի հեշտ էինք շփվում ադրբեջանցիների հետ: Դրան նպաստեց այն, որ մենք այլեւս չէինք վիրավորվում նրանց անտարբեր, երբեմն էլ անշնորհք վերաբերմունքից, քանի որ պատրաստ էինք դրան: Օրինակ` մենք նրանց հրավիրում էինք մաֆիա խաղալու, նրանք ասում էին, թե սիրով կխաղան, սակայն մի քանի րոպե անց գնում էին քնելու: Եթե ադրբեջանցիներից որեւէ մեկը մեզ հետ ջերմ շփման գնար, իրենց թիմի մյուս անդամները կարող էին կշտամբել նրան: Նրանք էլ էին դա հասկանում, այդ պատճառով դժվարանում էին ինքնուրույն որոշումներ կայացնել, մեր որեւէ առաջարկի պատասխանելուց առաջ իրար էին նայում` հասկանալու համար ընկերների կարծիքը:
Որքան էլ տարօրինակ է` այս անգամ Ղարաբաղի վերաբերյալ ընդհանրապես խոսակցություն չեղավ: Կամա թե ակամա` երկու կողմն էլ խուսափեց բանավեճից: Մենք արդեն հասկացել էինք, որ այդ խոսակցությունները ոչինչ չեն փոխում, նրանք իրենց կարծիքին են մնում, մենք`մեր: Փոխարենը երիտասարդների նյարդերն են տեղի տալիս: Այնպես որ, այս անգամ կոնֆլիկտաբանի նշած 4 տարբերակներից եւ ոչ մեկը չգործեց:
Ի դեպ, այս անգամվա սեմինարին սեղանի շուրջ միասին հավաքվելուց բացի հայ եւ ադրբեջանցի լրագրողներն այցելեցին Վրաստանի ռմբակոծված գյուղերը, զրուցեցին Գորիում ապաստանած փախստականների հետ, հանդիպեցին պաշտոնյաներին: Մեզ վրա չափազանց ծանր տպավորություն թողեցին այրված տները, որոնց միայն հիմքն ու սյուներն էին պահպանվել:
Երիտասարդ լրագրողներս պատերազմի տարիներին փոքրիկ երեխաներ ենք եղել, մահ չենք տեսել, այրված տներ, լքված գյուղեր չենք տեսել: Իսկ Վրաստանի գյուղերը հենց այդպիսին էին: Կարծես մեզ տարել էին այդտեղ, որպեսզի ցույց տային, թե պատերազմն ինչպիսի աղետներ է իր հետ բերում: Մեկ օրում մենք ավելի խորն ընկալեցինք պատերազմի հետեւանքներն ու ավելի շատ սիրեցինք խաղաղությունը:
Չնայած երեք օր շարունակ դրսեւորած անտարբերությանը`ադրբեջանցիները մեզանից բաժանվեցին ջերմությամբ եւ եւս մեկ անգամ հանդիպելու հույսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել