
Պոչանքները կրկին հոսում են Դեբեդ
Այսօր ժամը 18:00-ից հետո Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական պոչանքները Մեծ Այրում գնացող ճանապարհի եզրին գտնվող փոքրիկ պոչամբարի խողովակներից մեկով թափվում էին հարակից ձորը: Պոչանքները Ախթալայի Բարիտ թաղամաս գնացող ճանապարհաեզրով հոսելով` երկաթգծի կամրջի տակ խառնվում էին Ախթալա գետակի ջրերին և լցվում Դեբեդ գետը: Պոչանքների հոսքերն աննախադեպ էին:
Ակնհայտ է, որ Ճոճկանի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը դեռ չի գործում: Չնայած մեր նախկին հարցումների ժամանակ կոմբինատի տնօրինությունը հավաստիացնում էր, թե Ճոճկանի պոչամբարում ամեն ինչ կարգին է, բայց կոմբինատը, սովորության համաձայն, մութն ընկնելուց հետո պոչանքներն ուղղում է դեպի Դեբեդ: Այսօր այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել լեռնահարստացման կոմբինատի ղեկավարների հետ:
Դեբեդ թափվող պոչանքային հոսքերի մասին տեղեկացրինք Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին: Վերջինս որոշ ժամանակ հետո հեռախոսով մեզ տեղեկացրեց, թե դիսպետչերից պարզել է, որ ԼՀԿ-ում այս պահին արտադրական վթար տեղի չի ունեցել: Մեր նկարահանումները հակառակն են ապացուցում:
Հիշեցնենք, որ արդեն 4 ամսից ավելի է` ԼՀԿ -ն կառավարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել