
Կտա՞ Գագիկ Ծառուկյանը գերմանացի ներդրողին 600 հազար դոլարը
Անշարժ գույքի գնահատման «Անիկոմ» ընկերությունն արդեն ավարտել է ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի գնահատման համար նշանակված փորձաքննությունը:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը շուրջ 600 հազար դոլար պետք է վճարեր գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերին (նրա ղեկավարած կազմակերպությանը), ով կոմբինատում ուներ 3,2 տոկոս բաժնեմաս: Հիշեցնենք, որ «ԻստԻնվեստոր» ընկերությունը, որը ներկայացնում էր տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը, իր բաժնեմասը կորցրել էր կոմբինատում բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) հետևանքով:
Հիշեցնենք, որ «ԻստԻնվեստորը» 2010 թ.-ին դատական հայց է ներկայացրել «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի դեմ` ընկերությունում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու համար: Ստեֆան Լաքսհուբերը պնդում է, որ ընկերությունը արհեստականորեն արժեզրկել է սեփական կապիտալը, որպեսզի նվազեցնի նաեւ բաժնետոմսերի շուկայական գինը:
Դատավոր Ա. Մելքումյանն անցյալ տարվա ապրիլին բավարարեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը` նշանակելով կոմբինատի դատահաշվապահական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն: Այդ օրվանից դատական նիստերն ընդհատվել էին մինչև փորձաքննության ավարտը:
Առաջին փուլում դատաապրանքագիտական համալիր փորձաքննության է ենթարկվել անշարժ գույքը, ինչի արդյունքում այն գնահատվել է 6 մլրդ 778 մլն 40 հազար դրամ: Երկրորդ փուլում դատաապրանքագիտական համալիր փորձաքննության է ենթարկվել հաշվեկշռում առկա մնացած հիմնական միջոցները, որը գնահատվել է 2 մլրդ 135 մլն 494 հազար դրամ արժեքով:
Հայցվոր կազմակերպության ներկայացրած տեղեկության համաձայն` Ընկերության հաշվապահական հաշվեկշիռը վկայում է, որ` 2008-ի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունը շուրջ 10.6 մլրդ դրամի հիմնական միջոցներ է ունեցել, 2008-ին հոկտեմբեր ամսվա համար ընկերությունը վերագնահատել էր իր հիմնական միջոցները և սահմանել է այն 5,3 մլրդ. ՀՀ դրամ: Նույն հաշվեկշռի համաձայն` ընկերության կուտակված շահույթը 2008-ի հունվարի 1-ի դրությամբ արտացոլված է եղել 16, 3 մլն. ՀՀ դրամ, իսկ 2008-ին հոկտեմբեր ամսվա դրությամբ այն սահմանվել է բացասական մեծությամբ (ինչը համարվում է վնաս) 3 մլրդ դրամից ավելի:
Այս թվերի պարզ գումարման միջոցով (3,6 մլրդ + 3 մլրդ) ստացվում է, որ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ավելի քան 6 մլրդ դրամով արհեստականորեն պակասեցրել է իր սեփական կապիտալը, որպեսզի պակաս վճարի փոքր բաժնետերերին:
«Ես հուս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ տեղյակ չի եղել այս մեքենայությունների մասին, և այս «արջի ծառայությունը» մատուցել է նրան կոմբինատի ղեկավարությունը: Հակառակ դեպքում բարեգործի համբավ վայելող Գ. Ծառուկյանը պետք է գոնե հանրությանը պարզաբանի, թե ինչու չի ցանկանում փոքր բաժնետերերին վճարել նրանց հասանելիք գումարը»,- ասում է Ստեֆան Լաքսհուբերը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել