
Դեպի Հայաստան դրամական փոխանցումները հունվարին շարունակել են աճել
Ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահմանից Հայաստան հունվարին դեռ պահպանել են աճի միտումը: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման՝ հունվարին Հայաստան է փոխանցվել 122 մլն դոլար, դուրս հանվել՝ 54 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ դեպի Հայաստան փոխանցումներն աճել են մոտ 10 մլն դոլարով, իսկ արտահոսքը նվազել է մոտ 5 մլն դոլարով:
Ռուսաստանը շարունակում է մնալ դրամային փոխանցումների հիմնական աղբյուրը՝ ընդհանուրի մեջ մոտ 71%, նախորդ տարվա 61%-ի համեմատ; Հունվարին Ռուսաստանում արձանագրված ռուբլու արժեզրկումը դեռ էական ազդեցություն չի թողել այդ երկրից փոխանցումների մակարդակի վրա: Այդ ազդեցություններն ամենայն հավանականությամբ ի հայտ կգան մարտից, երբ սկսվում է արտագնա աշխատանքի մեկնողների զանգվածային հոսքը: Մարտի դրությամբ ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմում է մոտ 16%, այնինչ Ռուսաստանում աշխատավարձերի աճ չի արձանագրվում: Գործնականում չի սպասվում, որ արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները ռուբլով կավելանան, հետևաբար՝ նրանց բոլոր խնայողությունները դոլարի վերահաշվարկի դեպքում զգալի կարժեզրկվեն: Ավելին՝ եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ձգձգվի ու ընթանա վատագույն սցենարով, ապա Ռուսաստանում կարող են կրճատվել ներքին ներդրումները, ինչպես բիզնեսի, այնպես էլ պետության կողմից; Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում կնվազի միգրանտների նկատմամբ պահանջարկը: Գաղտնիք չէ, որ հայ միգրանտները Ռուսաստանում առավել մեծ չափով ներգրավված են շինարարական աշխատանքներում ու բեռնափոխադրումների ոլորտում, ու հենց այս երկու ոլորտներն էլ առավել խոցելի են ճգնաժամերի հանդեպ:
Ի դեպ՝ ուկրաինական ճգնաժամն արդեն սկսել է ազդեցություն թողնել միջազգային շուկաների վրա, որոնք առաջիկայում կզգացվեն նաև Հայաստանում: Խոսքը վերաբերում է պարենի թանկացմանը: Տարեսկզբից միջազգային շուկայում տեղի է ունեցել պարենի գների մոտ 3% աճ գրեթե բոլոր ուղղություններով՝ հացահատիկ, շաքարավազ, կաթնամթերք; Ուկրաինական իրադարձությունները կարող են ուղղակի ազդել հացահատիկայինների գների վրա՝ ինչպես ցորենի, այնպես էլ եգիպտացորենի: Որոշ վերլուծաբաններ սպասում են նույնիսկ ցորենի 50% գնաճ, եթե ուկրաինական սցենարն ավելի բարդանա: Մտավախություններ կան, որ Ուկրաինան ցորեն արտահանող երկրից կվերածվի ցորեն ներկրող երկրի:
Նշենք, որ Ուկրաինայից այս տարվա հունվարին Հայաստան է փոխանցվել 1.1 մլն դոլար, մոտավորապես այդքան էլ Հայաստանից է փոխանցվել Ուկրաինա; Տնտեսական առումով Ուկրաինան Հայաստանի համար էական գործընկեր չի հանդիսանում, ուստի այդ երկրից շոկեր չեն սպասվում: Հայաստանի հիմնական ռիսկերը կապված են այն զարգացումների հետ, որ տեղի կունենան Ռուսաստանում: Առայժմ սպասվում է տրանսֆերտների նվազում և ներդրումային ծրագրերի կրճատում, սակայն հնարաավոր են նաև արտահանման ծավալների վրա ազդեցություններ, ինչն արդեն կհարվածի տեղական արտադրողներին:
Մեկնաբանել