
Կոտայքի թեմի առաջնորդարանը լրագրողին ժամադրում է 22:00-ին (աուդիո)
Ծաղկաձորի Սուրբ Հարություն եկեղեցում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Զանգահարեցինք Կոտայքի թեմի առաջնորդարան՝ հասկանալու, թե արդյո՞ք շինարարությունը նախագիծ ունի, որը հաստատվել է նաև մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:
Ինչպես տեղեկացրին առաջնորդարանից, թեմի առաջնորդն արձակուրդի էր մեկնել և մեր հարցերին պատասխանեց «առաջնորդի տեղակալի տիպի մի բան» Հարություն Հարությունյանը:
Հարություն Հարությունյանը նշեց, թե Սուրբ Հարություն եկեղեցում ընդամենը բարեկարգման և հողահեռացման աշխատանքներ են կատարվում, իսկ թե արդյո՞ք դա հաստատված է հուշարձանների պահպանության գործակալության կողմից. «Ես դա արդեն չգիտեմ, պիտի որ լինի էլի թույլտվություն: Բարերարն ինքն է կազմակերպում և ֆինանսավորում, չեմ կարծում, որ համաձայնեցրած չլինի»,- պատասխանեց նա:
Մենք ականատես եղանք, որ Սուրբ Հարություն եկեղեցու բազալտե հատակը փոխարինվել էր սալահատակով: Իսկ եկեղեցու երկու կողմերից կառուցվում էին դեպի վանքը տանող աստիճաններ:
Ինչպես մեզ հայտնել էր Ծաղկաձորի Կեչառիս վանքից Գևորգ սարկավագը, Սուրբ Հարություն եկեղեցու բարեկարգումն իրականացվում է գեներալ Վլադիմիր Գասպարյանի ֆինանսավորմամբ, ով նաև Կոտայքի թեմի ատենապետն է:
Բացի բարեկարգումը՝ Սուրբ Հարություն եկեղեցու և Կեչառիս վանքի միջև տեղի է ունենում շինարարություն:
Շինարարության հետ կապված հարցերիս պատասխանելու փոխարեն՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ չի պատրաստվում հեռախոսային հարցաքննություն անցնել, այլ այդպիսի հարցերի պատասխանն իմանալու համար մեզ անհրաժեշտ է հանդիպել, համաձայնեցնել թեմի հետ:
Երբ խնդրեցի հանդիպման ժամ և վայր ասել, Հարություն Հարությունյանն առաջարկեց հանդիպել երեկոյան 10-ին, Ծաղկաձորում՝ Կոտայքի թեմի առաջնորդարանում:
Հեռախոսազրույցը՝ Հարություն Հարությունյանի հետ:
Մեր հեռախոսազրույցից մոտ 20 րոպե անց, զանգահարեց Հարություն Հարությունյանն ու ասաց. «Ճիշտ կլինի, որ սպասեք մինչև օգոստոսի 16-ը. առաջնորդն արձակուրդից կգա ու ձեր բոլոր հարցերին կպատասխանի: Թե չէ ես ասեցի՝ 10-ին եկեք, եսիմ, որ գաք կկարողանամ պատասխանել ձեր հարցերին, թե չէ»:
«Հետքը» դեռևս անդրադառնալու է Կեչառիս վանքի տարածքում տեղի ունեցող լայնածավալ շինարարությանը իր հաջորդ հրապարակումներում:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել