
Հյուսիսային պողոտան կարուցապատման նախագծերի ընթացքում շենքերի բարձրությունը ընդունվել է 20-25 մետրի սահմաններում, այսինքն` Օպերայի 2-րդ հարկաշարի առավելագույն բարձրությամբ (25 մ): Սա ամրագրված է ՀՀ կառավարության 2000 թվականի 774 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով:
Սակայն այսօր Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի մեծամասնությունը բարձրահարկ են, այսինքն` խախտվել է կառավության որոշումը:
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուլիսի 8-ին գրավոր նամակ էր ուղարկել, որով խնդրել էր տեղեկացնել, թե կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ:
Վարչապետի փոխարեն Բաղդասարյանի նամակին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«…Տարածքի գոտիեւորման եւ կառուցապատման նախագծերի մշակման ընթացքում, քաղաքաշինական խորհրդում` բնագավառի համապատասխան մասնագետների մասնակցությամբ կայացած քննարկումների արդյունքում պողոտայի կառուցապատման սխեմայում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես` փոխվել է ճարտարահատակագծային առաջադրանքով սահմանված պողոտայի լայնությունը, ըստ այդմ նաեւ բարձրությունը»,- գրված է պատասխան նամակում:
«Ես իրենց չեմ խնդրել` ինձ բացատել, թե ինչու են բարձր շենքեր կարուցել, ինձ հետաքրքում է, թե կառավարության որ որոշմամբ է թույլատրվել այդ շենքերն այդքան բարձր կառուցել: Արդյո՞ք կա այդպիսի որոշում, թե՞ ոչ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սեդրակ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` «քաղաքապետարանին ձեռնտու է, որ որքան հնարավոր է բարձր շենքեր կառուցեն պողոտայում, որովհետեւ յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց կառուցապատողը ԾԻԳ-ին 20 դոլար պետք է վճարի: Այսինքն` կառավարության համար սա բիզնես-պրոեկտ է, որն իրականացվում է «պետական կարիքների» անվան տակ»:
Իսկապես, Կառավարության 909-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է.
«…կառուցող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին»:
Սեդրակ Բաղդասարյանը երեկ կրկին գրավոր հարցում է ուղարկել Տիգրան Սարգսյանին` նորից նույն խնդրանքով. տեղեկացնել, թե կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել