
«Երեւան քաղաքի ավագանու ընտրություններն ավելի ամբողջացրին եւ ուժեղացրին կոալիցիոն գործընթացները»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ համայնքային ընտրությունները «մենք միշտ բերում երկրի ճակատագրի հետ ենք կապում, բայց դա ընդամենը համայնքային ընտրություններ են եւ կոալիցիոն քաղաքական ուժերի վրա ազդեցություն ունենալ չեն կարող»:
ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանի հայտնած տեսակետը, թե կոալիցիան որպես միասնական կառույց կայացած չէ, Գալուստ Սահակյանը չի լսել, իսկ որեւէ ոչ կոռեկտ բան կոալիցիոն ուժերից չի սպասում:
Իսկ ընդդիմադիր դաշտի հավանական դասակարգումը, ինչի համար առիթ է դառնում ճամբարում պարբերաբար հնչող տեսակետը, թե Ժառանգությունը արբանյակ ուժ է եւ ուզում է դոմինանտ ՀԱԿ-ին դուրս մղել ուղեծրից, ըստ Սահակյանի` բնական է. «Քաղաքական բանավեճեր պետք է լինեն, դա շատ բնական եմ համարում»:
ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը, որտեղ նշվել էր, թե Հայաստանի նախագահական ընտրությունները հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, Գ. Սահակյանը որակեց ոչ թե ԱՄՆ-ի
արձագանք, այլ վերլուծություն. «Այսինքն` ոչ թե կոնկրետ ընտրություններն են գնահատում, այլ փորձում են քաղաքական գնահատական տալ միջպետական փոխհարաբերություններին»:
Համաներման բանաձեւի մշակման ընթացքի մասին Սահակյանը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթի իրավական գնահատականը տալու է ԱԺ-ն, եւ առաջիկա քննարկումներից հետո ԱԺ-ն հնարավորություն կունենա այս ամսվա վերջին կամ հաջորդի սկզբին քննարկել համաներման հարցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել