HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բջնիի» գույքը հանվելու է աճուրդի

Դատական ակտերի հարադիր կատարումն ապահովող ծառայության մամլո քարտուղարն այսօր հաղորդագրություն է տարածել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքը եւ գույքային իրավունքները աճուրդով վաճառելու մասին: Աճուրդը մեկնարկելու է դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը ավելի քան երկու ամիս պարապուրդի էր մատնված: Աշխատանքից զրկվել էին գործարանի ավելի քան 400 աշխատողներ, որոնց 70 տոկոսը Չարենցավանի բնակիչներ են: Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել ընկերությունից բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ: Հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները առգրավել էին գործարանի տրանսպորտային միջոցները, կապարակնքել ընկերության պահեստները, արգելանք դրել ընկերության բանկային հաշիվների վրա:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նոյմեբերի 27-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ վարչական դատարանը մերժել է ընկերության հայցադիմումը առ այն, որ «բռնագանձումը շարունակվի արտադրանքի իրացումից գոյացած գումարների 40 տոկոսի նկատմամբ», ինչը, ըստ փաստաբանի, ընկերությանը հնարավորություն կտար շարունակել գործել` գումարների մնացած 60 տոկոսը օգտագործելով աշխատավարձերի եւ կոմունալ ծառայությունների, դատական եւ փաստաբանական ծախսերի, ինչպես նաեւ ընթացիկ հարկերի վճարման համար: Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարանում, սակայն հայցը առայժմ չի քննվել:

«Արդեն բռնագանձման գործողություններ են սկսվել, եւ այս պահին հետեւանքները առավել քան ցավալի են,- նշել էր «Բջնի» գործարանի շահերի պաշտպանը:- Ես կարծում եմ, հնարավոր էր սպասել վճռաբեկ դատարանին, տեսնել դատարանն ինչ է որոշում: Դրա փոխարեն գործարանը ուղղակի գնում է ոչնչացման»: Գործարանի աշխատողները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել Երեւանում, սակայն քաղաքապետարանը չի արտոնել միջոցառումը: «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի հիմնադիրը` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter