Սուրբ Սարգիսը բարեխոս եւ սիրո ապավեն
Շաբաթներով խնամված եւ Սուրբ Սարգսի օրվա համար նախապատրաստած կանաչ խոտն այսօր «Սիրահարների պուրակում» մի քանի րոպեների ընթացքում անխնա տրորվեց: Անվճար բաժանվող փուչիկների, սուրճի եւ քաղցրավենիքի մոտ աներեւակայելի իրարանցում էր, մեկին ոչինչ չէր հասնում, մեկն էլ հեռանում էր քաղցրավենիքով լիքը գրպաններով ու ձեռքին մի քանի փուչիկներով: Փուչիկներով ամենաշատը հետաքրքրվում էին տարեց մարդիկ, իսկ դառը սուրճով 12-13 տարեկան տղաները: Ս.Սարգսի տոնին նվիրված գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ «Սիրահարների պուրակում», որտեղ ժամը 14:00-ից ուրախ տրամադրությամբ երիտասարդների եւ ծերերի, մայրերի եւ երեխաների մեծ կուտակումներ էին:
Բացի անվճար բաժանվող փուչիկներից մարդկանց զվարճություն էին պատճառում փահլեվանը, սպիտակ ձիավորը եւ հայ էստրադայի երգիչ-երգչուհիները: Մեկ ժամ անց տոնակատարությանը միացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունեց բոլորին եւ հաճելի ժամանց մաղթեց:
Երիտասարդները, չնայած բազմամարդությանը, «Աղջիկ փախցնոցի» էին խաղում, երգում էին, պարում:
16-ամյա Անին իր 4 ընկերուհիներով էր եկել այս տոնը նշելու.«Ուրախ եմ, որ արդեն ջահելներով կարող ենք այսպես հավաքվել ու ուրախանալ»:
Իսկ Հերմինեն եւ Արտավազդը նշում են իրենց առաջին Ս.Սարգսի տոնը, հավատալով, որ սիրո բարեխոսը երջանկություն է բերելու իրենց սիրուն. «Շատ գեղեցիկ տոն է, եւ ուրախ եմ, որ արդեն ազգովի նշում ենք մեր եկեղեցու կողմից ընդունված տոնը, այլ ոչ «Ս. Վալենտինը»,-ասաց 22-ամյա Հերմինեն:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել