
Երբ միայն «դուբինկայով» են խոսում
Օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը Հայաստանում ներդնելու է «դպրոցական ոստիկանների» ինստիտուտը: Ու թեև դպրոցներում օրինականության հաստատման և աշակերտական ծեծկռտուքների դեմ պայքարը, կարծես, պետք է ողջունելի լիներ, եկեք նայենք «մեդալի հակառակ կողմին»:
Տղամարդիկ դպրոցում… հավաքարարի աշխատավարձով
Կրթության և գիտության նախարար Աշոտյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանները դպրոցներում կրելու են նաև տղա աշակերտների համար «ավագ ընկերոջ» պարտականությունները, քանի որ դպրոցներում տղամարդ ուսուցիչների լուրջ դեֆիցիտ կա:
Բազմաթիվ ուսումնասիրություններ արդեն վաղուց ապացուցել են, որ ցանկալի է, որ դպրոցներում ուսուցիչների կեսը լինեն կանայք, կեսը՝ տղամարդիկ… Դա ապահովում է երեխաների աշխարհայացքային և գաղափարական զարգացման բազմակողմանիությունն ու հավասարակշռվածությունը:
Սակայն Հայաստանում դա այդպես չէ: Մոտավոր հաշվարկով, ուսուցիչների մոտ 90 տոկոսը կանայք են: Եվ դրա պատճառն այն է, որ ուսուցչի աշխատավարձն այնքան ցածր է, որ Հայաստանում ցանկացած կրթված տղամարդ կարող է դրանից ավելի լավ աշխատանք գտնել:
Աշխատավարձերի չափը, որ ավելի նման է ոչ թե երեխաներին կրթություն տվողի, այլ հավաքարարի (ամենացածրը նրանց աշխատավարձն է) ռոճիկին, դպրոցներում է թողնում միայն հատուկենտ տղամարդկանց, ովքեր դասավանդում են միայն այն պատճառով, որ դրանից հաճույք են ստանում… Թեև, ինչպես ռուսներն են ասում՝ «դա հացի վրա չես քսի»:
Եվ ահա, այդ խնդիրը լուծելու համար հայրենի կառավարությունը ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն դպրոց է բերում ոստիկանների, որոնք պետք է «ավագ ընկեր» լինեն տղաներին:
Արդյունքում, մեր երկրում դպրոցական տղաներին ավագ ընկեր կլինեն ոչ թե կրթությանը նվիրված ուսուցիչները, այլ հանցագործների հետ շփմանը սովոր ոստիկանները` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Սերիալներից էլ բողոքող չկա
Ոստիկաններն անձինք են, ովքեր (ոչ միայն Հայաստանում) սովորաբար այդքան էլ չեն կիսում ժողովրդավարության արժեքները, մարդու իրավունքների անվերապահ գերակայության սկզբունքը և այլն: … Այլ բառերով ասած, ոստիկանները, ընդհանուր առմամբ, սովոր են գործել մահակով:
Ու դպրոցականներին կրթության նկատմամբ սեր և իրար հետ ծեծուջարդ չանելու դաստիարակություն սերմանող տղամարդ ուսուցիչների փոխարեն դպրոցներ կբերեն ոստիկանների, ովքեր ոչ միայն մահակով (մահակի սպառնալիքով) կլուծեն ծեծկռտուքների հարցը, այլև կսերմանեն սեր բիրտ ուժի և «ոստիկանական» արժեքների նկատմամբ:
Ու թեև Արմեն Աշոտյանը պնդում է, որ դեռ որևէ ծնող չի բողոքել դպրոցական ոստիկաններից, հարկ է նկատել, որ համարյա որևէ հեռուստադիտող չի բողոքել ազգին բթացնող սերիալներից , կամ դրանց մատուցած արժեհամակարգից: … Պարզապես, ազգի մի մասը նայում ու բթանում է, իսկ մի մասը չի նայում:
Ճիշտ նույն բանն էլ կլինի դպրոցներում: Աշակերտների մի մասը լուրջ չի ընդունի ոստիկաններին և կմնա, ինչպիսին որ կա, իսկ մյուս մասը կսկսի կրել ոստիկանական արժեքները, որոնք շատ հեռու են կրթության ոլորտի արժեքներից:
Իրական պատճառները
Ու թեև ակնհայտ է, որ նման արժեհամակարգերի սերմանումը դեռ «բարուրում» ձեռք է տալիս գործող իշխանություններին, հարկ է նկատել ջրի երես դուրս եկող մի էական խնդիր` աշխատավարձերի հարաբերական չափերը:
Մենք շուտով կանդրադառնանք այդ թեմային, սակայն այժմ նշենք, որ մեր երկրում ոստիկանը ստանում է ուսուցչից միջինում 1,5-2 անգամ բարձր աշխատավարձ, ինչը վկայում է այն մասին, որ ոստիկանի դերը մեր երկրում ուսուցչի դերից երկու անգամ ավել է կարևորվում:
Մեկնաբանել