HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքակետում

Զինվորական հավաքակետն ընկղմված էր խոր քնի մեջ: Արթուն էր միայն հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը: Վերջինս, որ քսանից քսաներկու տարեկան մի երիտասարդ էր, անցակետ-տնակի պատի տակ նստած ունկնդրում էր բնության գիշերային համերգը: Դիմացի խոտերի մեջ ինչ-որ տեղ սերենադ էր երգում ծղրիդը` փորձելով առինքնել էգին: Քիչ այն կողմ` հին շինության ավերակների մեջ, լալկան ձայնով կանչում էր բուն: Իսկ զորամասից դեպի աջ ձգվող փոքրիկ դաշտում սովորականի պես որսի էին ելել շեկ շնագայլերը, որ, սուր դնչները վեր ցցած, ոռնում էին առ երկինք` ողջունելով լուսնի մահիկին... Գիշերվա ժամը չորսն էր: Զորամասի դիմացի բարձր թմբից այն կողմ ձգվող մայրուղուց մեքենայի շարժիչի ձայն լսվեց, ապա թմբի վրա վառվեց երեք զույգ լուսարձակ, ու ոլորապտույտ ճանապարհով դեպի հավաքակետի դարպասները սկսեցին դանդաղորեն իջնել նորակոչիկներով լի ավտոբուսները: Տղաների դեմքերին անցակետի հերթապահի օգնականը նկատեց եւ հոգնություն, եւ շփոթմունք: Թերեւս, այդպիսին էր նաեւ իր դեմքը մեկ տարի առաջ` այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեց այստեղ: Նորակոչիկները, որ մոտ հարյուրն էին, շուտով տեղավորվեցին իրենց համար նախատեսված զորանոցում` երկհարկանի զինվորական մահճակալներին, որոնք չունեին տան բազմոցի կամ թախտի փափկությունը, ու բացի այդ` մի քանիսը տհաճորեն ճռճռում էին: Այդուհետ երկու տարով պետք էր մոռանալ քաղաքացիական կյանքի վայելքներն ու ու հարմարվել բանակային խիստ նիստուկացին, որ կետ առ կետ սահմանված է զինվորական կանոնագրքերում: Մեկ ժամ անց հավաքակետում կրկին լռություն տիրեց: Ծղրիդի, բուի ու շնագայլերի համերգի ունկնդիրը դարձյալ միայն անցակետի հերթապահի օգնականն էր... Անտառապատ սարի գլխավերեւում պաղ կապույտն աստիճանաբար դեղնեց, ու շուտով երեւաց արեգակի շեկ հրագունդը, որի առաջին ճառագայթներն ընկան զինվորական հավաքակետի միահարկ, անշուք շինությունների` կիր քսած հին պատերին: Զորանոցի մուտքի մոտ հավաքված նորակոչիկները, որ երկար, հոգնեցուցիչ ճանապարհից հետո դեռեւս կիսաքուն էին, աչքերը տրորելով ու հորանջելով նայում էին չորսբոլորը, ուր միայն անտառապատ լեռներ էին: Արեւմուտքում` սարի ստորոտին, քաղաքն էր, որի տների մետաղյա տանիքները ադամանդի պես փայլում էին արեւի շողերի տակ: Քաղաքից ավելի մոտ գյուղն էր` եղեւնիների ու այգիների մեջ երեւացող մի քանի տներով ու ճանապարհամերձ գործարանով: Արեւմտյան լեռներից իջնում էր հեղեղահոս գետը, որ վարարել էր գարնանային անձրեւներից, ու հիմա, կավագույն ջրերի տակ առած ափամերձ ցածրադիր հողերը, սարերի միջով վազում էր դեպի արեւելյան հարթավայրեր: Զինվորական հավաքակետի դիմաց, փռված էր հսկա գունդը, որն իր չափերով հավասարը չուներ ամբողջ երկրի զինուժում: Բետոնե պարիսպների ներսում հերթականությամբ ձգվում էին մարզական ավանը, շարահրապարակը, շտաբի երկհարկանի շենքը: Ավելի ձախ երկշարասյուն կանգնած էին զորանոցները: Անծանոթի համար գունդը կարծես փոքր քաղաք լիներ, ու հիմա հավաքակետից դիտող նորակոչիկներին այն ինչ-որ բնակավայր էր թվում... Նորեկների ուշադրությունը շեղեց հավաքակետի դարպասների բացվելն ու դրանցով սրընթաց ներս մտնող սպիտակ «Նիվան», որ վայրկյաններ անց կանգ առավ միահարկ շինության առաջ: Մեքենայից դուրս եկավ մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, թիկնեղ, բեղավոր մի գնդապետ` դաշտային համազգեստով: Նրան դիմավորելու դուրս եկած մայորը պատվի առավ ու տվեց «Հավաքակետ, զգաստ» հրամանը: «Ազատ»,- իր հերթին հրամայեց գնդապետն, ու ձեռքսեղմումից հետո երկուսով ներս մտան: Շուտով բոլոր նորակոչիկները հավաքվեցին նույն այդ շինության առաջ ու հերթով սկսեցին ներսուդուրս անել գնդապետի մոտ, որը բանակի կազմզորահավաքային բաժնի պետն էր: Վերջինիս հարցերին պատասխանելուց հետո որոշվում էր տղաների հետագա երկու տարվա ճակատագիրը` ծառայության վայրը: Իսկ սպասումի յուրաքանչյուր ժամն ու րոպեն նման էր ամբողջ կյանքի: Նորեկներից շատերի հուզմունքն ու մտածկոտ դեմքերը վաղուց արդեն ծանոթ էին հավաքակետի զինվորներին, որ ամեն տարվա մայիս-հունիս ու նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդունում ու ճանապարհում էին հերթական զորակոչը: Կեսօրից շատ չանցած ժամանեցին կենտրոնական կայազորի ենթակայության զորամասերի մեքենաները: Մոտ մեկ ժամ պահանջվեց, որպեսզի հրապարակվեն անվանացուցակներն ու զինակոչիկները տեղավորվեն մեքենաներում, որից հետո գործի գցվեցին շարժիչները: «Բարի ծառայությու~ն, տղե~րք: Լա~վ կացեք»,- հավաքակետից դուրս եկող ամեն մի մեքենայի հետեւից բղավում ու նորակոչիկներին ի պատասխան` ձեռքով էր անում կրնկի վրա բացված դարպասների մոտ կանգնած անցակետի հերթապահի օգնականը... Օրվա երկրորդ կեսին ամառվա տապն անտանելի դարձավ: Զենիթում գտնվող արեւը ստիպեց մարդկանց ստվեր փնտրել ծառերի ու պատերի տակ կամ էլ պարզապես մտնել զորանոցները: Զորամաս մեկնելու իրենց հերթին էին դեռ սպասում մոտ քառասուն երիտասարդներ: Ի բարեբախտություն նրանց` 101-րդ լեռնահրաձգային դիվիզիայի Ն զորամասի «Սադկոները» շատ չուշացան: Երկու-երեք ժամից տղաները կլինեն սահմանապահ զորամասում, որն առաջնային գծից մի քանի տասնյակ կիլոմետր է հեռու: Հինգ ամսվա ուսուցումից հետո հենց նրանք պիտի կանգնեն խրամատում` ամեն վայրկյան աչալրջորեն հետեւելով հակառակորդի յուրաքանչյուր տեղաշարժի ու անհրաժեշտության դեպքում արձագանքելով սպառնացող վտանգին: Շուտով շտաբ մեկնեց նաեւ զորահավաքային բաժնի պետը, ու հավաքակետն ասես ամայացավ: Փոքրաթիվ անձնակազմը քաշվել էր հանգստի հով զորանոցում: Շինությունների ծերպերում շոգից պատսպարվել էին ծիծեռնակները: Էլեկտրալարերին էլ չէին երեւում սեւ սարյակների հոծ շարքերը: Խոտերի մեջ` թփերի ստվերում, թաքնվել էին կանաչ մողեսները: Լռել էր ծղրիդի երգը: Միայն ճնճղուկներն էին հանգիստը կորցրածի պես, իրար ձայնելով, ծառից ծառ ու տանիքից տանիք թռվռում: Կյանքը հավաքակետում կարծես կանգ էր առել: Երեկոյան կողմ` ժամը վեցին, երբ արեգակը հեռացել էր զենիթից, զորամասում կրկին աշխուժություն նկատվեց: Վերակարգի հերթափոխի էր պատրաստվում զինվորների նոր կազմը: Նույնն էր տեղի ունենում հարեւան գնդում, որտեղ, սակայն, ամեն ինչ կատարվում էր ըստ արարողակարգի: Վերակարգն ընդունող վաշտը թմբուկի համազարկերի տակ դասավորվել էր շարահրապարակում ու հիմա հրահանգավորվում էր զորամասի հերթապահի կողմից: Եվ այսպես ամեն օր` նույն ժամին, նույն տեղում: Ինչպես գրված է զինվորական կանոնադրության մեջ... Արեւն արդեն հասցրել էր շոշափել հորիզոնի գիծը, երբ զինվորական հավաքակետում զանգեց հեռախոսը: Բանակի օպերատիվ հերթապահը հաղորդեց հանրապետական հավաքակայանից դուրս եկած նորակոչիկների թիվը:  Զորակոչի հերթական խմբաքանակը հավաքակետ կհասնի հաջորդ օրը վաղ առավոտյան: Երկնքի կապույտն աստիճանաբար գորշացավ, ու հեռու անդաստաններից փչեց արեւելյան քամին: Քաղաքի տներում առկայծեցին առաջին լույսերը: Հավաքակետում վառվեցին լուսարձակները: Հարեւան գնդում երեկոյան զբոսանքի էին ելել զինվորները: Շարահրապարակ մտնող յուրաքանչյուր վաշտ, ստանալով «Երգո~վ, քայլո~վ մարշ» հրամանը, սկսում էր շարային երթը: Ու ամեն վաշտ երգում էր իր երգը: Հեռվից լսելի էր նրանցից մեկի խրոխտ քայլերգը. «Արցախն է կանչում իր տղաներին, պայքարում կոփված քաջ մարտիկներին: Ելեք, տղաներ, Արցախ դուք եկեք, արյունով ներկված հողերը պահեք...»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter