
Ջհուդը
- Հետո էլ կախեցին, ոտքերը` վերև, գլուխը` ներքև:
Այդպես շարունակվեց ջհուդների մասին հերթական պատմությունը, որ արդեն մեկ ամիս էր` 12-14 տարեկան տղաների ոչ մեծ խմբի զրույցների հիմնական թեման էր: Բոլոր այդ պատմությունները նույնպիսի սկիզբ ու ավարտ ունեին և տարբերվում էին միայն մանրամասներում: «Արյունածուծ ջհուդները գողանում են փոքրիկ երեխաներին, նրանց տանջամահ անում, հետո արյունից օճառ սարքում` վաճառելով դրանք շուկաներում»,- սա էր հիմնական սյուժեն: Այդ պատմությունները հորինողների անունները հայտնի չեն: Ծնողները սիրում են երեխաներին վախեցնել չար վհուկներով, կծան շներով կամ «բոբոներով»՝ առանց գիտակցելու, թե ինչ խոր հետք կարող են թողնել երեխայի ներաշխարհում: Անցյալ դարի 80-ական թվականներն էին, երբ հզոր խորհրդային քարոզչամեքենան հերթական ալիքն էր բարձրացրել ընդդեմ ամերիկյան իմպերիալիզմի ու նրանց հետ համագործակցող իսրայելական սիոնիզմի: Հայկական ու նաև Խորհրդային միության բազմաթիվ ազգերի ընտանիքներում ժամանակ առ ժամանակ կարելի էր լսել հետևյալ բացականչությունները. «այդ ջհուդներին տեսնում ե՞ս», կամ՝ «ջհուդներից ամեն ինչ սպասելի է», «ջհուդներին պետք է կախել» և այլն: «Ջհուդ» անվանում էին հրեաներին՝ համեմատելով նրանց դավաճան Հուդայի հետ: Այդ հզոր քարոզչությունը ներխուժում էր ցանկացած ընտանիք, ցանկացած դպրոց ու մանկապարտեզ, ու երեխաների չհասունացած ուղեղում վերածվում ահասարսուռ պատմությունների:
Այդ օրն իր պատմությունն էր հրամցնում Արամը, ով տարիքով ամենամեծն էր և ամենաքաջատեղյակը Երևանի գիշերային անցուդարձին: Նա զարմանալի գունագեղությամբ, բաց չթողնելով ոչ մի կարևոր մանրամասն, կարծես անձամբ ականատես է եղել` նկարագրում էր մի փոքրիկ տղայի ու նրա քրոջ տվայտանքները: Թե ինչպես երկու պառավ ջհուդներ հետևել են միամիտ և ոչինչ չկասկածող մանուկներին, ծամոնով ու կոնֆետով շահել նրանց համակրանքն ու վստահությունը: Հետո մի երեկոյան ջհուդներից մեկը կտրել է նրանց ճանապարհը և խեղճ ձևանալով՝ խնդրել ուղեկցել մինչև իր տնակը, այնուհետև երեխաներին փակել պահարանում, երկու օր սոված պահել:
Այդ պատմությունը պատմվում էր օրվա այն պահին, երբ դժվար է ճշտորեն ասել` դա երեկոյի վերջն է՞, թե՞ գիշերվա սկիզբը: Տղաների խումբը տեղավորված էր Երևանի կենտրոնի բակերից մեկում, դեռևս դարասկզբին կառուցված և զուտ պատահականության շնորհիվ չքանդված միհարկանի տների կույտի հենց կենտրոնում, անտանիք, կիսաքանդ պատերով և ոչ մեկին չպատկանող մի շինությունում: Դա նրանց առանձնանալու սիրված վայրերից էր, հատկապես բակային խաղերից հոգնելուց հետո: Դեռ 10-15 տարի առաջ այդ նեղլիկ նրբանցքներում մութն ընկնելուց հետո օտար որևէ մեկը, նույնիսկ` ատրճանակով զինված միլիցիոները միայնակ չէր համարձակվի մուտք գործել, քանի որ դրանք հայտնի էին որպես քրեական որջատեղեր: Նրբանցքների բնակիչները, որ հիմնականում ուղղամիտ և պարզամիտ մարդիկ էին, առանձնապես ժամանակ չէին ծախսում օրենքներ ուսումնասիրելու վրա և ոչ մի հարգանք չէին տածում օրենքի ներկայացուցիչների հանդեպ, քանի որ վերջիններիս էլ օրենքի գիտակ չէին համարում: Բայց 70-ականների բուռն շինարարությունն ավիրեց հին Երևանը՝ միհարկանիների փոխարեն վեր բարձրացնելով պատշաճ հեռավորության վրա գտնվող բազմահարկերը: Փոխվեց ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը, այլև բնակիչների կենցաղն ու անգամ` մտածողությունը: Քանդվեց հին Երևանը, սպանվեց հին երևանցին: Միհարկանի տների բնակիչները քշվեցին դեպի բազմահարկեր ու խառնվեցին շրջաններից ժամանածների հետ: Հին երևանցին ուղղամիտ էր, հարևանասեր, ջիգյարով ու մի քիչ կրիմինալ (գողական): Նոր երևանցին գերադասում էր սուրճի բաժակը, բամբասանքն ու ծածկամտությունը: Բոլորը զբաղված էին իրենց եկամուտները թաքցնելով ու այդ թաքցրած եկամուտների հաշվին բնակարանները հարդարելով: Մարդիկ մի կողմից պետք է ձևանային, որ կոմունիստական կուսակցության հավատարիմ հպատակներ էին, մյուս կողմից պետք է կողոպտեին պետությանը, հետո պետք է օգնեին բացահայտել ուրիշների կողուպուտը: Քաղքենիական մշակույթն աստիճանաբար խորն արմատներ էր ձգում երևանյան կենցաղում: Այդ պայմաններում 80-ական թվականներին ձևավորվում էր նոր սերունդը՝ անորոշ խարխափելով ջհուդների, պայծառ ապագայի, գողականի ու տարօրինակ իրողությունների արանքներում:
Հուլիսյան շոգ օրերից մեկն էր և բնակարաններում տիրող տապի պատճառով մայրերն այնքան էլ չէին հակադրվում երեխաների ուշժամյա դեգերումներին: Վերջիններիս ձեռք բերած բաղձալի ազատությունը մթագնվում էր միայն ջհուդների մասին սարսռեցնող պատմություններով: Տղաներն իրարից աննկատ ավելի միմյանց մոտեցել էին: Քար լռությունը վկայում էր ճնշող վախի, իսկ լարված դեմքերը` պատմության ավարտն իմանալու անհամբերության մասին: Արամը մի պահ դադար տվեց` պատրաստվելով կպցնել սիգարետը: Նա սովորություն ուներ սիգարետը կպցնել վառվող թերթի միջոցով, այդպես մեծ ազդեցություն էր թողնում հասակակիցների վրա: Բայց մինչ սիգարետը կկպցներ՝ քարացավ ու չռված աչքերն ուղղեց դիմացի պատը: Մի քանի զույգ անհանգիստ աչքեր մեքենաբար ևս ուղղվեցին այդ կողմը: Պատի բացվածքում անշարժացել էր սև գլխաշորով փաթաթված ծեր կնոջ մի դեմք: Այդ դեմքը կարծես թե ժպտում էր, բայց տղաներին դա վհուկի քմծիծաղ թվաց: Երկու-երեք վայրկյան անց դեմքը չքացավ, բայց խավարին մատնեց հեռացող ոտնաձայնը:
Առաջինը ուշքի եկավ Գարինչա մականունով կարճահասակ ու վտիտ կազմվածքով տղան: Իր այդ մականունը ստացել էր լավ ֆուտբոլ խաղալու և վազել չսիրելու պատճառով՝ անընդհատ կաղ ձևանալու սովորության շնորհիվ:
- Ջհուդ էր, տեսնես ի՞նչ էր ուզում, - կարողացավ ի վերջո բացականչել նա` ոտքի ցատկելով: Սակայն բոլորին էլ պարզից էլ պարզ էր, թե ջհուդը ի՞նչ պետք է ուզեր: Բայց վախն արդեն սարսափ էր դարձել, ուստի հերթական խոսքը, որ Արթուրինն էր, հնչեց հետևյալ կերպ. «Ես գնացի տուն»: Նրա տունը մի քանի մետր այն կողմ էր, և տղաները քաջ գիտեին, որ նա այնտեղ կընկնի պատերի վրայից ցատկելով:
- Դե ուզում եք, դուք էլ եկեք, - կարծես ամաչեց նա: Բայց մնացածին այդ հեռանկարը չոգևորեց: Նրանք բոլորն էլ այդ պահին իսկապես ցանկանում էին տուն վերադառնալ, որքան շուտ, այնքան` լավ: Բայց նախ հարկավոր էր նրբանցքից դուրս գալ, իսկ այնտեղ երևի որևէ դարան է պատրաստված, երկմտում էին նրանք:
Տղաներից մեկը, որի անունն էր Սահակ, և որ վերջերս «քաչալ» մականունն էր ստացել, քանի որ, հակառակ ընդունված կարծիքի, համարձակվել էր մազերը լրիվ խուզել, վճռականորեն ոտքի ցատկեց ու քայլ արեց դեպի մուտքը: Նա սուսերամարտով էր մարզվում և հիշեց մարզչի խորհուրդը. հակառակորդին հաղթելու համար առնվազն պետք է նրանից չվախենալ: Աջ ձեռքի կտրուկ շարժումով, որ սովոր էր արդեն սուսերի հաջող խոցումներ կատարել, նա հաստատուն քայլերով ուղղվեց դեպի մուտքը: Գարինչան անմիջապես հետևեց նրան, ամենավերջինը դուրս եկավ Արամը, որ իր համար էլ անսպասելի ամենաշատն էր վախեցել: Նա հասցրեց փայտի մի կտոր գտնել: Խումբը արագ քայլքով դուրս եկավ նրբանցքից և կանգ առավ բազմահարկ շենքին հարող ասֆալտապատ հրապարակում: Առաջինը «ջհուդին» նկատեց Գարինչան և անմիջապես իր կազմվածքին անհամապատասխան մի ոռնոց արձակեց: Մոտակա մայթին կանգնած էր ցածրահասակ, նիհարավուն, ամբողջովին սև հագած և թեթևակի կռացած մի ծեր կին: Արագ սլացող մեքենայի անցնելուց հետո նա դանդաղ քայլերով հատեց փողոցը: Նրա ճանապարհն անցնում էր մի քանի սաղարթավոր ծառերով ծածկված ոչ մեծ տարածքով, որտեղ սովորաբար օրվա ընթացքում պատսպարվում էին նարդու կամ շախմատի աղմկոտ մրցամարտերի սիրահարները: Հենց այդտեղ էլ խումբը շրջապատեց ծեր կնոջը: Կինը կանգ առավ, նրա զարմացած աչքերում կարելի էր ժպիտի նշաններ գտնել, բայց դրան խանգարում էր մթությունը: Տղաները մի կես րոպե դադար տվեցին, չարությամբ լցված պտտվեցին կնոջ շուրջը, հարմար դիրքեր ընտրեցին և սպասեցին, թե երբ է խեթ-խեթ հետ նայող պատահական անցորդը չքանալու մոտակա մուտքում: Դրան անմիջապես հետևեց բռունցքների և ոտքերի մի քանի հարված: Ծեր կինը չոքեց: Հեշտությամբ տրված հաղթանակին հետևեցին ինքնագոհ բացականչություններ: Կնոջ թիկունքում վեր բարձրացավ փայտը բռնած Արամի ձեռքը: Նա արդեն որոշել էր, որ «ջհուդին» կստիպի խոստովանել, թե որտեղ ե՞ն գտնվում գողացված երեխաները, ինչ-որ կերպ պետք էր փրկել նաև ընկած հեղինակությունը: Ծեր կնոջ կախ ընկած գլուխն այդ պահին հասցրել էր ուղղվել, ու անորոշ նայելով իր դիմաց ու կարծես ոչ մեկին էլ չդիմելով, արտաբերեց.
- Ինչի՞ համար, բալես:
Դա ցավից բխող ճիչ չէր, ոչ էլ խեղճացած բացականչություն, դրանում խնդրանք չկար: Դա առ արդարությունն ու ճակատագիրն ուղղված հարց էր, և տղաների դեռևս չառնականացված գիտակցությունը դա ընկալեց:
- Սպասիր, - Քաչալի ձեռքը հասցրեց կանխել փայտի հարվածը: Շփոթվածությունը ստիպեց տղաներին մի փոքր հեռանալ: Բացահայտման ենթակա որևէ չարությունից հետո նրանք սովոր էին ճարպկորեն ծլկելու, որ հետո պարծենան, բայց առաջին անգամ էին բախվում հոգեկան այն վիճակի հետ, որ կոչվում է զղջում: Ծեր կինը վեր կենալու փորձեր էր կատարում և տղաներից մեկը վարանոտ շարժումներով փորձեց օգնել նրան, ի պատասխան լսելով ծանրորեն արտաբերվող շնորհակալությունը ...
- Այս ի՞նչ է պատահել, - մթությունը ճեղքեց կանացի բարակ և անհանգիստ մի ձայն: Դրան հետևեց մոտ քսանամյա աղջկա հայտնությունը: Նրա անունը Ռուզան էր, դպրոցի կոմերիտական քարտուղարը: Գանգրահեր մազերով, փոքր ինչ լիքը կազմվածքով, սպիտակամաշկ, դեմքի նուրբ դիմագծերով, բայց կոմերիտականին վայել խիստ հայացքով աղջիկը քաջ հայտնի էր թաղամասի բոլոր տղաներին և աղջիկներին: Իր առանձնահատուկ տակտի շնորհիվ որոշ դեր էր խաղում դպրոցահասակ տղաների և աղջիկների միջև հարաբերություններում: Փոքրիկ աղջիկները չափն անցած տղաներից բողոքելու համար ավելի հաճախ դիմում էին Ռուզանին, մայրերին կամ մեծ եղբայրներին դիմելու փոխարեն: Աղջիկը երբեք ձայնը չէր բարձրացնում, խրատներ չէր կարդում, «չի կարելի»-ով նախադասություններ չէր ասում, այլ ուղղակի և պարզորեն դիմում էր «հանցավորին»՝ երբեմն համեմելով այն արտահայտիչ ժպիտով, երբեմն` խիստ ու հարցական հայացքով: Նրա շարժուձևում բացակայում էր որևէ ավելորդ ժեստ կամ ձգտում կոկետության: Բոլորին հայտնի էր նաև, որ պատշաճ հեռավորության վրա է պահում իր երկրպագուներին, որ տղաներին նրա հանդեպ լրացուցիչ հարգանք էր հաղորդում, մասամբ այն պատճառով, որ աղոտ պատկերացում ունեին սիրո և սեքսի մասին: Աղջիկը որոշ չափով ուսումնասիրել էր բակի տղաների բնավորությունները, և երկրորդ հարկի իր պատուհանից դիտելով նրանց խմբային վազքը, ու բացականչություններից հասկանալով, որ հետևում են փողոցն անցնող ծեր կնոջը, անմիջապես դուրս էր շտապել:
Ինչպես վայել է կոմերիտմիության քարտուղարին՝ Ռուզանն օգնեց կնոջը վեր կենալ, իմացավ հասցեն ու ուղեկցեց տուն: Տղաները չհամարձակվեցին հետևել, բայց սպասեցին, մինչ աղջիկը կվերադանար. ջհուդի վարկածը լիովին դուրս չէր եկել նրանց գլուխներից: Նրանց հարկ եղավ սպասել մոտ տասնհինգ րոպե: Ռուզանը նորից հայտնվեց այն պահին, երբ նրանք քննարկում էին, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով: Իրեն հատուկ հավաքվածությամբ աղջիկը մի պահ կանգ առավ և գլխի շարժումով կարծես հասկացրեց, որ գնահատում է նվիրվածությունը:
- Վաղը կխոսենք, - ասաց նա ու առանց սպասելու արձագանքին` ուղղվեց դեպի տուն: Նա երբեք երեխաներին նկատողություն չէր անում ուշ ժամին տուն չգնալու համար:
XXX
Սակայն հաջորդ օրը Գարինչայենց բնակարանում հայտնվեց անչափահասների գծով թաղային տեսուչը: Այդ պահին այնտեղ էր գտնվում նաև Քաչալը: Անչափահասների գծով թաղային տեսուչի հաստիքը նորություն էր խորհրդային միլիցիայում: Այն ի հայտ եկավ մանկական հանցագործության աճի հետ մեկտեղ: Այդ տեսուչներին հանձնարարվում էր կանխել հանցագործություններն անչափահասների շրջանում, առնվազն՝ առավել ակտիվներին հսկողության տակ առնել: Այդ պաշտոնում նշանակվում էին որպես կանոն անհաջողակները՝ միլիցիայի ներսում անչափահասների տեսուչներին արհամարհանքով էին վերաբերում: Տեսուչներն իրենք էլ անչափահասների նկատմամբ որևէ հարգանք չէին տածում, ու որպես կանոն՝ փորձում էին իշխանության նկատմամբ վախ ներշնչել արդեն փոքր տարիքից: «Կարգազանց» անչափահասներին վերաբերում էին շատ կոպիտ, չէին խորշում հայհոյելուց կամ ֆիզիկական ուժ գործադրելուց:
Երեխաներին այցելած թաղային տեսուչի ազգանունը Սարգսյան էր: Կարճահասակ, դուրս ընկած փորով, զգուշավոր և խորամանկ հայացքով անձնավորություն էր, բոլոր անչափահասներին դիտարկում էր որպես գլխացավանքի աղբյուր, և նրանց նկատմամբ վերաբերմունքը որոշում էր ծնողների դիրքից և պաշտոնից ելնելով: Նրան արդեն հայտնի էր գիշերվա կատարվածը, ինչ որ մեկը հայտնել էր և անգամ ճանաչել հենց այս երկուսին: Պարզ չէր սակայն, թե ով է եղել ծեծվողը՝ օրվա առաջին կեսին հայտարարություն և բողոք չէր ներկայացվել: Նա որոշել էր այցելությունը կատարել ցերեկը՝ երբ հայրերը աշխատանքից վերադարձած չեն լինի: Հարկավոր էր նախ հասկանալ դեպքի լրջությունը: Պետք է նաև այդ լակոտներին փոքր ինչ սաստել: Եթե այդ տղաները իսկապես էլ ծեր կնոջ են ծեծել, մտածում էր նա, կարելի է նաև գործ հարուցել, իսկ եթե ծնողները չեն ուզում, իսկ նրանք դա չեն ուզի, կարելի է նաև գումար աշխատել:
Որքան էլ տեսուչը ձգտեց քաղաքավարի երևալ՝ տղաները և Գարինչայի մայրը մի կարգին վախեցան: Վերջինս անմիջապես կանչեց նաև Քաչալի մորը: Սակայն երեխաներին բաժին տանելու ակնարկը մայրերին բարկացրեց: Ինչի՞ տեղ է իրեն դնում այդ տեսուչը, իրենք էլ ծանոթություն ունեն, հո որբ չեն մեծացնո՞ւմ: Տեսուչը մտածեց, որ ավելի լավ է տղաներին ուշ ժամին բռնացնի խմբով թափառելիս ու բաժին տանի՝ այնտեղ ստիպված կխոստովանեն: Նա իբր հոգատարությամբ ծնողներին առաջարկեց երեկոյան ժամը իննից հետո երեխաներին դրսում չթողնել: Մայրերը համաձայնեցին և խստությամբ շրջվեցին դեպի երեխաները:
- Լսեցի՞ք, որ ժամը իննին տանը լինեք:
Տղաները սովոր էին այդ կարգի պահանջները շրջանցել՝ ժամը ինը պահմտոցի խաղալու ամենահարմար ժամն է: Ուստի Գարինչան չդիմացավ.
- Հա, բայց բան չենք արել, ուզո՞ւմ եք Ռուզանից հարցրեք:
- Ի՞նչ Ռուզան, - զգուշորեն հարցրեց տեսուչը:
- Առաջին մուտքից, երկրորդ հարկում է ապրում, - Գարինչան վստահ էր Ռուզանի օգնության վրա:
Տեսուչը թեթևացած շունչ քաշեց: Նա անձամբ ճանաչում է Ռուզանի հորը, որ դատախազության աշխատակից է, համոզված էր, որ աղջիկը ճշմարտությունը չի թաքցնի: Նա, առանց ցտեսություն ասելու, նորից հանդիպելու անորոշ ակնարկով դուրս եկավ բնակարանից: Քիչ անց զանգահարեց դատախազություն: Ռուզանի հայրը խոստացավ անձամբ աղջկանից իմանալ եղելությունը և նրան բանավոր տեղյակ պահել: Եվ, իսկապես, հաջորդ օրը նա տեսուչին հայտնեց կնոջ հասցեն, անունը, սակայն ինչ վերաբերում է ծեծին` ոչինչ ասել չի կարող:
XXX
Տեսուչը չուշացրեց իր այցելությունը ծեր կնոջը՝ Մարիամ Ավետիսյանին: Նա արդեն տեղյակ էր, որ կինն ապրում է միայնակ և որ նրա երկու որդիները մի քանի տարի առաջ հեռացել են ԱՄՆ: Սա արդեն փոխում էր իրավիճակը, ցանկության դեպքում՝ կարելի է կնոջը մեղավոր ճանաչել; Երկու «դավաճան» որդիներ մեծացրած կինը հաստատ արժանի է հանրության վատ վերաբերմունքին, և ինչո՞ւ հայրենի միլիցիան պետք է նրանց պաշտպանի: Բայց մինչ այդ պետք է գործ «շինել»: Միլիցիայի փորձառու տեսուչին դա հաջողեց առանց դժվարության: Նա նախ վախեցրեց ծեր ու միայնակ կնոջը՝ հանցագործությունը պարփակելու հետևանքները թվարկելով, հետո ցուցմունք կորզեց՝ ծեծի մասին: Ճիշտ է՝ Մարիամ տատիկը խոստովանեց, որ ինքն էլ մեղավոր է, մթության քողի տալ հետևել է երեխաներին՝ իր թոռների կարոտն է քաշել; «Երևի վախեցրի նրանց»,- կրկմաց ծեր կինը: Բաց տեսուչին դա չէր հետաքրքրում: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր: Կրկին այցելեց երեխաների ծնողներին, նրանց էլ վախեցրեց երեխաներին անչափահասների գաղութ կամ միլիցիային հատուկ հսկողության տակ վերցնելու հեռանկարով, ու մի կլորիկ գումար ստացավ՝ գործը կարճելու պայմանով;
Ամառային շոգերը կարծես անտարբեր էին տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Երևանի կենտրոնում այդ շոգին անձնատուր եղած թաղերից մեկում ոչ մի կարևոր բան էլ տեղի չէր ունենում: Տղաների խումբը, որ այդքան անհագստություն էր պատճառել մեծահասակներին, շարունակում էր իր սովորական, հիմնականում խաղային առօրյան: Նրանք նաև ժամանակ առ ժամանակ այցելում էին ծեր կնոջը: Նրանք այլևս ջհուդների մասին պատմություններ չէին պատմում, ոչ էլ հավատում էին խորհրդային քարոզչամեքենային՝ կոմունիզմի, սոցիալիզմի, արդարության ու օրինականության մասին: Միլիցիայի տեսուչը «բացել էր» նրանց մանկական աչքերը, որոնք արդեն կյանքին այլ հայացքով էին նայում: Այդ հայացքները հետագայում կբռունցքվեն ու կխորտակեն երբեմնի հզոր կայսրությունը...
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել