
Սեւանի ափին կորել է 5-ամյա երեխա
Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գտնվող՝ անհատ ձեռներեց Ջիվան Աֆրիկյանի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող տարածքում, խաղալիս կորել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել են որոնողական լայնածավալ աշխատանքներ, որոնցում ներգրավված են Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները և ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սևանի բաժնի աշխատակիցները:
Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Լևոն Առաքելյանի կողմից երեխայի մոր` Հասմիկ Գրիգորյանի անունից ընդունվել է հայտարարություն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ կորելուց առաջ երեխան խաղալիս է եղել իր չորս տարեկան եղբոր հետ: Որոնողական աշխատանքներում ակտիվորեն ներգրաված են նաեւ լճափին հանգստացողները: Իսկ հարակից անտառում որոնողական աշխատանքներն իրականացվում են ձիերով: Դեպքի վայր է բերվել նաեւ հատուկ վարժեցված շուն:
Ոստիկանության աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արշակ Կարապետյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել