
«90-ից ավելի դեպք ենք գրանցել, երբ ընդդիմությունը դիմել է հանրահավաք անցկացնելու, բայց թույլտվություն չի ստացել, բայց այն դեպքերը, երբ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել, ընթացել է խաղաղ, հանգիստ, ինչը կասկածի տակ է դնում, թե ինչու ի սկզբանե դրանք արգելվում էին»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ներկայացնելով իր տարեկան զեկույցի երկրորդ մասը` 2008թ խնդիրները:
2008 թ. տարեկան զեկույցում օմբուդսմենը անդրադարձել է խոսքի ազատության և լրագրողների անվտանգության խնդրին. «Մեզ համար միանշանակ է «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանի դեպքը, երբ բոլորը տեսան, թե ինչպես է ոստիկանը նրան հարվածում, բայց այդպես էլ որեւէ արձագանք չեղավ, այդ կադրերը ամբողջ հանրապետությունը տեսավ»։
Որպես օրենքի տարբերակված մոտեցման օրինակ Ա. Հարությունյանը մատնանշեց Գյումրիի «ԳԱԼԱ» և «Բջնի» ընկերությունների օրինակները. «Մենք չենք խորանում, թե օրենքի տեսակետից պրոբլեմներ կային, թե չկային: Զարմանալի է, որ ինչ-որ մի ժամանակից են սկսում այդ օրենքի հետ պրոբլեմները: Հարց է առաջանում «Բջնիի» դեպքում, թե ինչու պարզվեց, որ միայն այս ընկերությունն օրենքի հետ պրոբլեմներ ունի, օրենքը պետք է տարբերակված չգործի»:
Մյուս խնդիրն էլ վերաբերում է սեփականության օտարման անօրինական քայլերին. «100-ից ավել բողոքներ ունենք, որ մարդկանց բնակարանները գնահատում են կադաստրային գներից ավելի ցածր»: Ա. Հարությունյանը նշում է, որ 7 տարվա ընթացքում սեփականության իրավունքով քաղաքացի դատարանում գործ չի շահել, սակայն Ստրասբուրգի դատարան դիմելուց հետո արդարությունը վերականգնվել է:
Խնդիրներից մեկն էլ վերաբերում է աշխատանքային խնդիրներին. «Օրինակ՝ «Ժամանակ Երեւան» օրաթերթի լրագրողին ազատել են Գլաձոր համալսարանից հիմնավորումով, թե նա չի համապատասխանում դասախոսի կոչմանը, բայց նա երկար տարիներ աշխատել է այդտեղ»:
Պաշտպանը խոսեց նաեւ շրջակա միջավայրի մասին. «Երեւան քաղաքը վերածվում է կիսաանապատի, պետք է իշխանության համապատասխան օղակները մտահոգվեն խնդրով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել