
Այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն եւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը եւ «Beeline»-ի հաճախորդների բավարարվածության բարձրացմանը:
Պատասխանելով «Հետքի» հարցին` «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը հստակեցրեց, թե ինչպես են ուսումնասիրելու մատուցվող ծառայությունների որակը: «Մեր կազմակերպությունը մոնիտորինգի տարբեր գործիքներ ունի, դրանցից են հեռախոսային թեժ գիծը, ունենք ինտերնետ կայք, որի միջոցով կարող ենք ստանալ դիմումներ: Բացի այդ` մենք ուղղակի այցելում ենք սպասարկման կենտրոններ եւ կարող ենք ասել, թե ինչպիսին է դրանց որակը: Հանրային քննարկումների ժամանակ եւս սպառողների կարծիքը բացահայտվում է»:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ անկախ փորձագիտական ուսումնասիրության շնորհիվ ընկերությունը կապահովի հետադարձ օբյեկտիվ կապ սպառողների հետ:
Նշենք, որ սա հանրային ծառայություն մատուցողի հետ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի համագործակցության երկրորդ հուշագիրն է, առաջինը ստորագրվել է «Երեւան-ջուր» կազմակերպության հետ եւ, ըստ Աբգար Եղոյանի, դրական արդյունք է տվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել