
Մարմաշենի վանքը հոգածության կարիք ունի (վիդեո)
Մի կերպ հաղթահարեցինք Մարմաշենի վանք տանող քայքայված, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, որի բարեկարգման հարցը տարբեր ատյաններում ամեն տարի բարձրաձայնվում է, բայց «ձայն բառբառոյ հանապատի…»:
Ինձ եւ ուղեկիցներիս հուսահատեցնողը թերեւս դա չէր, մի տեսակ սովորել ենք, որ պիտի փոշի կուլ տալով, մեքենան կոտրելու վտանգն աչքի առաջ ունենալով հասնենք սրբավայրեր: Բա ոնց, բա առաջ մարդիկ ուխտի ոտքով են գնացել, լիքը դժվարություններ են հաղթահարել, մի՞թե արժի նվնվալ ինչ որ 2-3 կմ անբարեկարգ ճանապարհի համար, հույս տվեցինք ինքներս մեզ: Անտանելին հեռվից բավական պարզ լսվող արաբաթուրքական պորտապարի հնչյուններն էին: Պարզ էր, որ վանքի տարածքում «քեֆչիների» հերթական խումբն է հավաքված: Ցավոք` 10-րդ դարի այս կառույցն ու նրա հարակից տարածքը խորհրդային տարիներից սկսած մինչեւ օրս ուխտավայր համարվելուց զատ նաեւ քեֆի, ուտել խմելու հարմար վայր է ընկալվում տեղացիների կողմից:
Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին): Մարմաշենի վանքի գլխավոր` Կաթողիկե եկեղեցին (ըստ հարավային պատի արձանագրության) 988-1029-ին կառուցել է հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին: Մարմաշենի վանքի Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն կառույցներից է (ենթադրվում է, որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է):
Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից և վերջինիս փոքրացված ընդօրինակությունն է թե՛ հորինվածքով և թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով: Երրորդ եկեղեցին (9-րդ դար) Կաթողիկեից հարավ է գտնվում: Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է: Համալիրի հարավ-արևմտյան կողմում 1954-1956-ին պեղումներից բացվել է չորրորդ եկեղեցին` արտաքուստ կլոր, ներսից չորս ավանդատներով, քառախորան գմբեթավոր հորինվածքով (նման Խծկոնքի վանքի Ս. Սարգիս եկեղեցուն):
Մարմաշենի վանքը եղել է Պահլավունիների տոհմական տապանատունը: 1045-ին Դվինի մոտ ճակատամարտում զոհված Վահրամ Պահլավունուն թաղել են Մարմաշենի վանքի Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային կողմում (հետագայում այն ներառվել է եկեղեցուն արևմուտքից կից կառուցված քառասյուն գավթի մեջ, որից պահպանվել են պատերի ստորին մասերը): XIX դ. վերջին տապանաքարը փոխարինվել է նորով: 9-րդ դարում սելջուկ թուրքերի արշավանքներից Մարմաշենի վանքը ավերվել է, Կաթողիկե եկեղեցին վերածվել է բերդի, իսկ վանքի տարածքում գյուղ է հաստատվել:
1225-ին Զաքարյան իշխանները (ըստ Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի արձանագրության) Պահլավունիներին վերադարձրել են հայրենի կալվածքները, այդ թվում` Մարմաշենի վանքը: Նրանց օժանդակությամբ Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբ իշխանը նորոգել են «անօրենների» ավերած Մարմաշենի վանքը, միավորել Մարմաշենի Մեծ և Փոքր վանքերը, վտարել վանքում բնակված գյուղացիներին, վերահաստատել միաբանությունը: 13-րդ դարում թաթար-մոնղոլների արշավանքներից Մարմաշենի վանքը կրկին ավերվել է և լքվել:
9-րդ դարի 30-ական թթ. (1828-29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո), երբ Ախուրյան գետը դարձել է ռուս-թուրքական սահման, Կարսից գաղթած հայերի մի խումբ բնակություն է հաստատել Մարմաշենի վանքի շուրջ` Կաթողիկե եկեղեցին դարձնելով ծխական եկեղեցի: 1870-ին Մկրտիչ Ջալալյանը նորոգել է վանքը, կից հիմնել դպրոց: 1883-ին երկրաշարժից քանդվել է վանքի հյուսիսային եկեղեցին: 1900-ին վանքում նորոգման որոշ աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1923-ից Կաթողիկե եկեղեցին դադարել է գործել, իսկ 1988-ի դեկտեմբերի 7-ի` վնասվել երկրաշարժից, ճաքեր են գոյացել հարավային պատին` գետնախարսխից մինչև գմբեթի գագաթը:
2000-2001թթ-ին Իտալիայից ժամանած Գայանե Կազնատիի ղեկավարծ խումբը վերականգնողական ու ամրացման աշխատանքներ է իրականացրել վանքում` այսպիսով փրկելով Կաթողիկեն փլուզումից:
«Բայց այսօր խնդիրը խոնավությունն է, վանքի հիմքերի տակ կուտակվող ջրերը, որ տակից իրանց գործն անում են ու ոչ մեկ չի ուզում էդ խնդրով զբաղվել»,-մեզ իր մտահոգությունն է փոխանցում վանքի մոմավաճառ Սամվել Մաթեւոսյանը: Նրա հայրը` Սերյոժա պապը 40 տարի Մարմաշենի վանքում պահակ է աշխատել ու վանք այցելող ուխտավորներին մոմ վաճառել: Հոր մահից հետո Սամվելն եկել է Գյումրիից, հաստատվել գյուղում, որպեսզի շարունակի նրա գործը: 7 տարի է` Սամվելը Մարմաշենի վանքի խնդիրը փորձում է բացատրել այցելու չինովնիկներին, հուսալով, որ մի օր իրեն տրված խոստումներն իրականություն կդառնան:
«Ամեն եկող-գնացողի խնդրել եմ, որ օգնեն, ձեզ էլ խնդրում եմ, որ գրեք էս մասին: Ճիշտ է, վանքը շատ ամուր է կառուցված, բայց դե գիտեք, հայտնի խոսք կա, ջուրը քար կծակե: Ներսից սկսել են շերտատվել պատի քարերը, բայց տեր էղնող չկա, ոչ հուշարձանների պահպանության վարչությունը տեր կեղնի, ոչ առաքելական եկեղեցին,-դժգոհում է մոմավաճառը,-ես ըսենք թե ամեն օր մաքրություն կենեմ, բայց մաքրություն էնելով վանքի պատերի խոնավությունը հո չի վերանա»:
Սամվել Մաթեւոսյանին հուսահատեցնում է նաեւ հնադարյա վանքի տարածքում լսվող տարատեսակ քեֆային տրամադրություն ապահովող հայկական ու ոչ հայկական երաժշտությունը: Ասում է. «Խայտառակ ենք էղել տուրիստների մոտ, բայց արգելող չկա, մեկմ չկա, որ ասի` գնացեք էն վերեւներում ձեր քեֆն արեք: Էս վերջերս մի խումբ էր եկել, արտասահմանցի տուրիստներ էին, գիդը ինձ էր խնդրում, թե գնացեք էդ քեֆ անողներին ասեք երաժշտության ձայնը գոնե ցածրացնեն, որ կարողանամ մարդկանց բան բացատրել: Բայց ես ինչ իրավունք ունեմ, կամ ինձ ով կլսի»:
Մարմաշենի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցու պատին ամրացված հուշատախտակից տեղեկանում ենք, որ այն պահպանվում է պետության կողմից, եւ որ պատասխանատուն էլ ՀՍՍՀ մինիստրների խորհրդի պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչությունն է: Իհարկե պարզ է, որ ցուցանակն այստեղ հայտնվել է խորհրդային տարիներին ու պահպանությունն էլ լավ թե վատ իրականացվել է այդ ժամանակ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պնդմամբ, Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Հուշարձանների պահպանության վարչության ենթակայության տակ, պատասխանտուն էլ Մշակույթի նախարարությունն է: Առաքելական եկեղեցին իրեն վերապահված գործառույթն իրականացնում է ամբողջովին`ունեն պահակ եւ մոմավաճառ, ում վճարում են, կա սպասարկող քահանա, ով գրեթե ամեն կիրակի պատարագում է վանքում:
«Մարմաշենի վանքը եկեղեցուն տրված է ոչ թե սեփականության, այլ գործածության իրավունքով, մենք այնտեղ միայն պաշտամունք կարող ենք իրականացնել,-ասում է թեմի առաջնորդը,-վանքի տարածքը պեղավայր է, որտեղ անորոշ ժամանակով հնագիտական արշավները դադարեցված են եւ ասեմ, որ առ այսօր Մարմաշենի վանքը որպես սեփականություն վերադարձված չէ առաքելական եկեղեցուն: Մայր աթոռը բազմաթիվ անգամներ այդ հարցը բարձրացրել է, մեզ երբեմն պատասխան է տրվել, թե այդ հարցը լուծված է, թե դուք տեղյակ չեք, Սրբազան, բայց իրականում դա այդպես չէ»:
Վանական համալիրում առկա խնդիրներն եւս թեմի առաջնորդը համարում է նախարարության եւ հուշարձանների պահպանության վարչության խնդիրը:
«Որովհետեւ ցանկացած մշակութային հուշարձան, ում էլ որ պատկանի, նախ եւ առաջ պետության սեփականությունն է եւ պետությունը պարտավոր է հոգ տանել այդ հուշարձանի մասին, եւ ոչ թե այդ մասին հիշել այն ժամանակ, երբ սեփականատերն այնտեղ ուզում է շինարարություն իրականացնել,-ասում է Միքայել Սրբազանը,-Մարմաշենի վանքում հսկայական աշխատաք կա անելու, ինչպես, օրինակ, Հաղարծինի վանքում: Այնտեղ շատ մեծ գումարներ ներդրվեց, հսկայական աշխատանք կատարվեց, մինչդեռ Հաղարծինն ավելի բարվոք վիճակում էր, քան Մարմաշենը: Մյուս խնդիրն էլ կա, որ Մարմաշենում կրկնակի շատ գումար պիտի ծախսվի, քան ծախսվել է Հաղարծինի դեպքում, որպեսզի վանական համալիրն լինի այնպիսին, ինչպիսին, որ ուզում ենք»:
Միքայել Սրբազանի վստահեցմամբ, աննկարագրելի ծավալի աշխատանք կա Մարմաշենի վանքում, ինչը վեր է Շիրակի թեմի ուժերից` իրականացնելու տեսանկյունից, իսկ պատկան ատյաններն էլ չեն շտապում որեւէ քայլ կատարել այդ ուղղությամբ:
Նախ` պիտի պարսպապատվի համալիրի ամբողջ տարածքը, ինչպես, ասենք, Հառիճավանքում է դա արված կամ Տաթեւի վանքում: Այս դեպքում ինքըստինքյան լուծվում է նաեւ քեֆային տրամադրությամբ վանք այցելողների խնդիրը: Պարիսպներից ներս այդ ամենը կարգելվի, որովհետեւ հայ ժողովուրդը, պարզվում է, պարիսպ հարգող ժողովուրդ է:
Վանքի տարածքում գտնվող այգին, որ կռվախնձոր է համայնքի եւ ինչ-որ անհատի միջեւ, վերջիվերջո կվերադարձվի եկեղեցուն: Հարկ է, որպեսզի ավարտին հասցվեն կիսատ մնացած հնագիտական պեղումները տարածքում: Բոլոր այն եկեղեցիները, որոնք խոնարհված են ու ենթակա կոնսերվացման, պիտի կոնսերվացվեն: Երկու կանգուն եկեղեցիները վերջնականապես պիտի վերանորոգվեն: Պետք է կառուցվի հզոր դրենաժային համակարգ, որը կլուծի ջրահեռացման խնդիրը` կանխելով վանքի հիմնային պատերի հետագա քայքայումը խոնավությունից:
Մեկնաբանել