
6 ամսվա ընթացքում Քաշաթաղի շրջանում վերաբնակեցվել է ևս 150 ընտանիք
Բերձորում Մուրադ Մարգարյանի բազամազավակ ընտանիքին բոլորը գիտեն: Ամուսինները 11 երեխա են դաստիարակում: Երբ մենք այցելեցինք նրանց, տանը միայն կինն էր`Փառանձեմը, աղջիկների և երկու փոքր տղաների հետ: Երեք որդիները գնացել էին մոտակա ձոր` մոշ հավաքելու:
Փառանձեմն ասում է, որ ինքը չի ուզում, որ որդիները գնան մոշ հավաքելու, բայց, մյուս կողմից էլ, չի կարող արգելել, քանի որ դրա կարիքն ունեն:
Ընտանիքի եկամտի աղբյուրը երեխաներին հասնող 96 հազար դրամ նպաստն է և ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը: Փառանձեմը չի աշխատում և ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար տնամերձ հողամասում մի փոքրիկ բանջարանոց է մշակում:
Նա խոստովանում է, որ կցանկանար ողջ հողամասը մշակել, բայց ջուր չկա: Օրվա ընթացքում հազիվ մեկ ժամ ջուր են տալիս, բակում դրված ջրամանն էլ չի հասցնում լցվել, որից երկու ընտանիք է օգտվում: Ջրի պակասից ամեն ինչ չորանում է:
«1998թ. մենք 4 երեխաների հետ Լոռու մարզի Լեռնապատ գյուղից տեղափոխվեցինք Արցախ: Լեռնապատ գյուղի բնակիչ էինք, բայց աշխատանքի պատճառով Սպիտակ քաղաքում վարձով էինք ապրում: Ամուսինս էր միայն աշխատում, իսկ նրա աշխատավարձով հազիվ յոլա էինք գնում»,- ասում է տիկին Փառանձեմը:
Որպես բազմազավակ ընտանիք` 2009թ.-ին 4 սենյականոց սեփական տուն է հատկացվել Մարգարյաններին: Փառանձեմն ասում է, որ 13 հոգուն չորս սենյակն էլ չի հերիքում: Հին տունը տրամադրել են նոր վերաբնակիչների` մինչև վերջիններիս բնակարանով ապահովելը:
«Ամռանը հեշտ է: Հենց ցրտերն ու անձրևները սկսվում են, խնդիրներն էլ հետն են ավելանում: Տանիքը լավ չեն ծածկել, ու անձրևաջրերից առաստաղը խոնավանում է: Մենք էլ տունը միայն մեկ վառարանով ենք տաքացնում, էն էլ չի հասցնում խոնավ պատերը չորացնել»,- պատմում է կինը:
Չնայած դժվարություններին` Փառանձեմը վստահեցնում է, որ Բերձորում ապրելն ավելի հեշտ է, քան ՀՀ-ում: Վերաբնակիչները մի շարք արտոնություններից են օգտվում` տուն կամ 2 միլիոն դրամի չափ շինանյութ է հատկացվում, մոտ 240 հազար դրամի չափ անասնավարկ է տրամադրվում, տեղափոխվելուն պես միանվագ գումար է տրվում, և յուրաքանչյուր շնչի համար 60 կ\վատ էլեկտրաէներգիան անվճար է:
Հեռանալու մասին Մարգարյանները երբեք չեն մտածել: Փառանձեմը, սակայն, չի կարող վստահեցնել, որ երեխաներն էլ կցանկանան մնալ: Նա ասում է, որ իր տեղը Բերձորն է:
Երբ արդեն պատրաստվում էինք դուրս գալ, տղաներից մեկը` Անդրանիկը, ներխուժեց սենյակ և մեզ չնկատելով՝ մորն ուրախ ասաց. «Երկու դույլ մոշը վաճառեցինք, նորից ենք գնում հավաքելու»:
13-ամյա տղան պատմում է, որ օրական հաջողվում է անգամ 10 դույլ մոշ հավաքել: Մեկ դույլը տղաները վաճառում են 3000 դրամով: Ողջ գումարն էլ տալիս է մորը տան ծախսերի համար:
Մեր այն հարցին, թե իրեն ոչ մի բան այդ գումարով չի՞ գնում, Անդրանիկն ասաց, որ երբ մայրիկը փող է տալիս, այդ ժամանակ էլ ծախսում է:
Մելիքյանների ընտանիքը Բերձոր է տեղափոխվել 2001թ., երբ Աշտարակում նրանց աշխատանքի վայրերում կրճատումներ են սկսել: Ընտանիքի բոլոր անդամներն եկած օրվանից աշխատում են, և Բերձորի չափանիշներով նրանց ընտանիքը համարվում է սոցիալապես ապահով:
Տիկին Գայանեն պատմում է, որ տեղափոխվելու գաղափարը որդունը` Գարիկինն էր: Վերջինս հյուր էր եկել ընկերոջ մոտ` Բերձոր, և շատ էր հավանել քաղաքը: Մի որոշ ժամանակ անց ողջ ընտանիքով տեղափոխվել են:
«Այս 10 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Մարդկանց մեծամասնությունն աշխատանք ունի: Ով էլ չի աշխատում, իր հողամասն է մշակում: Խնդիրներ իհարկե կան, որոնցից առաջնահերթը ջրի հարցն է: Այսօր մենք ժամով ենք ջուր ստանում, ինչը մանավանդ ամառային ամիսներին ընդհանրապես չի հերիքում»,- ասում է տիկին Գայանեն:
Այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ակտիվորեն խոսվում է զիջումների մասին, այդ թվում և տարածքային, տիկին Գայանեին մտավախություններ չի պատճառում:
«Ինձ չի թվում, որ Բերձորը կամ մեկ ուրիշ տարածք կզիջեն: Ես այստեղ վախ չեմ զգում, այլապես իմ ողջ ընտանիքով այստեղ չեմ ապրի: Այդքան տղաների արյան գնով ազատագրած հողերն այդպես հեշտությամբ չեն զիջում»,- համոզված է նա:
Արդեն 4 ամիս է, ինչ Գագիկ Զուռնաչյանը ընտանիքով Բերձորում է ապրում: Կինը` Հասմիկը, պատմում է, որ Աշտարակում, որտեղ ապրում էին, ամուսինը տրակտորիստ էր և աշխատանքն էլ սեզոնային էր:
«Բերձորում ամուսնուս ծանոթներից մեկը տեղի վարչակազմում վարորդի մշտական աշխատանք առաջարկեց, ամուսինս էլ համաձայնեց: Երկու փոքրիկներիս հետ եկանք, երրորդ երեխան այստեղ ծնվեց»,- ասում է Հասմիկը:
Կինը համոզված չէ` մշտական կմնա՞ն Բերձորում, թե՞ չէ: Այսօր նրանք ապրում են ուրիշի տանը, իսկ իրենց խոստացված տունը դեռ չեն հատկացրել: Ներկայիս տանը ձմռանը երեք փոքր երեխաների հետ ապրել չի լինի: Տունը անմխիթար վիճակում է:
Հասմիկը խոստովանում է նաև, որ Աշտարակում մնալու դեպքում իրենց վիճակը ավելի լավ չէր լինել: «Ամուսնուս 60 հազար դրամ աշխատավարձով և երեխայի 15 հազար դրամ նպաստով հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում: Եթե գոնե մեր սեփական տունն ունենայինք, տնամերձ հողամասը կմշակենք, էլի որ հնարավոր կլիներ նորմալ ապրել: Իսկ ներկա պայմաններում, երբ ամեն ինչ խանութից ենք գնում, անհնար է»,- ասում է նա:
Հասմիկը խոստովանում է, որ կամաց-կամաց հարմարվում է նոր միջավայրին, միայն թե վախի զգացողություն կա: Բանն այն է, որ արցախյան պատերազմի տարիներին իրենց գյուղը` Ծավը (Սյունիքի մարզ), նույնպես տուժել է:
Թեև բերձորցիների մեծամասնությունն ապահովված է աշխատանքով և մշտական եկամտի աղբյուր ունի, միևնույն է, նրանց մեծ մասը սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության իրերը շարունակում է պարտքով գնել:
Մուշեղը Գորիսից է տեղափոխվել Բերձոր և արդեն 16 տարի է, ինչ իր սեփական խանութն է աշխատեցնում: Նա ասում է, որ ստացած եկամուտով կարողանում է հոգալ ընտանիքի ծախսերը: Հաճախորդներից էլ խանութպանը չի բողոքում, միայն թե այսօր էլ մեծամասնությունը շարունակում է պարտքով գնումներ անել:
Ըստ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանի` շրջանի վերաբնակեցման գործընթացը ակտիվորեն շարունակվում է` շեշտը դնելով փախստականների վրա, ովքեր չունեն այլ բնակության վայր: Իսկ դա, Ա. Մխիթարյանի խոսքով, ենթադրում է, որ Քաշաթաղի շրջանը կդառնա մշտական բնակության վայր ոչ միայն նրանց, այլև սերունդների համար:
2011թ. հունվարից մինչ հուլիս 150 ընտանիք` մոտ 500 մարդ է վերաբնակեցվել Քաշաթաղի շրջանում: Ներկայումս շրջանում ապրում է մոտ 10 հազար բնակիչ:
«Վերաբնակչների նոր հոսք ենք սպասում սեպտեմբերի սկզբներին: Կան այնպիսի ընտանիքներ, որ միայն տան հայրն է եկել բնակարանային հարցերը լուծելու համար, որից հետո՝ մինչև դպրոցներում դասընթացները սկսելը, ընտանիքը կտեղափոխի»,- ասում է Ա.Մխիթարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե որքան մարդ են նախատեսվում վերաբնակեցնել շրջանում, Ա.Մխիթարյանն ասաց, որ թվային նպատակներ իրենց առջև չեն դրել:
«Ուզում ենք շրջանը զարգացած և Արցախն ուժեղացած տեսնել: Ներկայիս երկակի, եռակի ստանդարտների պարագայում տեսնում ենք, որը իրավունքն ուժեղինն է: Իսկ ուժը ոչ միայն մարտունակ բանակն է, որը մենք ունենք, այլև տնտեսական զարգացումը, ինչի նախադրյալները ևս ունենք»,- համոզված է Ա.Մխիթարյանը:
Խոսելով ղարաբաղյան հինախնդրի բանակցային գոծընթացի, տարածքների զիջումների մասին` Ա.Մխիթարյանն ասաց, որ ինչպես բազմիցս է ասել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, մենք ունենք ոչ թե ազատագրած, այլ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ:
«Այստեղ յուրաքանչյուր բնակիչ, ով բահը ձեռքին փորում է հողը, պատրաստ է վաղը պետք եղած դեպում այդ նույն բահով պայքարելու: Միայն երբեմն-երբեմն Երևանից ենք լսում տարածքներ հետ տալու վերաբերյալ զրույցներ: Այստեղ ոչ ոք նման բան չի մտածում, մենք տալու հող չունենք: Արյան գնով ազատագրված հողերը չեմ կարծում, որ ինչ-որ մեկը գրչի հարվածով մեկ ուրիշին կտա»,- վստահեցնում է Ա.Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է տեղում եղած խնդրիներին, Ա.Մխիթարյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատաքներ կատարվում են: Ներկայումս նոր հիվանդանոց, դպրոցներ ու մանկապարտեզ են կառուցվում շրջկենտրոնում և տարբեր համայնքներում:
Ինչ վերաբերում է շինարարության համար անհրաժեշտ միջոցների հատկացմանը, Ա.Մխիթարյանն ասաց, որ, բացի պետական միջոցներից, կան նաև մի շարք բարերարներ: Չնայած մեր խնդրանքին` Ա.Մխիթարյանը որևէ կոնկրետ բարերարի անուն չտվեց և բացատրեց, որ չի ցանկանա մեկին նշել, մյուսին անտեսել:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել