
Հայաստան-Ուկրաինա՝ տնտեսական կապեր
Ուկրաինայի ու Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ըստ պատմական աղբյուրների՝ Լվովում առաջին բանկերը հիմնել են հայերը, որոնք այնքան նպաստավոր պայմաններով են վարկավորել տեղի առևտրականներին, որ միջին դարերում մեծապես նպաստել են Լվովի ու շրջակա տարածքների տնտեսական զարգացմանը: Սակայն ներկայում Հայաստանի ու Ուկրաինայի միջև տնտեսական կապերն այնքան էլ աշխույժ չեն: 2013թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 240 մլն դոլար, որը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4,1%-ն է: Մեր առևտրի հաշվեկշիռը բացասական է 210 մլն դոլարով, այսինքն՝ շատ քիչ արտահանում ունենք, հիմնականում ներմուծումներ ենք իրականացնում:
Դեպի Ուկրաինա արտահանման մեջ գերիշխում է հայկական կոնյակը՝ տարեկան մոտ 9-10 մլն դոլարի չափով: Գործնականում որևէ այլ ապրանքատեսակ ուկրաինական շուկայում լրջորեն ներկայացված չէ: Թերևս կարելի է նշել նաև խեցգետնակերպերի արտահանումը՝ տարեկան մոտ 1 մլն դոլարի չափով: Ուկրաինացիներն այս կերակրատեսակի հանդեպ առանձնահատուկ թուլություն ունեն, սակայն հայկական արտահանողներն այնքան էլ հաստատուն քայլեր չեն իրականացնում այս ուղղղությամբ:
Իսկ ահա Ուկրաինայից ներմուծումներն ավելի բազմազան են: Ընդ որում՝ ներմուծումների կառուցվածքն այնպիսին է, որ ուկրաինական ապրանքները սուր մրցակցության մեջ են տեղական արտադրողների հետ: Թիվ մեկ ապրանքային հոդվածը սիգարետներն են՝ 2013թ. ներկրել ենք մոտ 2 մլն հատ սիգարետ 35 մլն դոլար մաքսային արեքով: Սա հիմնականում կապված է «Ֆիլիպ մորիս Արմենիա» ընկերության գործունեության հետ: Երկրորդ տեղում պողպատյա գլանվածքներն են՝ մոտ 14 մլն դոլարի չափով (հիմնական ներկրող՝ «Միկմետալ»): Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է շոկոլադը՝ մոտ 10,7 մլն դոլար: Այստեղ նշանակալի են «Մեգաֆուդ» և «Սովռանո» ընկերությունների ավանդը:
Ուկրիանայից նաև մեծ քանակությամբ ձեթ ենք ներկրում՝ տարեկա մոտ 10 մլն դոլարի չափով, ընդ որում՝ Հայաստան ներկրվող ձեթի մեկ երրորդը հենց Ուկրաինայից է:
Ներմուծում ենք նաև մեծ քանակությամբ եգիպտացորեն, խտացրած կաթ և կաթի փոշի, մարգարին եւ վագոններ:
Մեկնաբանել