
Ո՞ւմ է ներում երկրի նախագահը
Վերջին անգամ ՀՀ նախագահի ստորագրած ներման հրամանագրի մասին հանրությունն իմացել է 2009-ին, երբ տեղեկատվություն տարածվեց 2008թ. մարտի 1-ի գործով 2-3 տարվա ազատազրկման դատապարտված 16 անձանց ներում շնորհելու մասին: Համենայնդեպս, սա նախագահական ներման մասին միակ տեղեկատվությունն է, որ գտանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Իսկ դրանից առաջ ու դրանից հետո թե ում է ներել նախագահ Ս. Սարգսյանը, պարզվում է՝ գաղտնիքին հավասարազոր տեղեկատվություն է:
Միայն հայտնի է, որ անցյալ տարի ներման խնդրագրով նախագահին դիմել է 424 դատապարտյալ, որոնցից ներում է շնորհվել 23-ին: Ներման արժանացածներից գրեթե բոլորը դատապարտվել են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Այս մասին «Հետքի» հարցմանը պատասխանելով՝ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների ու կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանը:
Ովքե՞ր են ներված 23 դատապարտյալները
Սակայն ովքե՞ր են այդ 23 դատապարտյալները, ինչո՞ւ են ընտրվել հենց այդ 23 անձինք, ի՞նչ հիմքով է մերժվել 401 դատապարտյալի խնդրագիրը. նախագահական նստավայրում այս տեղեկությունները պահվում են հազար կողպեքի տակ: Հանրությանը չեն ներկայացվում ներվածների անունները: «Հետքը» խնդրել էր հրապարակել 23 ներված դատապարտյալների անունները ու ստացել է մերժում՝ հետևյալ հիմնավորմամբ.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության: Հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններ: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»:
Փաստաբանների պալատի անդամ Անի Թորոսյանը կարծում է, որ նախագահի ներման հրամանագրերը պետք է հրապարակվեն, քանի որ «ներում շնորհելու մասին հրամանագիրը չի կարող պարունակել անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ: Նույն կանխավարկածից ելնելով՝ ուրեմն չպետք է հրապարակվեն դատական ակտերը, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք հասանելի են հանրությանը և տեղադրված են պաշտոնական www.datalex.am կայքում: Ուրեմն ո՞րն է տրամաբանությունը, եթե դատավճիռը առանց անձի համաձայնության հրապարակվում է և «չի պարունակում անձնական կյանքի մասին տեղեկություններ», սակայն նույն դատավճռով դատապարտված անձին ներում շնորհելու հրամանագիրը համարվում է հանրության համար ոչ հասանելի: Եթե նույնիսկ դիտարկենք այդ հրամանագրերը որպես անհատական ակտեր, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով»: Ուստի, ամեն դեպքում նշված հրամանագրերը ենթակա են հրապարակման»:
«Հետքը» զրուցեց նաև այլ իրավաբանների հետ՝ Արա Ղազարյան, Արտակ Զեյնալյան, Արա Զաքարյան, ովքեր ևս նույն պարզաբանումը տվեցին՝ նշելով նաև, որ «Իրավական ակտերի մասին» հոդված 59-ում սահմանված է, որ հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: «Որքան էլ հայեցողական լինի երկրի նախագահին տրված` դատապարտյալներին ներում շնորհելու լիազորությունը, այդուհանդերձ, նա չի կարող դա կամայական իրագործել կամ չիրագործել»,- նկատեց իրավաբան Արտակ Զեյնալյանը:
Քրեական իրավունքի հին համակարգերից մեկը
Նշենք, որ նախագահը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, ունի դատապարտյալներին ներելու իրավունք: Իսկ 2003թ. նախագահը հրամանագիր է ստորագրել դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը սահմանելու մասին:
Նախագահի կամ միապետի ներման ինստիտուտը տարածված է ամբողջ աշխարհում, համարվում է քրեական իրավունքի հին համակարգերից մեկը: Ի դեպ, մտածողներից Կանտն ու Վոլտերը շատ են քննադատել ներման ինստիտուտը՝ նշելով, որ միապետը այդպիսով ներում է արքունիքի հովանավորչությունը վայելողներին: Այնուամենայնիվ, ներումը հասել է մինչև ժամանակակից աշխարհ: Այն վկայում է երկրի ղեկավարի մարդասիրության, մեծահոգության մասին: Հաճախ կիրառվում է քաղաքական նպատակներով՝ ընտրություններից առաջ կամ հետո: Կիրառվում է նաև պետական ու կրոնական տոների առիթով:
Կան երկրներ, որտեղ երկրի նախագահը ներում է շնորհում նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածներին: Օրինակ՝ Դանիայում ցմահ դատապարտյալին թագավորը կամ թագուհին 12 տարի անց կարող են ներում շնորհել` 5 տարի փորձաշրջանով: Հոլանդիայում ցմահ դատապարտյալները 20 տարի անց կարող են դիմել թագուհուն ներման խնդրանքով: Այնտեղ ընդամենը 2 դատապարտյալ կա, ովքեր 20 տարուց ավելի կրում են իրենց պատիժը: Այսինքն` ներում հասկացությունը սովորական երևույթ է: Հայաստանում անցյալ տարի 6 ցմահ դատապարտյալ է ներման խնդրագիր գրել նախագահին, սակայն այդ խնդրագրերից որևէ մեկը չի բավարարվել: Ցմահ դատապարտյալներին ներելու նախադեպ Հայաստանում չկա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել