
«Պետդեպարտամենտի զեկույցի մեջ, ինչպես միշտ, թացը չորի հետ խառնված է, բայց կան կետեր, որ առանձնապես վեճի առարկա չեն, մենք էլ գիտենք, որ նախագահական ընտրությունները ոչ ամենալավ ձեւով անցան, սակայն վիճելի է այն դրույթը, թե ճգնաժամը մինչ օրս հաղթահարված չէ»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Վահան Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչու պետք է զեկույցի պատճառով տուժեն փոքր համայնքները:
«Գուցե ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ն պետք է պահանջի իշխանությունների հրաժարականը» հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ իշխանությունների հետ կոշտ խոսելն ինքնանպատակ չէ. «Մենք ունենք կոպիտ խոսելու օրինակ` մարտի 1-ին եւ դրա նախորդ օրերին: Ես չեմ գտնում, որ իշխանությունները բացարձակապես անուղղելի են, եթե նման բան նկատեցինք, համապատասխան քայլերի կդիմենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը` ձեւավորել համագործակցության դաշտ «Ժառանգության» հետ, խմբակցության ղեկավարը ճիշտ է համարում, սակայն նշեց, որ համագործակցությունը Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ «պրոբլեմատիկ է, քանի որ մեծ դեր են խաղում ամբիցիաները»: Բայց Վ. Հովհաննիսյանը ամբիցիաներ չունի եւ պատրաստ է անել առաջին քայլը:
Իսկ «Ժառանգությանը» ընդդիմադիր մամուլի կողմից արբանյակ որակելը, ըստ Հովհաննիսյանի, ամբիցիոզ է եւ անխոհեմ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա իրական արբանյակները չեն կարող որեւէ մեկի հետ համագործակցել` չլինելով պապայի դերում, իսկ նրան պապայի դերում ՀՀ ոչ մի նորմալ քաղաքացի չի կարող տեսնել: Մենք էլ այս պայմաններում նրա հետ համագործակցության որեւէ դաշտ չունենք»:
Իշխանությունների հետ համագործակցությունը, ինչպես նշեց Հովհաննիսյանը, շարունակվելու է, մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք համահայկական նշանակություն ունեն:
Համաներումն էլ ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում. «Մարտի 1-ի հանձնաժողովին եթե չենք վստահում, ուրեմն մնում է համաներում անել»:
Լրագրողները հարցրին, թե ինչ կարող է նշանակել այն, որ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ընդդիմադիրներից հանդիպել է միայն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա նշանակում է, որ ինչ-որ կուսակցություններ ապահովում են արտահոսքը, իսկ որոշները` ոչ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել