
Հայացք Արցախից. Հայկ Խանումյանի բաց նամակի հետքերով
Վերջերս «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանը բաց նամակ է հղել ՀՀ քաղաքացիական հասարակությանը: Հայկ Խանումյանի նկատմամբ երկու տարի շարունակ տարբեր ճնշումներ և խոչընդոտներ են եղել, որոնց մասին նա նշել է իր բաց նամակում:
Նամակի եւ հրապարակված փաստերի վերաբերյալ «Հետքի» հետ զրույցում իրենց կարծիքներն են հայտնել ՀՅԴ-ի Արցախի Ապառաժ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը, արցախյան ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ըստ Դավիթ Իշխանյանի` կատարվածն ավելի շատ վերաբերում է հասարակական դաշտին, քան քաղաքական:
«Հայկ Խանումյանի հետ մի տարի առաջ համագործակցել ենք, միասին կոնֆերանս կազմակերպել. այսքանը կարող եմ միայն ասել: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա չեմ կարծում, որ մեր օրերում հնարավոր լինի ինչ-որ բանի համար մարդուն ճնշել կամ հետապնդել: Տարիներ առաջ դա եղել է, ճնշվող ու հետապնդվող կառույցներից մեկն էլ Դաշնակցությունն է եղել»,- ասաց Դ.Իշխանյանը` հավելելով, որ Հայկի հորն աշխատանքից ազատելու մասին էլ մեզանից տեղեկացավ ու դրա վերաբերյալ ոչինչ ասել չի կարող:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանի կարծիքով, այն, որ այսօր քննարկվում է Հայկ Խանումյանի հետ կատարված միջադեպը, խոսում է ավելի շատ ազատ խոսքի, քան ճնշումների մասին:
«Եթե մարդ իր առջև խնդիր է դրել պայքարել պետական մեքենայի դեմ, ապա պետք է պատրաստ լինի նաև շատ հարվածների ու խոչընդոտների»,-ասում է Ա.Պետրոսյանն` ավելացնելով, որ ինքը չի կարծում, թե իշխանությունները դեմ են տրամադրված: Ըստ պատգամավորի` Հայկ Խանումյանի դեմ տրամադրված են մի քանի չինովնիկներ, և լուրջ ճնշումներ կամ հետապնդում ինքը չի նկատում:
Նա ժամանակին խորհուրդ է տվել Հայկին դիմել դատարան` Արցախի պետական համալսարանից դասախոսի պաշտոնից ազատվելու համար: Այսօր էլ ուշ չէ, համոզված է Ա.Պետրոսյանը, և եթե անգամ չհաջողվի հաղթել դատը, առնավազն իրավական հիմք կունենա:
«Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ աջակցել Հայկին, քանի որ ինքս էլ չեմ տանում, երբ փորձում են մարդու վրայով անցնել»,- ասում է Ա.Պետրոսյանը: Միաժամանակ ավելացնում է, որ ժամանակին զիջելը երբեմն ավելի մեծ հաղթանակ է:
«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի երիտասարդական ծրագրերի կոորդինատոր Ալեքսանդր Բադալովն ասում է, որ Հայկ Խանումյանին ճանաչում է ավելի քան երեք տարի:
«Այն, որ նա իր հոդվածներում մատնանշում է որոշ մարդկանց և փաստեր է բերում, շատ ողջունելի է: Դա խոսքի ազատության և դեմոկրատիայի վառ դրսևորում է: Ցանկալի կլիներ, որ նման մարդիկ ավելի շատ լինեին, և ավելի ակտիվ ընթանար նման կարգի հասարակական գործունեությունը»,- ասում է Ա.Բադալովը:
Հոր միջոցով Հայկի վրա ազդելը, ըստ Ալեքսանդրի, իշխանություների սխալ քաղաքականությունն է, որը պատիվ չի բերում իշխանությանը: Չի կարելի թույլ տալ մարդու նկատմամբ նման հաշվեհարդար տեսնել:
Զրուցակիցս հավաստիացնում է, որ մի շարք միջազգային և տեղական կազմակերպություններ աջակցում են Հայկին և փորձելու են հասնել արդար վերաբերմունքի վերջինիս նկատմամբ: Ալեքսանդրը հուսով է, որ հարցը դրական լուծում կստանա:
Անուշ Ղավալյանը դեռ ուսանող էր ԱրՊՀ-ում, երբ ծանոթացավ Հայկ Խանումյանի հետ: Նա պատմում է, որ չնայած Հ. Խանումյանն իրենց կուրսում չէր դասավանդում, լսելով նրա դասավանդման մեթոդների և Ստրասբուրգում կրթություն ստանալու մասին, ընկերուհիներով կամավոր մասնակցել են նրա դասախոսություներին:
«Հայկի հետ մեր շփումը շարունակվեց նրա հասարակական կազմակերպության շրջանակներում: Այսօր էլ մենք համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, և ես պատրաստ եմ նրան աջակցել իր գործունեության մեջ»,- ասաց Անուշը:
Երիտասարդների մի մասն էլ չի հավատում, որ այդ ամենը իրականությանը համապատասխանում է, ուստի ոչ մի կերպ մեկնաբանել չկարողացավ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել