
Շուշիի պարսպապատերից ներս գտնվող Մխիթարաշենի դարպասների պեղումները վկայում են, որ այդ տարածքը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբին: Այսպիսով, սա ապացուցում է, որ ճշմարտությանը չի համապատասխանում ադրբեջանցիների հորինած առասպելը, ըստ որի` Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահ խանն է բնակեցրել:
Այսօր Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց «Մշակութային հետազոտություններն Արցախում» ցուցահանդեսը` նվիրված Արցախյան շարժման 21-րդ տարեդարձին:
Շուշիում, Հանդաբերդի վանքում եւ Տիգրանակերտում շուրջ 5 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ վկայություններ` քարե հայատառ արձանագրություններ , դամբարաններ, որոնք վկայում են այդ տարածքներում հայ էթնիկ տարի ու մշակութային ինքնության առկայության մասին: Արցախյան հնագիտական արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ասաց, որ վերը նշված տարածքները մեր ազգային հպարտությունն են:
«Մենք պարտավոր ենք դրանք ուսումնասիրել ամենայն բարեխղճությամբ եւ աշխարհին ի ապացույց ներկայացնել այդ տարածքների հայկական լինելու ճշմարիտ փաստերը»,- ասաց Հ.Պետրոսյանը:
Ցուցահանդեսին ներկա էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Այս ամենը մեր նյութական ապացույցն է, թե մենք որտեղ ենք ապրել, ինչ ճարտարապետական հնարքներ ենք գործածել քաղաքաշինության մեջ»,-ասաց նախարարը:
«Հայտնաբերված կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կարուցվել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ բարձր շինարարական տեխնիկայով»,-նշեց Համլետ Պետրոսյանը:
Պեղումներն ամբողջությամբ ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը, սակայն Հասմիկ Պողոսյանի խոսքերով ՀՀ-ը նույնպես անմասն չի մնացել աջակցություն իրականացնելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել