
Մշակույթի նախարարությունը ականջի հետև՞ է գցել «Չենք լռելու»-ի հարցումը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հուլիսի 22-ին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ անհատ բարերարներից և ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել և նորոգվում են բազում սրբավայրեր:
«Միևնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- նշել էր Մելիքյանը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դեռևս հուլիսի 23-ին խնդրանքով դիմել էր մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում հուշարձանների պահպանության գործակալությունը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Որևէ պատասխան առ օրս չի ստացվել:
«Չենք լռելու»-ն ստիպված է ևս մեկ անգամ խնդրել նախարարությանը պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ:
Ամենայն հավանականությամբ, որոշ մարդիկ չեն հասկանում, որ իրենցից է կախված հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման խնդիրը:
Կո՛չ ենք անում լրագրողներին հետամուտ լինել այս խնդրի լուծմանը: Թույլ չտա՛նք, որ մեր աչքի առջև կործանվի մեր իսկ պատմությունը:
Տեղեկացնում ենք նաև, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այժմ պատրաստում է աուդիոսլայդշոու Հայաստանի տարածքում գտնվող հնավայրերի վիճակի վերաբերյալ: Աուդիոսլայդշոուի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել